HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերմնաբուծության ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել սերմնաբուծության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են գյուղատնտեսության նախարարը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք։ Ներկա են եղել նաև ՌԴ «Սեմենա» ասոցիացիայի նախագահ Իվան Կուզմինը ու «Սեմենա Ստավրոպոլյա» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգորի Դոնցովը, ովքեր կարևոր դեր են ունեցել ՌԴ-ից սերմերի ներկրումը ժամանակին ապահովելու գործում։ Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է վերհանել առկա խնդիրները և հասկանալ մարզերում ստեղծված իրավիճակը` ինչպես է բաշխվել ՌԴ-ից ներմուծված սերմը։ Անդրադառնալով սերմնաբուծության ծրագրի իրականացմանն առնչվող հիմնական հարցադրումներին և խոսելով ՀՀ կառավարության հաստատած ռազմավարության առաջնահերթություններից` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Այս ծրագիրը գյուղատնտեսական ֆերմաներին օգնության ծրագիր չէ, այլ սերմնաբուծության վերականգնման ծրագիր, այսինքն` մենք պետք է գործ ունենանք այն տնտեսությունների հետ, որոնք երկարաժամկետ համագործակցելու են պետության հետ և մասնագիտանալու են սերմնաբուծության բնագավառում։ Սա նշանակում է` մարդիկ պետք է հետևեն հողի որակին, բոլոր տեխնիկական պահանջները կատարեն, իրենց մասնագիտական կարողություններն ավելացնեն ու մշտական վերահսկողության ներքո լինեն մեր սերմնաբուծական ֆերմաների կողմից։ Այդ համագործակցության շնորհիվ պետք է հասնենք ՀՀ պահանջարկը բավարարելու համար մեր կողմից մատնանշված տարեկան 30.000 տոննա սերմ արտադրելու թիրախային ցուցանիշին»: Այնուհետև գյուղատնտեսության նախարարի և մարզպետների կողմից ներկայացվել են տվյալներ մարզերում սերմնացուի բաշխման ու պայմանագրի կնքման հայտ ներկայացրած ֆերմերների թվի վերաբերյալ։ Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ ՌԴ-ից ժամանած հյուրերն այսօր Հայաստանի պետական ագրարային համալսարանում անցկացնելու են սեմինար ֆերմերների և սերմնաբուծարանների աշխատակացիների համար` նվիրված ՌԴ-ից ներկրված սերմի տեխնոլոգիական ճիշտ օգտագործմանը։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նման սեմինարների կազմակերպումը` նպատակաուղղված ֆերմերներին համապատասխան տեղեկատվության տրամադրմանը։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև տեղական օրգանիկ պարարտանյութերի փորձարկման պիլոտային ծրագրի մանրամասներ։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ դա կնպաստի տեղական արտադրանքի պահանջարկի մեծացմանը և հանձնարարել է մարզպետներին անձնական հսկողություն սահմանել ծրագրի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter