HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկխոսում են սպանված հովվի մարմինը Հայաստան տեղափոխելու շուրջ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) երկխոսություն է վարում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ` սեպտեմբերի 11-ին Ադրբեջանում գերեվարված և ըստ ադրբեջանական վարկածի` ինքնասպանություն գործած ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի աճյունը Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: Երբ կողմերը գան համաձայնության, ԿԽԿՄ-ն` որպես չեզոք միջնորդ, կարող է տեղափոխել աճյունը: Մանվել Սարիբեկյանը, որը հովիվ էր և մոլորվել ու հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի և ռազմական դատախազության համատեղ հայտարարության` դիվերսանտ է և հոկտեմբերի 5-ին ինքնասպանություն է գործել: Մինչդեռ երեկ ՀՀ ՊՆ-ի իր տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ երիտասարդ հովիվը կտտանքների էր ենթարկվել Ադրբեջանում, ինչը հստակ երևում է համացանցով տարածված այն տեսանյութում, որում Մանվել Սարիբեկյանն ասում է, թե, իբր, իրեն հատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ «Մանվել Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրա»,- նշել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Կենդանության օրոք ԿԽՄԿ-ն չի այցելել Մանվել Սարիբեկյանին: «Ի տարբեություն այնտեղ գտնվող մնացած անձանց, որոնց մեր կազմակերպությունը այցելում է, Մանվել Սարիբեկյանին չենք այցելել, քանի որ մինչ իր մահը դեռևս թույլտվություն չէինք ստացել իրեն այցելել»,- «Հետքին» ասաց ԿԽՄԿ Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը: ՀՀ ՊՆ-ն իր հայտարարության մեջ միջազգային կառույցների, մասնավորապես ԿԽՄԿ-ի ուշադրությունն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի դրույթները, նման սադրիչ քայլի դիմում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դաշտային գնահատման առաքելության օրերին: «Արդեն որերորդ անգամ Ադրբեջանը հանցավոր քայլերի է գնում՝ չարժանանալով միջազգային իրավասու կառույցների պարսավանքին: Հենց այդ անպատժելիության զգացողությունն է սպանել միջազգային նորմերով չպաշտպանված մեր հայրենակցին»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը «Հետքին» հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակը ԿԽՄԿ-ին ուղղված նամակ է պատաստում` Մանվել Սարիբեկյանի մարմինը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ: Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ԿԽՄԿ-ն այսպես թե այնպես զբաղվում է այդ հարցով` մամուլի քարտուղարը պատասխանեց. «Ամեն դեպքում առավելագույնը, որ կարող ենք այս պահին անել, դա է, որովհետև մեր իրավասությունների ներքո միայն Հայաստանի պատկան մարմինների իրավախախտումների վերաբերյալ գործողություններ իրականացնելն է»: Այլ երկրում ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարման վերաբերյալ գործողություններ իրականացնել կարելի է միայն տվյալ երկրի ՄԻՊ-ի հետ համագործակցելով, մինչդեռ Ադրբեջանի ՄԻՊ-ը կտրականապես հրաժարվում է Հայաստանի ՄԻՊ գրասենյակի հետ որևէ շփումից: Երբ Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր, ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակին, և վերջինը հրաժարվել է կոնտակի գնալ, ինչպես և նախորդ մյուս դեպքերի ժամանակ: «Դրա համար այլ պատկան մարմինները պետք է նման մյուս հարցերին պատասխանեն, նկատի ունեմ Արտգործնախարարությունը, ինչպես նաև Պաշտպանության նախարարությունն էլ է արդեն հայտարարություն տարածել»,- ասաց Ծովինար Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter