HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սկզբում` վարկ, հետո էլ` Սիբիր

Արմավիրի մարզի Խորոնք գյուղը մարզում հայտնի է որպես «ծիծակի գյուղ»: Գյուղացիները հիմնականում լոլիկ ու պղպեղ են մշակում, սակայն վերջին մի քանի տարիներին հիասթափվել են նաեւ իրենց միակ կերակրողից` հողից, եւ նվազեցրել մշակվող ցանքատարածությունների ծավալները: Միայն այս տարի Խորոնքում 20 հա անմշակ հող կա, որն աճի միտում ունի: Ըստ համայնքապետարանի տվյալների` տարեկան 1-3 հա-ով ավելանում է անմշակ հողերի ծավալը:

Խորոնքի գյուղապետ Սարգիս Նահապետյանն ասում է, որ մինչեւ 1996 թվականը, չնայած առկա ծանր իրավիճակին, գյուղացիները կարողանում էին առաջ գնալ, այդ տարիներին գյուղում 10 տուն է կառուցվել, իսկ վերջին տարիներին գյուղացիները նույնիսկ մեկ ավտոմեքենա քար չեն կարողանում գնել, էլ ուր մնաց` տուն կառուցեն:

«1996 թ., երբ վարկերը մտան գյուղ, գյուղացիները սկսեցին անկում ապրել: Հիմա գյուղացին շատ մեծ տոկոսով է վարկերը վերցնում` 24 տոկոս: Հող մշակելով այդ տոկոսնե՞րը տան, վա՞րկը մասնակի մարեն, թե՞ ընտանիքը պահեն, հետն էլ` պարարտանյութ, թունաքիմիկատ գնեն, վար ու ցանք անեն, ո՞ր մեկն անեն»,- ասում է Սարգիս Նահապետյանը:

Գյուղապետը հաշվարկել է, որ 2 տարի առաջ շաքարավազի մեկ պարկն արժեր 11 հազ. դրամ, իսկ այսօր այն հասել է 23 հազ. դրամի, սոլյարկան թանկացել է 5-6 հազար դրամով: «Լոլիկը 2 տարի առաջ էլ էր գյուղացին 32 դրամով հանձնում գործարաններին, այսօր էլ է 32 դրամով հանձնում, կարելի է ասել` ավելի է վատացել գյուղացու վիճակը, եթե նայում ենք պարարտանյութի, վար ու ցանքի ու ընդհանուր թանկացումների տեսանկյունից»,- ավելացնում է գյուղապետը:

Ս. Նահապետյանն ասում է, որ այսօր պոմիդորի ինքնարժեքը 50 դրամ է, մինչդեռ գործարանները  ինքնարժեքից մոտ 20 դրամ էժան են մթերում, ինչն ավելի է բարդացնում առանց այդ էլ մի կերպ ապրող գյուղացու վիճակը:

Համայնքապետի հավաստմամբ` նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի է ծանրացել գյուղացու վիճակը: «Լսած կլինեք, որ հեռուստատեսությամբ մեր ղեկավարությունը` վարչապետը, գյուղնախարարը ելույթ ունեցան, թե պարարտանյութը 7000 դրամից չի թանկանալու, բայց մի քանի օր առաջ մեր գյուղացին գիշերվա ժամը 3-ին գնացել է Էջմիածին, որ կարողանա հենց մեքենայի վրայից, առաջին ձեռքից 12.000 դրամով գնի: Գյուղացին էլ ո՞նց առաջ գնա»,- նշում է Ս. Նահապետյանը:

Ըստ նրա` գյուղատնտեսության զարգացման համար խոչընդոտ է նաեւ ոռոգման ջրի թանկ վարձավճարը: Սարգիս Նահապետյանը եւս հողագործությամբ է զբաղվում, ասում է, որ իր 1 հա առվույտը ջրելու համար տարեկան վճարում է մոտ 250.000 դրամ:

Գյուղապետի վկայությամբ` Խորոնքում բոլորը վարկ ունեն, ինքը` նույնպես: Սակայն, ի տարբերություն համագյուղացիների, ինքը կկարողանա մարել վարկի գումարը: Վարկերի պատճառով տարեկան մոտ 200 տղամարդ գյուղից մեկնում է արտագնա աշխատանքի:

«Իրոք, վիճակը վատ է, այսօր 30 դրամ է լոլիկը, մարդը չի կարողանում իր ընտանիքը, տնտեսությունը պահի, ստիպված գնում է Ռուսաստան, քանի որ այնտեղ ամիսը 1200-1300 դոլարով աշխատում են: Արտագնա աշխատանքի մեկնողների թիվը տարեց տարի շատանում է, արդեն ընտանիքներով են գնում»,- ասում է Խորոնքի գյուղապետը:

Վերջին մեկ տարվա ընթացքում գյուղում մոտ 10 տան դուռ է փակվել, ընտանիքներով արտագաղթել են, հիմնականում` Սիբիր,  Ռուսաստանի Դաշնության «Հայրենակիցներ» ծրագրով: Այն հնարավորություն է տալիս հիմնվելու Ռուսաստանի ծայրամասային բնակավայրերում` ապահովելով միանվագ 4000-8000 դոլար գումարով, աշխատանքով եւ տնով:

«Հայրենակիցներին» կարճ ժամանակում շնորհվում է նաեւ ՌԴ քաղաքացիություն: Անշուշտ, այս պայմանները գայթակղիչ են ցանկացած հայաստանցի գյուղացու համար, որոնք առավոտից աշխատելով` միայն օրվա ապրուստի խնդիր են լուծում:

Խորոնքի գյուղապետի տեղակալ Ռոբերտ Այվազյանը նույնպես վարկ է ունեցել ու ստիպված, այլ ելք չգտնելով, 3 ամիս առաջ կնոջ հետ «Հայրենակիցներ» ծրագրով մեկնել է Սիբիր` Շիմոնով գյուղ: Այնտեղ նույնպես հող է մշակում: Ռուսական հողում ցանել է Հայաստանից տարած լոլիկի ու վարունգի սերմը եւ լավ բերք է ստացել: Ռ. Այվազյանը գյուղապետի հետ հեռախոսազրույցում պատմել է, որ արդեն 2 անգամ բերք է ստացել, այն վաճառել է ու շատ գոհ է, Հայաստանի համեմատ մոտ 20-ապատիկ ավելի եկամուտ է ստացել:

Գյուղապետի ասելով` Այվազյանն այժմ հողից ստացված եկամուտն ուղարկում է Հայաստան, որ որդին փակի բանկերին ունեցած պարտք-պահանջներն ու ինքն էլ ընտանիքի հետ մեկնի ծնողների մոտ: Ռ. Այվազյանն իր մոտ է կանչել նաեւ եղբայրներին` իրենց ընտանիքների հետ` մոտ 60 հոգու: Նրանք նույնպես պատրաստվում են առաջիկա օրերին լքել Հայաստանը:

«Այվազյանը պատմում է, որ գուբերնատորը գալիս է անձամբ իր մոտ ու ասում, թե ինչով պետք է` կօգնի, միայն թե հողերը մշակեն, նույնիսկ տեխնիկա է տալիս: Շուտով նրանք քաղաքացիություն կստանան, ու աջակցությունն ավելի մեծ կլինի: Բնական է, այս ամենը լսելով` մարդիկ գնում են»,-պատմում է Սարգիս Նահապետյանը:

Վերջինս հավաստիացնում է, որ այդ առաջարկներն իրեն չեն գայթակղում եւ գյուղից վերջինը  հեռացողն ինքն է լինելու:

Մեկնաբանություններ (1)

Անժիկ Հարությունյան
Եթե այս հոդվածում Խորոնքի փոխարեն դնենք ցանկացած գյուղի անուն, ոչինչ չի փոխվի, կհամապատասխանի իրականությանը... Ցավալին այն է, որ ոչինչ չի փոխվում: Մենք համառորեն բողոքում ենք, իսկ իշխանությունը նույն համառությամբ մեզ (հասարակությանը) համոզում է, որ ամեն ինչ լավ է կամ գոնե դեպի լավն է գնում: Գուցե իրե՞նց մասին են ասում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter