HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հյուսիսային դարպասը» դեռ թղթի վրա է

«Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոնի ծրագիրը (հաստատվել է ՀՀ կառավարության անցյալ տարվա հոկտեմբերի 1-ի որոշմամբ), թեև միտված  է Լոռու մարզի Ալավերդի, Հաղբատ, Օձուն, Թումանյան, Դսեղ, Ախթալա համայնքներում տուրիզմի զարգացմանը, սակայն այդ ուղղությամբ նշյալ համայնքների մեծ մասում   որեւէ բան չի արվել:

Զբոսաշրության ընձեռնած հնարավորությունների կիրառումը հատկապես կարեւորվում է Օձունի և Ալավերդու նման մեծ համայնքների դեպքում: Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը, օրինակ, «Հյուսիսային դարպաս» ծրագրի շրջանակներում համայնքապետարանի կատարած աշխատանքների վերաբերյալ «Հետքին» ասաց, թե ինտերնետում մշտապես զբոսաշրջիկներին տեղեկացնում են Օձունի պանսիոնատի մասին: Սա, իհարկե, անհրաժեշտ, բայց բավարար համարել հնարավոր չէ: Շուրջ 5,5 հազար բնակիչ ունեցող Օձունը տնտեսապես ծանր վիճակում է, մինչդեռ զբոսաշրջության զարգացումը կարող է դառնալ առկա խնդիրների լուծման գրավականը: Այսօր գյուղի 1300 հա վարելահողերն անմշակ են, իսկ գյուղ մտնող եւ գյուղամիջյան ճանապարհներն անմխիթար վիճակում են: «Գյուղամիջյան ճանապարհները շարունակում են մնալ անբարեկարգ, մասնավորապես` անանցանելի վիճակում է դեպի Օձունի եկեղեցի գնացող 500 մետր երկարությամբ ճանապարհը»,- ասում է գյուղապետ Տիտանյանը եւ ընդգծում, որ այն վերանորոգելու համար դիմել են կառավարությանը` եկող տարվա պետբյուջեից գումարներ հատկացնելու խնդրանքով: Գյուղապետը  նաև տեղեկացրեց, որ Ալավերդի-Օձուն ճանապարհահատվածում առայժմ կատարվել են միայն փոսային նորոգումներ, այնինչ ճանապարհը կարիք ունի կապիտալ վերանորոգման: «Զբոսաշրջության զարգացման նպատակով Օձունում ոչինչ էլ չի կատարվում»: Սա արդեն Օձունի եկեղեցու քահան Տեր Վրթանես Բաղալյանի խոսքերն են: Ըստ նրա` գյուղը խնդիրներ ունի հենց պետության հետ: «Եկեղեցու բակի գերեզմանաքարերը  տարիներ առաջ շարժել են: Անցյալ դարի 80-ական  թվականներին վերանորոգելու նպատակով քանդել են եկեղեցու հյուսիսային կամարաշարի երեք կամարները, որոնք մինչև օրս չեն վերականգնվել: Եկեղեցու պահպանության խնդիրներ ունենք»,- ասում է նա Տեր հայրը: Տուրիզմի զարգացման առումով ինտերնետային տեղեկատվությունից այն կողմ, ըստ էության, չի անցնում նաև Ալավերդու քաղաքապետարանը, որը դեռ մեկ տարի առաջ պահանջում էր, որ Ալավերդին դառնա «Հյուսիսային դարպաս» ծրագրի կոորդինացման կենտրոնը: Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Ալավերդու փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանը «Հետքին» ասել էր. «Օբյեկտիվությունից ելնելով «Հյուսիսային դարպաս» ծրագրի կոորդինացումը կարող է կատարվել Ալավերդուց, որովհետև մեր հնարավորություններն Ախթալան չի կարող ունենալ»: Չնայած սրան` մեկ տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում շոշափելի քայլեր չեն ձեռնարկվել: «ՅՈՒՆԵՍԿՈ»-ի կողմից համաշխարհային մշակութային արժեքների ցուցակում ընդգրկված Սանահինի եկեղեցական համալիրը շարունակում է մնալ վթարային վիճակում: Քաղաքում չկան նաեւ քիչ թե շատ նորմալ պայմաններ առաջարկող հյուրանոցային համալիրներ: Խորհրդային տարիներից ժառանություն մնացած Սանահին Սարահարթ թաղամասի հյուրանոցը, որը տարածաշրջանում հայտնի էր իր հարմարավետությամբ, 90-ականների սկզբին ուղղակի թալանվեց: Իսկ քաղաքի ստորին հատվածում` Սպանդարյան փողոցում գտնվող նախկին հյուրանոցային համալիրը պարզապես ավերված է` չնայած այն հանգամանքին, որ դրա սեփականատերն այժմ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանն է: Ալավերդիում զբոսաշրջության զարգացման համատեքստում կարեւոր դեր ունի նաեւ կինոթատրոնը: Քաղաքի «Լալվար» կինոթատրոնի շենքն իր ճարտարապետական յուրահատուկ կառուցվածքով, ժայռի մեջ տեղավորված յուրօրինակ դահլիճով 80-ականններին անդրադարձել է նույնիսկ ռուսական «Պրավդա» թերթը: Սակայն այն 1990-ականներին սեփականաշնորհվել է, սկզբում օգտագործվել իբրեւ դագաղների պատրաստման արհեստանոց, իսկ այսօր պարզապես չի օգտագործվում: Շնայած դրականն այն է, որ այս գեղեցիկ շինությունը չի արժանացել Ախթալայի պահածոների գործարանի ճակատագրին, որը սեփականատիրոջ կողմից քանդվել, իսկ շինանյութը վաճառվել է: «Հյուսիսային դարպաս» ծրագրի գերակա խնդիրներն են նաև պատմամշակութային հուշարձանների վերականգնումը, Ախթալայի վանական համալիրի տարածքում  զինագործության և միջնադարյան արվեստի թանգարանի հիմնադրումը, կենտրոնի ամբողջ տարածքում որակյալ ինտերնետ կապի ապահովումը, Օձուն գյուղի ուղղաթիթային հրապարակի կառուցումը, Դսեղում հեքիաթների այգու հիմնումը և այլ: Բայց այս ամենը մնացել են զուտ թղթի վրա շարադրված բարի ցանկություններ: Սոցիալական պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը, ով նաև «Հյուսիսային դարպաս» ծրագրի համահեղինակն է, դեռ 2009թ.-ի դեկտեմբերին «Հետքին» ասել էր, որ ծրագրի հաստատումից հետո 6-ամսյա ժամկետում Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ներկայացնի ծրագրի կատարման ժամանակացույցը, միջոցառումները, ֆինանսավորման աղբյուրները և մատնանշի պատասխանատուներին: «Ըստ իս` մենք գարնանը կունենանք մի փաստաթուղթ, որով ժողովուրդը կտեսնի, թե որ քայլից հետո, որը պետք է լինի»,- ասել էր Խաչիկյանը: Արդեն աշնունը կիսվում է, սակայն էկոնոմիկայի նախարարությունը դեռևս կառավարությանը չի ներկայացրել իր առաջարկությունը: Իսկ Վազգեն Խաչիկյանը, ինչպես «Հետքի» հետ զրույցում նշեց, հույս ունի, որ առաջիկա ամսում այն կներկայացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter