HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզպետներին տրվել է մի շարք հանձնարարականներ

Մարզպետների հետ այսօրվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորgյանը, մինչ օրակարgային հարցերին անցնելը, տեղեկացրել է, որ անվճար տնկիներ ձեռք բերելու հարցում համայնքները կարող են համագործակցել «Կանաչազարդ երկիր» ՀԿ-ի հետ: Նա փոխանցել է վարչապետի հանձնարարականը` համայնքների համար անհրաժեշտ քանակի տնկիներ վերցնելու եւ համայնքներում ծառատունկ կազմակերպելու վերաբերյալ: Փոխվարչապետը մարզպետներին տեղեկացրել է նաեւ Հայաստանում արտադրվող ունիվերսալ ազոտական կենսապարարտանյութերի կիրառության արդյունքների մասին: Երեւանի «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի մշակած պարարտանյութերը, ըստ արտադրողների, կիսով չափ էժան են գյուղացիական տնտեսությունների կողմից օգտագործվող ավանդական սելիտրայից, վերականգնում են հողերի բերրիությունն ու որակը, ինչը վատացել է տարիներ շարունակ սելիտրայի կիրառման հետեւանքով: Ա. Գեւորգյանը մարզպետներին առաջարկել է հնարավորինս խրախուսել գյուղացիական տնտեսությունների կողմից առավել արդյունավետ կենսապարարտանյութերի կիրառությունը: Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետներին հանձնարարվել է մարզային եւ միջհամայնքային նշանակության ճանապարհների վիճակի վերաբերյալ (հաշվի առնելով առաջնահերթությունները, մշակվածությունը, վերականգնման աշխատանքների ծավալները) երկշաբաթյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել տրանսպորտի եւ կապի նախարարությանը` հետագա աշխատանքները կազմակերպելու համար: Փոխվարչապետը եւս մեկ անգամ մարզպետների ուշադրությունը հրավիրել է ճանապարհների հարակից տարածքների սանիտարական վիճակին, ինչպես նաեւ աղբահանության աշխատանքներն առավել ինտենսիվ եւ հետեւողական կազմակերպելու խնդրին: Քննարկվել է մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչներում համապատասխան լրացումներ կատարելու անհրաժեշտության հարցը: Ա. Գեւորգյանը մարզպետներին հանձնարարել է ծանոթանալ ՏԿՆ կողմից ներկայացված փոփոխությունների առաջարկություններին եւ ներկայացնել կարծիքներ: Առանձին քննարկման թեմա է դարձել խաղողի մթերման գործընթացը, որի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ են ներկայացրել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզպետները: Քննարկվել են մարզպետարանների եւ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) համագործակցությանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետն առաջարկել է առավել սերտ եւ ինտենսիվ աշխատել ԳԱՄԿ-ների հետ` գյուղացիական տնտեսությունների առավել նպատակային աջակցության եւ աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար: Ներկայացվել են ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նշվել է, որ Արագածոտնի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում արձանագրվել է հողի հարկի հավաքագրման տեմպերի նվազում, ինչն անդրադառում է ընդհանուր եկամուտների հավաքագրման ցուցանիշների վրա: Փոխվարչապետը հանձնարարել է մարզպետներին միջոցներ ձեռնարկել ցուցանիշները բարելավելու ուղղությամբ` նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հավաքագրման մակարդակը չապահովելու համար որեւէ հիմնավոր պատճառ չկա: Աշխատանքային կարգով քննարկվել են նաեւ մի շարք այլ հարցեր, այդ թվում` Գեղարքունիքի եւ Տավուշի մի քանի համայնքներում փորձնական մարդահամարի կազմակերպման, մարզերում մեկնարկած «Դպրոցական սնունդ» ծրագրի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter