HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իմ ճաղապատ, անհասանելի ազատությունը

1977 թ., Երեւանի ՊԱԿ-ի մեկուսարան

Որքան էլ որ զարմանալի թվա, բանտային ռեժիմը մի առավելություն ունի. ամբողջ օրը կարող ես զբաղվել ընթերցանությամբ: Ցերեկը քնելն արգելվում էր, եւ վատ լուսավորության պայմաններում երկար կարդալուց աչքերս գերլարվում էին ու ինձանից միջանկյալ հանգիստ պահանջում: Առհասարակ, արտաքին աշխարհի հետ` լիներ դա «Ստոլիպինում», «Վորոնոկում», թե խցում, միակ շփումը նեղ` 30 աստիճան թեքությամբ, 2 սմ հեռավորությամբ ճաղերով պատուհանից ինչ-որ բաներ հպանցիկ, ակնթարթային տեսնելն էր:

Այսպիսին էր մեր եւ ազատ աշխարհի փոխհարաբերությունը: Այստեղ էլ, երբ ընթերցանությունից հոգնում էի, հանգիստս «վայելում էի» իմ հերթական բանտային պատուհանից դուրս նայելով: Ճաղերից այնկողմ մեր` բանտարկյալներիս նկատմամբ միանգամայն անտարբեր ազատությունն էր:

Այս անգամ իմ բանտային պատուհանի շրջանակի մեջ պատկերված էր մի սովորական ուրբանիստական տեսարան` մի կտոր անփոփոխ ու անշունչ ազատություն, որը հանկարծ շունչ առավ, դարձավ շարժուն ու սկսեց ապրել...

Հեռվում մի բնակելի շենք էր: Առաջին իսկ օրերին նկատեցի, որ այդ շենքի 4-րդ, թե 5-րդ հարկի պատշգամբում պարբերաբար մի աղջիկ է հայտնվում: Մի թռվռուն աղջիկ էր նա` կարճ մազերով, կարճ զգեստով: Նրա ամենօրյա բնակարանային մաքրությունը սկսվում կամ ավարտվում էր իրենց բաց պատշգամբով:

Որոշ ժամանակ անց այդ հեռավոր  անծանոթուհուն տեսնելն ինձ համար պահանջի նման մի բան դարձավ, որը գնալով սաստկանում էր: Ես սկսել էի բնազդով զգալ նրա պատշգամբ դուրս գալու պահերը: Իմ ներսում ինչ-որ բան էր կատարվում: Այդ աղջկան տեսնելն ինձ համար կենսական անհրաժեշտություն էր դարձել:

Մի օր տարվել էի ընթերցանությամբ, չէի կարողանում կտրվել գրքից: Մեկ էլ հանկարծ նկատեցի, որ խուցընկերս սովորականից երկար է նայում պատուհանից: Ներսումս մի սոսկալի բան կատարվեց: Աստված գիտի` ինչ հայացքով նայեցի, ու նա գող կատվի պես պոչը քաշեց ու պատուհանն ինձ զիջեց: Մեր տարածքում, այսինքն` խցում, ես ունեի այդ իրավունքը, քանի որ արդեն դատապարտված էի եւ իմ պատժաչափը որոշակի էր: Իսկ քննության տակ գտնվողների պատժաչափը հայտնի չէր, հետեւաբար` կարգավիճակը նույնպես:

Բայց միայն այդ պատճառով չէր, որ նրանք ինձ «մրցակից» չէին: Պատշգամբի աղջիկը երբեք չէր կարող նրանց համար այնքան կարեւոր ու բաղձալի լինել, որքան ինձ համար: Փշալարեր, շներ, էտապ, զրկանքներ... Այս ամենից կարծրացած հոգիս հաճելիորեն նրբացել էր:

Այդ աղջիկը իմն էր սեփական հայտնագործության պես: Ես վստահ էի դրանում: Այդ վստահությունն էր նաեւ հայացքիս մեջ, որ խուցընկերոջս ստիպեց զիջել պատուհանը: Հետագայում խցիս բնակիչներն ինձ պատուհանի մոտ էին «հրավիրում», երբ իրենց նայելու ժամանակ աղջիկը պատշգամբ էր դուրս գալիս:

Եվ այսպես, օրը մի քանի անգամ մենք «հանդիպում էինք»: Այդ աղջկա բաց պատշգամբը, նրա կարճ հագուստնեը եւ այն, որ նա չգիտեր իր տեսանելի լինելու մասին..., այդ ամենը սկսել էր ինձ ահավոր տանջել: Ես խանդում էի: Ո¯նց էի ուզում մի բան անել, որ նա հասկանա, որ իրենց տնից քիչ հեռու գտնվող շենքից հնարավոր է, որ բանտարկյալների կոպիտ հայացքներ են հետեւում իրեն:

Եթե իմ խցում չէին համարձակվում նայել նրան, ապա կողքի խցերի հայացքները չէի կարող վերահսկել: Այսպես, եկավ մի պահ, երբ նրա հեռավոր ներկայությունը ինձ համար վերածվեց տառապանքի: Այն պատշգամբը, որն ինձ հիշեցնում էր ազատության համը, սկսել էր կրկնապատկել իմ անազատությունը:

Մի անգամ ինձ բժշկական ստուգման տարան: Ո¯նց էի կարոտել քաղաքի ասֆալտը: Շուրջս իրենց ազատությունն անփութորեն վայելող մարդիկ էին. նաեւ երիտասարդ աղջիկներ: Տե¯ր Աստված, ես հնարավորություն ունեի նրանց տեսնելու շատ փոքր հեռավորությունից. անհամեմատ փոքր:

Բայց որքա¯ն օտար էին նրանք: Կյանքումս առաջին անգամ ազատությունն ինձ կաշկանդեց: Հավատարմությունս մտքիս քայլերն ուղղում էր դեպի իմ խուցը, դեպի իմ նեղ պատուհանը` հայացքով նորից պարուրելու, քողարկելու նրան, ով երբեմն հայտնվում էր իր բաց պատշգամբում ու իմաստավորում իմ ճաղապատ գոյությունը. իմ ճաղապատ գոյությունը` լեցուն նրան ինչ-որ մեկի հետ կիսելու վախով:

Որոշ ժամանակ անց վերջ տրվեց իմ լուռ տառապանքներին: Ծնողները փակեցին իրենց պատշգամբը: «Իմ աղջիկն» այդուհետ տեսանելի էր միայն գոտկատեղից վերեւ: Չեմ կարող ասել, թե ես սկսեցի հանդուրժել, որ «մեր շենքի բնակիչները» նայեն նրան, բայց այնուամենայնիվ, փակված պատշգամբը իմ մեծագույն ուրախությունն էր ու մխիթարությունը: Այդ «քողարկումից» հետո իմ ու այդ աղջկա մտերմությունը կարծես ավելի խորացավ: Համենայնդեպս, ես այդպես էի զգում: Այդպես` պաշտպանված վիճակում, երբ նա դժվար թե ուրիշներին հետաքրքրեր, կարծես ավելի էր իմը դարձել:

Եղել են դեպքեր, երբ այս պատմությունը ստացվել է լավ պատմել (գուցե սա այդ դեպքերից չէր), ու միշտ զգացել եմ, որ ունկնդիրների մեջ տպավորվել է այն: Զարմանալի է` գրեթե բոլորը մի պահ լռելուց հետո հարցրել են. «Իսկ դու հետագայում չփորձեցի՞ր գտնել նրան»: Ոչ: Չեմ փորձել: Ու կարծում եմ` ճիշտ եմ արել: Թող այդպես անավարտ էլ մնա իմ հեքիաթը: Իսկ ո՞վ գիտի` գուցե հենց դա էլ իմ հեքիաթի ավարտն է. այդ անավարտությունը... Չէ՞ որ ես կյանքը մտքիս մեջ էի ապրում...

Բայց այնուամենայնիվ, պատահմամբ մի բան իմացել եմ այդ աղջկա մասին: Այն շենքը, որտեղ ապրում էր նա, հատուկ շենք էր, որ տրվել էր կոմունիստական «կարկառուն» գործիչներին: Եվ նա, փաստորեն, նրանցից մեկի դուստրն էր:

Ռազմիկ Մարկոսյան
Հատված ինքնակենսագրական գրքից

Մեկնաբանություններ (3)

Anahit
He was always a deep thinker,so we called him,when we were young...Ba mer mitk ura?H e was very special ,because we were young and chatters and he was silent.And when he was saying something-that was really meaningful..Sorry,that my computer prints just an english..But i want to say ,,we are proud of him,he survived hard times and i wish him long life
AVETIS ...
...Չէ՞ որ ես կյանքը մտքիս մեջ էի ապրում...
Մարինե
Կուզենայի, որ շարունակեիք գիրքը ներկայացնել կայքում, հաճույքով կկարդայինք:Իսկապես պետք է, որ դասագրքերում մի հատված լինի այս գրքից: Շնորհակալություն Ռազմիկին, ոչ միայն մեր ժամանակի հերոս է, այլև հրաշալի պատմող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter