HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախընտրական պայքարը մեկնարկե՞լ է

Համապետական ընտրություններին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա, սակայն սոցիոլոգներն ու քաղաքագետների մի խումբ ակտիվ հաշվարկներ են անում, թե որ ուժերն են անցնելու խորհրդարան: Ներկայացվող հարցումների արդյունքներով գալիք ԱԺ ընտրություններում խորհրդարան չեն անցնելու ՀՅԴ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունները, եւ ԱԺ-ում տեղեր ունենալու են միայն ՀՀԿ-ն ԲՀԿ-ն ու Հայ ազգային կոնգրեսը: Այս առնչությամբ կարծիք են հայտնում գալիք խորհրդարանից «դուրս մնացած» կուսակցությունների պատգամավորները: Նոր ուժի թիկունքում Ռոբերտ Քոչարյանն է Ստյոպա Սաֆարյան («Ժառանգություն» խմբակցություն) - Իրոք, հարցումներ արվել են: Ըստ դրանց` «Ժառանգություն» կուսակցությունն ունի միանգամայն բավարար հասարակական աջակցություն խորհրդարանում լինելու համար: Եթե հիմա «Ժառանգությունը» թիրախի տակ է, ապա միայն այդ պատճառով: Ամեն անգամ տարբեր իրավիճակներից ելնելով` տարիներ շարունակ ասել են, թե վերջ, «Ժառանգությունն» ավարտվեց, այդ կուսակցությունն արդեն չկա եւ այլն: Հիմա ոչ մեկ չի խոսում դրանից, բայց շարունակում են խոսել «Ժառանգությունից»: Հարցումներ կատարողների մի մասն ունի բացահայտ հրահանգ` ազդելու հասարակական գիտակցության վրա, թե «Ժառանգությունը» չի հաղթահարում խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը: 2007-ին դա կարող էին ավելի լավ էֆեկտիվությամբ անել, հիմա այդ փորձերը դատապարտված են, որովհետեւ մեր ճանաչելիությունը բավականին մեծ է: Կարծիք հայտնողների մի խումբ կա, որոնք իրենց հռչակել են նոր ուժի կողմնակիցներ: Հայաստանում կարող ես ունենալ շատ փող, բայց քաղաքական ուժ, գործոն դժվար է դառնալ: Եթե ճիշտ են այն լուրերը, որ այդ նոր ուժի թիկունքում կանգնած է Հայաստանի երկրորդ նախագահը, ապա հենց այս պահից կարող եք այդ նոր ուժի վրա խաչ քաշել: Արթուր Բաղդասարյանն ու Սերժ Սարգսյանը մտերիմ ընկերներ են Հովհաննես Մարգարյան («Օրինաց երկիր» խմբակցություն) - Ուսումնասիրեք, թե ովքեր են նման հարցումներ տարածողները: 14 տարի է ՕԵԿ-ը մասնակցում է ընտրություններին եւ լավ ձայներ է ստացել: Մենք Հայաստանում եւ Հայաստանի սահմանից դուրս կայացած քաղաքական ուժ ենք եւ մեր ծանրակշիռ դերն ունենք հայրենի քաղաքական դաշտում: Իսկ այդ խոսողները վերջին 10-15 տարվա ընթացքում միշտ փորձել են տարբեր պատվերների տակ տարբեր թվերից խոսել, ինչը հեռու է իրականից: Ես չեմ կարող անդրադառնալ մեր հասարակության որոշ անհատներին. ով գրիչ է վերցնում, թվում է` վերլուծաբան է, մեծ անալիզ կատարող է: Մեր կուսակցությունը գնալով զորանում է: Մենք ունենք 100.000 կուսակցական, եւ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում ակտիվ անդամագրվում են մեր կուսակցությանը: Դա ինձ հույս է ներշնչում, որ ապագայում էլ մեր ներկայությունը կլինի խորհրդարանում: Այսօրվա դրությամբ մեր ռազմավարական գործընկերն է ՀՀԿ-ն: Ավելին` մենք ոչ միայն ռազմավարական գործընկերներ ենք, այլեւ գործընկերային հարաբերություններ ունեն Արթուր Բաղդասարյանն ու Սերժ Սարգսյանը: Նրանք նաեւ կյանքում են լավ մտերիմ ընկերներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter