HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Զինվորի մահվան լուրը տեղադրելուց հետո

Կիրակի օրը, երբ պաշտպանության նախարարությունից էլեկտրոնային փոստով հաղորդագրություն ստացա, ոտքերս սկսեցին դողալ, դեռ չգիտեի` ինչ է գրված այնտեղ: Բայց ենթագիտակցությունս արդեն զգում էր` նոր զոհի մասին է հաղորդագրությունը:

Այդպես էլ կար, բանակում նորից զինվոր է մահացել, նրան հայտնաբերել են  զորանոցի նկուղում կախված վիճակում: Ես չգիտեմ` ինչպես այն տեղադրեմ «Հետքի» ինտերնետային տարբերակում, գիշերվա այս ժամին:

Մտածեցի մոտ տասնհինգ րոպե, փորձեցի մի քանի բան ճշտել` որտե՞ղ է դեպքը տեղի ունեցել, սահմանի՞ն է զորամասը, թե՞ ոչ: Բայց չստացվեց, բանակի պաշտոնյա ընկերներս չեն վերցնում հեռախոսները:

Գիտեմ, թե ինչու չեն վերցնում. արդարացման ոչ մի խոսք չեն կարող ասել: Ի՞նչ արդարացում կարող է լինել, պիտի ասեն` ինքնասպա՞ն է եղել: Էս ազգն ինչ է` ամբողջ օրը մտածում է, թե ինչպե՞ս ինքնասպան լինի: Իսկապես վախվորած` զինվորի կախվելու մասին գույժը տեղադրում եմ կայքում:

Զանգում եմ ընկերոջս, մի քանի բառ եմ փոխանակում, ուզում եմ մի քիչ ցրել մտքերս, բայց նա էլ ինձ ասում է, որ պատերազմից հաշմանդամ դարձած մեր ընկերներից մեկի տրամադրությունը վատ է, ասում է`  զանգիր մի քիչ խոսիր հետը:

Զանգում եմ, ընկերոջս աղջիկն է վերցնում: Հարցնում եմ հոր մասին, ասում է` դրսում նստած է, մի տեսակ է, անտրամադիր: Մինչեւ հեռախոսը դուրս կտաներ աղջիկը, մտածեցի, որ նորից գլխի անտանելի ցավերն են, որ գլխից վիրավորվելուց հետո չեն անցնում: Բարեւեցի, բարեւեց: Ասաց` էսօր էլի մի ջահել է մահացել: Ասացի` գիտեմ: Հարցրեց` որտեղի՞ց,  ասացի` նախարարությունից: Լռեց, ես էլ լուռ էի:

Ասացի` գլուխդ ի՞նչ վիճակում է, ասաց` չկա, գլուխս չկա:  Ի՞նչ անենք` հարցրի: Ասաց` ինչ-որ պիտի անեինք: Ասացի` ժամանակը չի: Ասաց` ժամանակը դու չես որոշում, ժամանակը ինքն է գալիս: Ու հիմա եկել է: Ասացի` բա երեխե՞քը, ասաց` մեծ են արդեն: Մեկ է` բեռ եմ դարձել, ու վախենում եմ լրիվ լեշ դառնամ: Ասացի` չէ, ժամանակը չէ: Ասաց` դու ժամանակի զգացողություն չունես արդեն, անտարբեր ես դարձել ժամանակի նկատմամբ, դրա համար էլ չես զգում: Քո էլ` ուրիշ կողմից է «յանդ տարել»: Ժպտացի:

-Հետո՞,- հարցրի:

-Հետո՞, ի՞նչ հետո, հետո չկա արդեն, էլ էսպես չեմ ուզում լինի:

-Քո ուզելով չի,- ասացի: Ծիծաղեց: -Իմ ուզելով չի՞, բա ո՞ւմ ուզելով է, կարո՞ղ ես ասել, էդ ո՞ւմ ուզելով եմ ես մի բան արել: Քեզ նկատի ունե՞ս:

-Հա, հենց ինձ, բա էլ ու՞մ:

-Դե դու ասա` ինչ անենք, դու ի՞նչ ես անելու,- հարցրեց:

-Ես դեռ չգիտեմ, չեմ իմանում, գլուխս խառնվել է, ես էլ եմ խճճվել, բայց ես էլ չեմ դիմանում:

-Էդ լավ ա, որ խճճվել ես, ուրեմն ժամանակը եկել է,- ասաց:

-Չէ, չի եկել, որ գա` ես կասեմ,-ասացի:

-Բա էս տղերքի մա՞հը, ո՞նց անենք,- հարցրեց:

-Չգիտեմ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում,- ասացի:

-Բա որ դու չես հասկանում, էդ թերթդ ի՞նչ ես պահում,- ասաց:

-Ուզում եմ չպահել,- ասացի:

-Հա, էդ լավ է, էշություններ քիչ կգրես: Հիշո՞ւմ ես Գագոյին ճակատից ոնց էին խփել,- ասաց: -Հա, հիշում եմ, արյունը մաքրել էին, ու տեղը ինչ-որ տարօրինակ գույնի կետ էր:

-Տարօրինակ չէր, ակումուլյատորի միջի կապարի ցանցի գույնի էր: -Չէ, ավելի բաց էր, ինչո՞ւ հիշեցիր Գագոյին: -Ինչո՞ւ, դու չես հիշո՞ւմ Գագոյին: Թե՞ քրոջդ 20 տարեկան տղուն չես հիշում:

-Հիշում եմ, բայց ինչի՞ ես դրա մասին ասում:

-Հեչ, էսօրվա տղեն մտքիցս դուրս չի գալիս,- հեռախոսը անջատեց:

Ես չեմ զանգում, մեկ է` չի վերցնելու:

Լուսակնարը` Հակոբ Պողոսյանի. 1993 թ., Շահումյան. Գյուլիստանի գործողությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter