HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ի գրադարանը համապատասխան ուշադրության չի արժանանում

Ազգային ժողովի գրադարանի աշխատակազմը մասնագիտական տոնի առթիվ գրեթե ամեն տարի շնորհավորական բացիկ է ստանում պատգամավոր Գալուստ Սահակյանից, ծաղկեփունջ` «Բարգավաճ Հայաստանից», ինչպես նաեւ շնորհավորանքներ` «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցություններից: Կառավարության որոշմամբ 2004 թ.-ից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես գրադարանավարի օր, սակայն ոչ բոլոր պատգամավորներն են հիշում այդ օրն ու շնորհավորում իրենց գրադարանի աշխատակիցներին: Իհարկե, դրանից ԱԺ գրադարանի վարիչ Ֆաթմա Խաչատրյանն ու նրա աշխատակիցները չեն մտահոգվում, ընդհակառակը` ոգեւորվում են, երբ գոնե մեկ պատգամավոր հատուկ գալիս է գրադարան իրենց շնորհավորելու համար: «Մենք պակաս հարգված չենք ու դրանից ոգեւորվում ենք, մտածում ենք, որ իրոք կանք: Կարծում եմ` պատգամավորների փոքր ուշադրությունը գրադարանին ավելի շատ հենց պատգամավորների անունն է բարձրացնում, քան մեր: Նրանց այդ քայլը նշանակում է, որ առաջին հերթին իրենք գիրքը հարգում են»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Ֆաթմա Խաչատրյանը: ԱԺ գրադարանը գտնվում է խորհրդարանի գլխավոր մասնաշենքում: Բուն գրադարանը զբաղեցնում է ընդամենը ոչ մեծ մեկ սենյակ: Եվս 3 սենյակ էլ հատկացված է գրապահոցի համար: Գրադարանը որպես ընթերցասրահ առանձնացված տարածք չունի: Ընդհանուր սենյակում, որտեղ նստում են նաեւ գրադարանի աշխատակիցները, դրված է մեկ սեղան եւ մի քանի աթոռ: Գրադարանի այցելուների համար նախատեսված է նաեւ ոչ հարթ մոնիտորով ընդամենը մեկ համակարգիչ: Երբ գրադարանում էինք, այնտեղ էր նաեւ պատգամավոր Կորյուն Նահապետյանը` իր օգնականի հետ: Պատգամավորը գիրք էր փնտրում ու այդպես էլ իր ցանկացած գրականությունը չգտավ: Նա մտահոգ էր, որ ԱԺ-ի գրադարանը համապատասխան ուշադրության չի արժանանում եւ խոստացավ նիստերից մեկի ժամանակ գրադարանի արդիականացման հարցն անպայման բարձրացնել: Իսկ գրադարանն, իրոք, արդիականացման եւ անհրաժեշտ մասնագիտացված գրականության կարիք ունի: Ֆ. Խաչատրյանի ասելով` ամսական 250-300 հազար դրամ է հատկացվում նոր նյութեր, գրականություն ձեռք բերելու, այդ թվում` տպագիր մամուլի բաժանորդագրության համար: «Մենք գրականության համալրման կարիք ունենք: Արդեն աշխատակազմի ղեկավարին ներկայացրել եմ այն գրքերի ցանկը, որ օնլայն վաճառվում են, դրանք հիմնականում ռուսալեզու են: Գրքերը շատ թանկ են, եւ ընտրել եմ ամենաանհրաժեշտները»,- ավելացնում է գրադարանի վարիչը: Նիստերի դահլիճի վերանորոգումից հետո հեռանկարային է համարվել գրադարանի վերանորոգումը, նախատեսված է նաեւ առանձին ընթերցասրահ, որտեղ կաշխատեն այցելուները: Իսկ ընթերցասրահի կարիք, ինչպես պարզվում է, կա: Օրինակ` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, երբեմն հոգնելով իր սենյակում հնչող հեռախոսազանգերից, որոշում է գալ գրադարան ու հենց այնտեղ` հանգիստ միջավայրում աշխատել: Պատգամավորները գրադարան գալիս են նաեւ օրվա մամուլին ծանոթանալու համար: Սկզբում կանոնակարգով նախատեսված է եղել, որ գրադարանն ամեն օր օրաթերթերը բաժաներ խմբակցություններին եւ հանձնաժողովներին, բայց փոփոխություններ են եղել, և հիմա նրանց հատկացվում է միայն «Հայաստանի Հանրապետություն»-ը, իսկ մնացած օրաթերթերին պատգամավորներն ու նրանց օգնականները ծանոթանում են հենց գրադարանում: ԱԺ գրադարանն ակտիվ համագործակցում է ԱՄՆ դեսպանատան, Ազգային գրադարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Ամերիկյան համալսարանի գրադարանների հետ: Հաճախ հենց այնտեղից էլ բերում են պատգամավորների (հիմնականում նրանց օգնականների) պահանջած գրքերը: ԱԺ ներքին օգտագործման համար կա նաեւ էլեկտրոնային գրականություն, ինչպես նաեւ պայմանագրերի հսկայական բազա: «Պատգամավորն ամենեւին պարտավոր չի իմանալ, թե որտեղ ինչ գիրք կա: Նա իր հարցումն է անում, մենք էլ գիրքը գտնելու ճանապարհներ ենք որոնում: Գրադարանը մի օղակ է, որ ոչ թե պիտի սպասի, որ մարդիկ գան պահանջներ ներկայացնեն, այլ մենք էլ պետք է նախապատրաստական աշխատանքներ տանենք, որ կարողանանք այցելուներին գոհացնել»,- ասում է Ֆ. Խաչատրյանը: ԱԺ գրադարանը լարված աշխատում է հատկապես քառօրյաների ժամանակ: Գրադարանի աշխատակիցները, ծանոթանալով նիստերի օրակարգին, ինտերնետից գտնում են նյութեր, որոնք պատգամավորներին օգտակար կլինեն կոնկրետ ոլորտի օրինագծի քննարկմանը պատրաստվելու համար: Օրինակ` վերջերս քննարկումներ են ընթանում ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: ԱԺ գրադարանում արդեն նախապատրաստվում են դրան, եւ թղթապանակի մեջ հավաքում են աշխարհի տարբեր երկրներում այդ ոլորտը կարգավորող միջազգային փորձին վերաբերող նյութերը, ինչպես նաեւ առանձին երկրների օրենքները: Նախընտրում են նյութերը հավաքել ռուսերեն լեզվով, քանի որ անգլերենին ոչ բոլոր պատգամավորներն են տիրապետում: ԱԺ գրադարանն ունի մոտ 5000 գիրք, իսկ ընդհանուր նյութերը, այդ թվում` պաշտոնական տեղեկագրերը` մոտ 9000-ն են: Գրադարանը համարվում է պաշտոնական տեղեկագրերի ազգային դեպոզիտարի պատասխանատու: Այստեղ հավաքված են բոլոր օրենքի ժողովածուներն ու կառավարությունների որոշումները` սկսած 1927 թվականից: Դրանք համարվում են եզակի նյութեր, եւ գրադարանում այդ նյութերը թանկ են գնահատում: Ֆաթմա Խաչատրյանը նշեց, որ գրադարանից հաճախ օգտվում են պատգամավորների օգնականները, սակայն կա պատգամավորների մի խումբ, որ անձամբ են գրադարանի ծառայություններից օգտվում: Շաբաթը մի քանի անգամ գրադարան են գալիս պատգամավորներ` Վիկտոր Դալլաքյանը, Լիլիթ Գալստյանը, Ռուզաննա Առաքելյանը, Արա Նռանյանը, Արտյուշ Շահբազյանը, Կարինե Աճեմյանը, Հերմինե Նաղդալյանը, Գալուստ Սահակյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, Կորյուն Նահապետյանը, Սուքիաս Ավետիսյանը եւ այլոք: Ինչ վերաբերում է գրադարան չայցելող պատգամավորներին, ապա գրադարանի վարիչը չկարողացավ հստակ ասել, որ նրանք գրադարանից չեն օգտվում: Ըստ նրա, հնարավոր է խմբակցության անունից տարվող գրականությունից պատգամավորն օգտվի, կամ իր օգնականի միջոցով գիրք վերցնի ու այդպես էլ իրենք չիմանան` պատգամավորն օգտվում է իրենց գրադարանից, թե ոչ: «Ամեն դեպքում պատգամավորներից չեմ դժգոհում, նրանք մեզ հաճելի անհանգստություն են պատճառում»,- ավելացրեց Ֆ. Խաչատրյանը: Գրադարանի վարիչն արդեն 9 տարի է ԱԺ-ում է աշխատում եւ այս տարիներին որեւէ հարցում իրեն կաշկանդված չի զգացել: «Ես որեւէ կուսակցության անդամ չեմ եւ գրադարանն էլ հեռու եմ պահել քաղաքականությունից: Փառք Աստծո, ինձ համարում եմ ազատ մտածող մարդ եւ ոչ ոք իմ կարծիքի վրա չի բռնանում»,- ասում է Ֆաթմա Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter