HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունն» առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 45.000 դրամ

«Ժառանգություն» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը մտահոգված են երկրում օրավուր խորացող տնտեսական ու սոցիալական ճգնաժամի` գնալով ավելի ակնհայտ դարձող բացասական դրսեւորումներով, որին լրացնելու է գալիս տնտեսական ճգնաժամի խորացմանը նպաստող, արհեստական գնաճի դեմ անարդյունավետ պայքարող Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած քաղաքականությունը: Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը  հանդես եկան օրենսդրական նոր` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախաձեռնությամբ: Նախագծով նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձը ներկայիս 30.000 ՀՀ դրամի փոխարեն դարձնել 45.000 ՀՀ դրամ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2010 թվականի առաջին երկու եռամսյակների ցուցանիշների վերլուծության` ընթացիկ տարվա  հենց սկզբում` հունվար-մարտ եռամսյակում, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 40.234.2 դրամի, իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 25.957.6 դրամ: 2010թ. հունվար-հունիս ամիսների հաշվետվության արդյունքներով պարզվել է, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 41.052.4 դրամի, իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 26.485.4 դրամ: «Նախագծի ընդունումը ՀՀ 2011թ. պետական բյուջեի ընդունման նախաշեմին թույլ կտա փոքր ինչ պաշտպանված դարձնել բնակչության հիմնականում աղքատ խավին` չկասեցվող աղքատացման ու չզսպվող գնաճի պայմաններում»,- հայտնում է «Ժառանգություն» կուսակցությունը՝ տարածած հաղորդագրությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter