Լիբանանում տոնել են ՀՀ անկախության 20-ամյակը
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 26-ին Բեյրութի «Մետրոպոլիտեն փալաս» հյուրանոցում տեղի է ունեցել ընդունելություն: Միջոցառման սկզբում Զաքար Քեշիշյանի ղեկավարած Համազգայինի երեխաների երգչախմբի կատարմամբ հնչել են Լիբանանի և Հայաստանի ազգային օրհներգները:
Ելույթով է ունեցել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ով անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը, անկախության տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին, առկա մարտահրավերներին, հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին, Հայաստան-սփյուռք գործակցությանը, կարևորել է հայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման գործում:
Տոնական միջոցառմանը ներկա էին Լիբանանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, օտարերկյա դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ:
Միջոցառմանը կատարվել են Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններ, ցուցադրվել է Հայաստանի վերաբերյալ ֆիլմ:
Սեպտեմբերի 26-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Լիբանանում ՀՀ դեսպանություն` դեսպանության անձնակազմին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ շնորհավորելու:
ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ողջունելով կաթողիկոս Արամ Ա-ին, նշել է, որ սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի իրականացված երազանքի օրն է, անկախությունը հայ ժողովրդի հզոր ուժն է, հպարտությունն ու պատասխանատվությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեղեկացմամբ՝ Արամ Ա կաթողիկոսը ներկաներին շնորհավորել է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և ընդգծել հայ ժողովրդի միասնականության և հավաքական ուժի կարևորությունը բոլոր մարտահրավերների հաղթահարման գործում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել