Հարսնացու հյուսիսից` գյումրեցի ծանրորդի համար
Գյումրեցի ծանրորդ Արա Խաչատրյանին հանդիպել չի հաջողվում: Երիտասարդ կինը հայտնում է, որ ամուսինը Երեւանում է, պիտի բժշկական ստուգում անցնի:
«Բայց ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ,- շտապում է հավաստիացնել Աննան,- ինչ էլ որ պակաս մնա, հեռախոսով, կարծում եմ, Արան կասի»:
Պարզվում է` Աննա Պետրոսյանին Արան Գյումրի հարս է բերել հյուսիսից: Փորձում եմ ճշտել. «Նկատի ունեք Ռուսաստանի՞ց, ինչպես «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում է»: «Գրեթե,- Աննան ծիծաղում է,- տարբերությունն էն էր, որ ինձ ուզելու եկել էին Արան ու իր ընկերները»:
2006 թ. Աննային Սամարայի փողոցներից մեկում Արան տեսնում է ու հավանում, սակայն չի հասցնում ծանոթանալ: Հետո, պատահաբար հյուրընկալվելով հայկական մի ընտանիքում, տեսնում է հավանած աղջկա լուսանկարը ու հասկանում` երջանիկ զուգադիպությամբ իրեն եւ ընկերոջը սուրճ հյուրասիրող տիկինը գեղեցիկ անծանոթուհու մայրն է:
Արան տեղեկանում է, որ իրեն դուր եկած աղջիկն արդեն մեկնել է Պերմ, որտեղ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատության լրագրության բաժնում: Միակ բանը, որ գյումրեցի սիրահարված տղայի մտքով անցնում է այդ պահին, Աննայի նկարը թաքուն վերցնելն է:
«Հերիք չէ նկարս էր վերցրել, հարեւանիս հարսից էլ հեռախոսիս համարն էր ուզել, որ զանգի ինձ,-պատմում է Աննան,- հետո սկսվեց մեր վիրտուալ շփումը, որ տեւեց մոտ 5 ամիս, օրական երեւի մի 70 նամակ էինք փոխանակում: Հետաքրքիրն էն էր, որ մայրս կողմ էր մեր միությանը: Ինքը տեսել ու հավանել էր Արային: Իսկ հայրս հայավարի պնդում էր, որ մինչեւ չիմանա, թե ինչ տղա է, ինչպիսի ծնողներ ունի, աղջիկ չի տա»:
Աշխարհի ծանրամարտի առաջնությունից անմիջապես հետո Արան մեկնում է Սամարա:
«Հանդիպեցինք, ինչպես կհանդիպեին ամենահարազատ մարդիկ, որ, ասենք, ընդամենը մի քանի ամսով բաժանված են եղել,- հիշում է ծանրամարտիկի կինը,- սկզբում ես մտածում էի, որ կգանք, կտեսնենք Արայի ծնողներին, հարազատներին ու կվերադառնանք Սամարա, սակայն...եկա ու մնացի: Երբեք չէի մտածել, որ երբեւէ կդառնամ ծանրամարտիկի կին կամ թե կապրեմ Գյումրիում»:
Աննան նկատել է, որ Արայի իրական ու մեծ հաջողությունները սպորտում սկսվել են իրենց ամուսնությունից հետո:
2007-ին 77 կգ քաշում Արան Եվրոպայի առաջնությունում գրավում է երկրորդ տեղը, այդ տարի իրենք նոր էին ամուսնացել: 2008-ին` կրկին արծաթ, կրկին` Եվրոպայի առաջնություն:
Արա Խաչատրյանը երեք անգամ նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Ճակատագրի բերումով` 3 դեպքում էլ շատ մոտ լինելով ոսկուն:
Այս անգամ էլ, կարծես թե, նրան ոչինչ չպիտի խանգարեր, քանի որ գլխավոր մրցակիցը` աշխարհի գործող չեմպիոն Յոնգ Լուն, լավ մարզավիճակում չէր: Բայց «սպորտային բախտ» ասվածն, ըստ սպորտսմենների, միշտ չէ, որ համաքայլ է կանխագուշակությունների հետ:
Թուրքիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունը Աննային հիմա լավ ավարտով մղձավանջ է հիշեցնում եւ շաբաթներ անց էլ հուզմունքով է հիշում ամուսնու ելույթն ու վնասվածքի պահը:
«Ես, սովորաբար, Արայի ելույթները միայնակ եմ դիտում, իմ սենյակում, որպեսզի որեւէ մեկը չտեսնի ապրումներս: Երբ 175 կգ-ը բարձրացրեց, վստահ էի, որ հաղթանակն իրենն է: Երկրորդ մոտեցումից հիշում եմ միայն, թե ինչպես ծանրաձողը բարձրացրեց, հիշում եմ այն պահը, որ ձեռքը ծալվեց, ու հենց ես հասկացա, որ վատ բան է տեղի ունենում, մի տեսակ անջատվեցի, երեւի շոկային պահ էր սկսվել: Ես այլեւս ոչինչ ոչ տեսնում էի, ոչ` լսում, անգամ Արայի գոռոցը չեմ լսել: Ես նայում էի էկրանին ու ոչինչ չէի լսում, ոնց որ համր կինոյում,-հիշում է Աննան,- հետո, երբ ուշքի եկա, ուզեցի անմիջապես կապվել: Գիտեի, որ հեռախոսն անջատած է, բայց հիշեցի, որ նախքան ելույթը Արան անծանոթ համարից զանգել է: Զանգահարեցի նույն համարին ու միայն մի բան էի ասում.
«Ո՞ւր է Արան, ի՞նչ է պատահել, հեռախոսը տվեք Արային», իսկ ինձ հանգստացնում էին, որ ամեն ինչ լավ է, որ իրենք հիմա շտապօգնության մեքենայի մեջ են եւ գնում են հիվանդանոց»:
Այդ պահին Պետրոսյանների ու Խաչատրյանների գերդաստաններում անհանգստությունը կրկնակի էր: Հանկարծ Արայի ստացած վնասվածքը ճակատագրական չլինի, եւ Աստված չանի, եթե Աննայի հղիությունն ընդհատվի: Արան եւ Աննան սպասում են երկրորդ զավակին: Առաջնեկը տղա է, թեպետ Արան ցանկանում էր աղջիկ ունենալ:
«Հիմա էլ է պնդում, որ աղջիկ լինի,-Աննան ծիծաղում է,- երեխայի սեռը չգիտենք, հունվարին կծնվի, կիմանանք»:
Արայի թեւի վնասվածքը պատճառ չի դառնա սպորտը թողնելուն: Մեր հեռախոսազրույցի ընթացքում ծանրամարտիկը հաստատեց դա: Մի քանի օրից Գագիկ Ծառուկյանի օժանդակությամբ մեկնելու է Մոսկվա` բուժման, այն նույն պրոֆեսորի մոտ, ով ժամանակին բուժել էր ոտքի վնասվածքը, որ Արան ստացել էր 2008 թ. օլիմպիական խաղերի ժամանակ:
2012-ին Լոնդոնի օլիմպիական խաղերից առաջ եւս մեկ վարկանիշային մրցաշար կա` Փարիզի 2011-ի աշխարհի առաջնությունը: Բայց կմասնակցի՞ դրան Արա Խաչատրյանը. «Այո, մասնակցելու եմ, ես չեմ պատրաստվում հրաժարվել այս սպորտաձեւից: Մեկ ամիս կբուժվեմ, կվերադառնամ ու կրկին կսկսեմ պարապել»,- ասում է ծանրամարտիկը:
«Իսկ ի՞նչ էիր մտածում այն ճակատագրական պահին, Թուրքիայում»,- հարցնում եմ Արային: «Ի՞նչ էի մտածում,- Արան մի պահ լռում է,- մտածում էի, որ իմ ոսկին տվեցի ուրիշի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել