Հայաստանը ոլորտի զարգացման ճիշտ ուղի է որդեգրել
Նկատել են Ռոն-Ալպ ռեգիոնի պատվիրակության անդամները
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ֆրանսիական Ռոն-Ալպ ռեգիոնի պատվիրակությանը` շրջանային խորհրդի փոխնախագահ տկն Վերոնիկ Մորեյրայի գլխավորությամբ:
Ռոն-Ալպ ռեգիոնը գործակցում է Հայաստանի մի շարք համայնքների հետ: Վ. Մորեյրան փոխվարչապետին ներկայացրել է Հայաստանի հետ գործակցության սկզբունքները` նշելով, որ մտադիր են համախմբել Ռոն-Ալպ ռեգիոնում տարբեր համայնքների եւ տարբեր ասոցիացիաների կողմից Հայաստանի հետ համագործակցության բոլոր նախաձեռնությունները եւ դրանց առավել համակարգված բնույթ հաղորդել: Որպես գործակցության ուղղություններ նշվել են տնտեսական, գյուղական զարգացման եւ զբոսաշրջության ոլորտները:
Ա. Գեւորգյանը ողջունել է նման մտադրությունը` ավելացնելով, որ վերոնշյալ ուղղությունները համահունչ են ՀՀ կառավարության որդեգրած` տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը: Նշվել է, որ վերջին տարիներին մարզերում սոցիալական եւ արտադրական ենթակառուցվածքները բարելավելու առումով զգալի աշխատանքներ են տարվում, կան տեսանելի արդյունքներ, թեեւ անելիքները դեռեւս շատ են: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ նաեւ ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ հնարավոր կլինի հաղթահարել առկա խնդիրները:
Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, հյուրերը գոհունակություն են հայտնել ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի աշխատանքներից եւ քննարկված թեմաներից` նշելով, որ հետագա հանդիպումների ընթացքում հնարավոր կլինի շարունակաբար քննարկել գործակցության ուղղությունները: Նրանք Հայաստանում նկատել են զգալի առաջընթաց, իսկ համաժողովի քննարկումներից եկել են այն եզրահանգման, որ Հայաստանն այս ոլորտի զարգացման ճիշտ ուղի է որդեգրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել