HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ճգնաժամը քողարկել է հանք շահագործողների մութ գործերը

Երեւան-Սեւան մայրուղու «Չայնի» կոչվող հատվածի բլուրներից վերջին 3-4 տարիների ընթացքում գրեթե ոչինչ չի մնացել: Դրանք վերածվել են դատարկ բուրգերի: Մայրուղուց երեւացող մի քանի բլուրներ դեռեւս «անսասան» են երեւում, սակայն իրականում դրանք էլ փորված են հակառակ կողմից:

Տեխնիկայի օգնությամբ բլուրներից արտահանվող սպիտակ ավազով կառուցվում են հատկապես Երեւանի էլիտար շենքերը: Բլուրները գտնվում են Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում: Հանք շահագործողներից մի քանիսը, ըստ շրջանառվող լուրերի, բարձրաստիճան պաշտոնյաներ են: Վերահսկիչ պալատը 01.01.2006- 01.07.2008 թթ. «Ընդերքի օգտագործման տրամադրման օրինականության եւ ընդերքի օգտագործման մասին (ընտրանքային)» ուսումնասիրություններ էր կատարել: Ուսումնասիրության արդյունքները ներկայացված են նաեւ ՎՊ-ի 2008 թ. տարեկան հաշվետվության մեջ: Ըստ այդմ` «Քար եւ ավազ» ՓԲԸ-ն Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում (Կոտայքի մարզ) շահագործելով ապօրինի տեղամաս` պետական բյուջե չի վճարել 1.592.0 հազ. դրամ բնօգտագործման վճար: Նույն ընկերությունը Արմավիրի մարզի Փարաքարի բազալտի հանքավայրից չի վճարել 258.6 հազար դրամ, իսկ Նորագյուղի անդեզիտային բազալտի հանքավայրից` 816.9 հազ. դրամ բնօգտագործման վճար: ՎՊ-ն բացահայտել է, որ Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրը շահագործողներից «Ֆրակցիա» ԲԲԸ-ն պետական բյուջե չի վճարել 1.780.1 հազ. դրամ բնօգտագործման վճար, բացահայտվել է նաեւ ԲԲԸ-ի իրացման շրջանառությունը, ինչն առաջացնում է հարկային լրացուցիչ պարտավորություն` 48.300.0 դրամի չափով:

 Նույն հանքավայրի իր մասնաբաժինը շահագործելու համար «Գրիար» ՓԲԸ-ն պարտավոր էր պետբյուջե վճարել 518.4 հազ. դրամ բնօգտագործման վճար եւ իրացման շրջանառության հասույթը, ինչն առաջացնում է հարկային պարտավորություն 15.600.0 հազ. դրամի չափով: ՎՊ-ի ուսումնասիրության արդյունքում «Գրիարը» Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրից համապատասխանաբար պետբյուջե չի վճարել 775.0 հազ. եւ 18.300.0 դրամ: Այս ընկերությունը հանրությանն ավելի շատ հայտնի է Հյուսիսային պողոտայի բնակիչների նկատմամբ իրականացրած բռնի գործողություններով: «Գրիարը», որի սեփականատերը ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է, Հյուսիսային պողոտայում տարածքներ էր ստացել իրացման եւ կառուցապատման համար: Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրը շահագործում են 13 ընկերություններ: Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը օգոստոսի 3-ի գրությամբ «Հետքին» տեղեկացրել է, որ այդ ընկերություններից Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում արդյունահանում են իրականացնում 7 ընկերություններ, այդ թվում` «Քար եւ ավազ», «Ֆրակցիա» եւ «Գրիար» ՓԲԸ-ները: Իսկ մնացած 6 ընկերությունները, թեեւ ունեն հանքային իրավունքներ, սակայն դեռեւս արդյունահանում չեն իրականացնում: Բնապահպանության տեսչությունը 2006-2008 թթ. ընթացքում նշված կազմակերպություններում իրականացրել է տեսչական ստուգումներ. զարմանալի է, բայց փաստ, որ որեւէ բնապահպանական խախտում չի հայտնաբերվել: Այնպիսի տպավորություն է, որ նախարարությունում բացարձակ տեղյակ չեն Վերահսկիչ պալատի բացահայտումներից: Այն դեպքում, երբ ՎՊ-ն իր տարեկան հաշվետվության մեջ բնապահպանության նախարարությանն առաջարկել է «ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` ընդերքօգտագործողների կողմից հանքային իրավունքով տրամադրված տարածքից դուրս ապօրինի օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնելը բացառելու ուղղությամբ»: Իսկ իրենց տարածքից դուրս գործունեություն ծավալել են մի շարք շահագործողներ: ՎՊ-ն «Քար եւ ավազ» ՓԲԸ-ի դեպքում նաեւ արձանագրել է, որ «սահմանված չափաքանակի 50%-ից պակաս 3 տարվա ընթացքում արդյունահանում իրականացնելու համար ընկերության հանքային իրավունքը ենթակա է դադարեցման»: Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք, թե Վերահսկիչ պալատի բացահայտումը, այն է` «Ֆրակցիա» ԲԲԸ-ի եւ «Գրիար» ՓԲԸ-ի` մոտ 46.185.9 խմ լիթոիդային պեմզայի եւ 10.202.0 խմ հրաբխային խարամի արդյունահանմամբ համապատասխանաբար 48 մլն 300 հազ. եւ 33 մլն 900 հազ. դրամի չարտացոլված իրացման շրջանառության վերաբերյալ ՎՊ-ն նյութեր տրամադրե՞լ է, թե՞ ոչ, եւ արդյո՞ք ընկերությունների գործողությունը դատախազությունը որակել է հանցագործություն: ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի կազմակերպամեթոդական եւ հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը «Հետքին» տեղեկացրել է, որ Ջրաբերի ավազի հանքերում գործունեություն ծավալող «Ֆրակցիա» ԲԲ եւ «Գրիար» ՓԲ ընկերությունների չարտացոլված իրացման շրջանառության վերաբերյալ գլխավոր դատախազությունը Վերահսկիչ պալատից նյութեր չի ստացել. «Հետեւաբար, հիշյալ ընկերությունների գործունեությունը հանցագործություն որակելու կամ չորակելու, ինչպես նաեւ քրեական գործ հարուցելու մասին տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ»: Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումների վերաբերյալ նյութերը դատախազություն ուղարկվում են ՎՊ խորհրդի որոշմամբ: Ինչ վերաբերում է «Քար եւ ավազ», «Ֆրակցիա» եւ «Գրիար» ընկերություններին, ապա, ըստ ՎՊ-ի 8-րդ վարչության պետ Կ. Կարապետյանի, ոլորտը կանոնակարգող օրենքներnվ առաջին հերթին սահմանվում են զգուշացումներ, իսկ խախտումների վերացման համար էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը սահմանում է խախտումը վերացնելու որոշակի ժամկետներ: Անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս դադարեցված չէ «Քար եւ ավազ» ՓԲԸ-ի նշված իրավունքը, Կ. Կարապետյանը պատասխանել է, որ արձանագրված խախտումների մասին Վերահսկիչ պալատը տեղեկացրել է լիազոր մարմնին (նախարարությանը), որից հետո հանքային իրավունքը դադարեցնելու եւ լիցենզիայի պայմանագիրը լուծելու գործընթացը պետք է կատարի նախարարությունը: Իսկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում, կարծես, այնքան էլ չեն շտապում կատարել օրենքի պահանջը: Նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի տեղեկացմամբ` Հայաստանում օգտակար հանածոների շահագործման նպատակով տրված 470 հանքավայրերի մոտ 90 տոկոսը կազմում են շինանյութերի օգտակար հանածոների հանքավայրերը: Կոնցեսիոն գործակալությունը 3 տարվա ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման տարեկան ծավալները չկատարած տնտեսվարող սուբյեկտներին գրավոր ծանուցել է, եւ որոշ ժամանակ անց տնտեսվարող սուբյեկտների հանքային իրավունքները ներկայացվել են զրկման, այդ թվում` «Քար եւ ավազ» ՓԲԸ-ինը: Կ. Կարապետյանի ասելով, նման իրավիճակ է ստեղծվել մոտ 200 տնտեսվարող սուբյեկտների մոտ, եւ ելնելով շինարարական ոլորտում տիրող ոչ բարենպաստ պայմաններից` նախարարությունը, հաշվի առնելով լիցենզիայի պայմանագրերի «անհաղթահարելի ուժի հանգամանքներ» հոդվածի դրույթները, նշված տնտեսվարող սուբյեկտների հանքային իրավունքների դադարեցման գործընթացը ժամանակավոր կասեցրել է: Թե ինչ ծանր կացության մեջ են հայտնվել տնտեսվարող սուբյեկտները, այդպես էլ պարզ չդրաձավ, քանի որ նրանք շարունակում են շահագործել հանքավայրը: Նաեւ հետաքրքրվել էինք` արդյոք «Քար եւ ավազ», «Ֆրակցիա» եւ «Գրիար» ընկերությունները պետական բյուջե վճարե՞լ են թաքցրած հարկերը: Նախարարությունում չկարողացան տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունների մասին տեղեկություն տալ` պատճառաբանելով, որ իրենք տեղեկանում են ՊԵԿ-ի` պարբերաբար տրամադրվող տեղեկանքներից: Սակայն, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը 2009 եւ 2010 թվականների ընթացքում «Ֆրակցիա» ԲԲԸ-ի եւ «Գրիար» ՓԲԸ-ի հարկային պարտավորությունների մասին ՊԵԿ-ից տեղեկատվություն չի ստացել: Իսկ Պետեկամուտների կոմիտեից, ինչպես պարզվում է, նման տեղեկատվություն ստանալը գրեթե անհնար է: «Հետքը» նույնպես բախվել է այդ խնդրին: ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Ա. Բեյբությանը, պատասխանելով մեր հարցմանը, նշել է, որ մեր պահանջած տեղեկությունը չի կարող տրամադրվել` հիշատակելով Կառավարության համապատասխան որոշումը: Ըստ Ա. Բեյբությանի` տեղեկատվություն ստացող մարմնի ղեկավարը տեղեկությունները հարկային ծառայությունից ստանալու համար ներկայացնում է դիմում, որտեղ մի շարք պահանջներից հետո պետք է գրվի նաեւ հարցվող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը: Այսինքն` պահանջում են այնպիսի տեղեկություն, որին տիրապետում են միայն հարկային մարմինները եւ տվյալ ընկերությունները, որոնցից այն ստանալը տեսականորեն անհնար է: Եվս մեկ անգամ դիմեցինք ՊԵԿ-ին` խնդրելով պարզաբանել, թե ինչպես պետք է իմանանք հարկ վճարողի հաշվառման համարը, երբ այդ տեղեկատվությանը տիրապետում են միայն իրենք: Մեր երկրորդ նամակին ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Ռ. Ավագյանը տվել է «սպառիչ» պատասխան. «Միաժամանակ հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկատվությունը «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է հարկային գաղտնիք, իսկ նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` հարկային մարմինը պարտավոր է պահպանել հարկային գաղտնիքը: Վերոգրյալը հիմք ընդունելով` հայցվող տեղեկությունը ենթակա է մերժման»: Պարզ է, որ ՊԵԿ-ը հրաժարվում է տրամադրել տեղեկություններ պետությանը որոշակի վնաս հասցրած ընկերությունների հարկային պարտավորությունների վերաբերյալ: Պարզ չէ մի բան` ինչու՞ է Վերահսկիչ պալատը պարբերաբեր «շոուներ» կազմակերպում հերթական «բացահայտումների» մասին, ճիշտ չէ՞ր լինի իրար հետ նստեին եւ իրենց հաշիվները պարզաբանեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter