HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխել համազգային աղետը

 Ռաֆիկ Համբարձումյան

«Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, քան ինքնասպանությունից»

Առաջին հայացքից խոսքս կարող է ոմանց համար հանդուգն ու բարձրագոչ թվալ, սակայն հասել ենք մի հանգրվանի, երբ զոհասեղանին է դրված ամբողջ ժողովրդի նույնիսկ կենսագոյատեւման ապագան, այլեւս անհնար է լռել:

Մտադիր էլ չեմ դատավորի դեր ստանձնել, Աստված է դատավոր: Համաշխարհային էներգետիկ ճգնաժամից առավել այսօր մոլորակի ողջ մարդկության առջեւ ամենայն սրությամբ ծառացած է քաղցրահամ ջրային պաշարների սակավության պրոբլեմը: Բավական է նշել, որ երկրակեղեւի կայուն ջրային պաշարներից խմելու համար մատչելի է ընդամենը 0.3 տոկոսը: Արդեն մեր օրերում մաքուր ջուրը անմատչելի է երկրագնդի ավելի քան 1 մլրդ բնակչության համար: Ջրի պակասից ու աղտոտվածությունից տարեկան մահանում է շուրջ 5 մլն մարդ: Աղբյուրների, ստորգետնյա ջրային պաշարների խնայողության նպատակով Միջերկրական ծովի ափամերձ որոշ երկրներում, մասնավորապես` Իսրայելում, հսկայական չափերի հասնող ֆինանսական ներդրումներ են արվում անգամ ծովի ջրերը աղազերծելու եւ ոռոգման ու կենցաղային կարիքների համար օգտագործելու նպատակով: Ըստ գիտական վերլուծական կենտրոնների եզրահանգումների` համաշխարհային գլոբալ ջերմացման պայմաններում քաղցրահամ ջրային պաշարների սակավության խնդիրը նույնիսկ կարող է առաջ բերել մոլորակի աճող բնակչության հարյուրավոր միլիոնների հասնող տեղաշարժերի, այդ հողի վրա պետությունների միջեւ բախումների ու պատերազմների: Եվ այժմ քաղցրահամ ջրային պաշարների պահպանությունը ու խնայողաբար օգտագործումը ստանում է ոչ միայն ներպետական, այլեւ միջազգային նշանակություն: Իզուր չէ, որ 21-րդ դարը հայտարարված է քաղցրահամ ջրերի դար: Չէի ցանկանա շահագործել ձեր համբերությունը, սակայն որպեսզի մտքերս ապրիորի չհնչեն, հասու լինեն ընթերցողին, պետք է անդրադառնամ արծարծվող թեմայի նախապատմությանը եւ հույժ կարեւորությանը: Մեր երկրի բնակչության գերակշիռ մասով բնակեցված Արարատյան դաշտի իջվածքը` շուրջ 4200 քառ. կմ տարածքով, տեղադրված է Արարատի, Գեղամա ու Արագած լեռնազանգվածների միջեւ` ծովի մակերեւույթներից 800-1000 մ բարձրության վրա: Որպես երկնային, տիեզերական բացառիկ պարգեւ` երկիր մոլորակի բարձրավանդակներից Հայկական լեռնաշխարհի` Երկրակեղեւի այդ փոքրիկ հատվածում Աստծո կամոք հազարամյակներ շարունակաբար ընթացող բնականոն երեւույթների արդյունքում կուտակվել է նավթից, գազից ու մյուս բոլոր «արժեքներից» առավել թանկ, բնակչության կենսագոյատեւման համար անփոխարինելի հարստությունը` Սեւանա լճի, Արագած-Գեղամա լեռնային գոտու օգտակար միկրոտարրերով հարուստ հազվագյուտ կենարար աղբյուրները սնող ջրավազանների ու Արարատյան դաշտի ստորգետնյա քաղցրահամ ջրային պաշարները: Ցավոք սրտի, մարդկային գործոնի անխոհեմ (մեղմ է ասված) միջամտության հետեւանքով ջրային պաշարներն այժմ արդեն հասել են վտանգավոր չափերի: Այս կարեւորագույն տարածքի հիդրոերկրաբանական կառուցվածքը զգալիորեն խաթարվեց դեռ նախորդ դարի 30-ական թվականներին, երբ ժողովրդական տնտեսության ծայրահեղ կարիքներից ելնելով` կառուցվեց էլեկտրակայանների Սեւան-Հրազդան կասկադը: Բարեբախտաբար, հանրապետության ղեկավարությունը, գիտակցելով Սեւանի մակարդակի պահպանման ու հետագա բարձրացման սոցիալ-տնտեսական եւ, որ ամենակարեւորն է, ջրաէկոհամակարգին սպառնացող համազգային աղետի կանխման առաքելությունը, 1960-ական թթ. կեսերին ձեռնարկեց Արփա-Սեւան թունելի նախագծման ու հետագա շինարարության աշխատանքները, որով հնարավոր է ոչ միայն կանխել լճի մակարդակի իջեցումը, այլ հետագա տարիներին աստիճանաբար բարձրացնել այն: Դրանով հանդերձ, այսօր էլ ջրային պաշարների սակավության խնդիրն առկա է ու խիստ մտահոգիչ: ՀՀ-ն ջրային ռեսուրսների շարժուն պաշարների ծավալներով նախկին ԽՍՀՄ միջին ցուցանիշը զիջում էր 7.5 անգամ: Թե վերջին 20 տարիներին համատարած անտառահատումների հետեւանքով այդ ծավալներն ինչքան են նվազել, ակնհայտ է: Թվում էր, որ այս ամենը հաշվի առնելով` ջրային պաշարների պահպանությունը պետք է դառնար պետական, համազգային հոգածության առարկա, սակայն իրականում ճիշտ հակառակն է: Վիճակը տագնապալի է հատկապես Արարատյան դաշտի ընդերքի քաղցրահամ, չվերականգնվող կամ դարերի ընթացքում դժվար վերականգնվող ջրային պաշարների պահպանման ու օգտագործման բնագավառում: Հասել ենք մի այնպիսի անհեթեթ իրավիճակի, որ պետական մարմինների թույլտվությամբ ու հովանավորությամբ, անձնական շահի մոլուցքով տարված` ագահորեն կեղեքվում է Արարատյան դաշտի ընդերքը: Որպես տնտեսության բնագավառի «խոշոր ձեռքբերում» հեռուստաեթերով ցուցադրվում ու պրոպագանդվում է տասնյակ խմ/վրկ ծավալներով թալանվող ստորգետնյա քաղցրահամ ջրերի հաշվին արհեստական լճակներում ձկնաբուծության զարգացման չարաբաստիկ բիզնես-երեւույթը: Ավելին, հայտարարվում է ստորգետնյա ջրային պաշարների հաշվին թանկարժեք ձկնատեսակների արտադրության ծավալները բազմապատկելու մասին` այն տասնյակ հազարավոր բնական լճեր ու անսահմանափակ ջրային ռեսուրսներ ունեցող երկրներ` Բելառուս, Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, անգամ Կանադա արտահանելու նպատակով: Տեղին է ասված` չգիտես` լա՞ս, թե՞ խնդաս... Ուզում եմ հիշեցնել, որ մինչեւ 1990-ական թթ. ներկայիս Արարատի մարզի տարածքում, մասնավորապես` Մասիսի շրջանում, Զանգվի ու Արաքսի մերձակա աղակալած ու ճահճային հողերի վրա արհեստական լճակներում արդյունաբերական եղանակով արտադրվում էր հազարավոր տոննա ձկնեղեն, բայց ոչ ի հաշիվ ընդերքի քաղցրահամ ջրերի: Այդ նպատակով Ռանչպարում կառուցված պոմպակայանի միջոցով մղվել ու օգտագործվել են Մեծամորի, իսկ Արարատի շրջանում` Արաքս գետի ջրերը: Ավելին` հանրապետական ու շրջանային մարմինները հատուկ հսկողություն էին սահմանում ոռոգման նպատակներով ինքնաբուխ արտեզյան ջրերի օգտագործումը նվազագույնի հասցնելու, հետագա տարիներին` իսպառ կրճատելու համար: 1988 թ. ՀԿԿ Կենտկոմում «ջրային ռեսուրսների օգտագործման բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» հարցի համակողմանի ու թեժ քննարկման արդյունքում Կառավարության հետ համատեղ իրականացվեցին գործնական քայլեր` փակվեցին զգալի քանակությամբ ինքնաբուխ արտեզյան ջրհորեր, խստիվ արգելվեց նորերի շահագործումը: 1990-ական թթ. սկզբներին շանտաժի, անգամ ահաբեկման փորձեր են եղել ձկնաբուծության նպատակով Մասիսի շրջանում հողահատկացումների ու խորքային նոր հորերի շահագործման թույլտվություն ստանալու համար, սակայն կտրականապես մերժվել են: Այսօր ընդերքի առանց այդ էլ սպառման շեմին գտնվող ջրային պաշարների բացահայտ կողոպուտի` ձկնաբուծական արհեստական լճակներում ինքնաբուխ շատրվանների սահմռկեցուցիչ տեսարանը դիտելով` ակամա հիշում ես աստվածաշնչյան առասպելը, ըստ որի Արարիչը ջրահեղձմամբ պատել է մարդկանց` ի վերուստ սահմանված արգելքների խախտման, նրանց անողոք, վատաբարո վարքի եւ այլ մեղքերի համար: Տեսնելով այս ամենը` սոսկում ես, մի՞թե մեր ժողովրդին պետք է պատուհասի մի նոր արհավիրհք` ջրազրկում ու անապատացում: Ցավոք, այս ամենը սարսափի ժանրից չէ, այն, որքան էլ դառը, բայց ռեալ, օբյեկտիվ իրականություն է: Այն, ինչ կատարվում է ջրային պահուստների հետ այսօր, նման է խրախճանքի ժանտախտից առաջ: Արարատյան դաշտավայրի ընդերքից ձկնաբուծական նպատակով շռայլվող ջուրը գերազանցում է Սեւանա լիճ թափվող բոլոր գետերի ու Արփա-Սեւան թունելի հոսքերը միասին վերցրած (տարեկան մոտ 1 մլրդ խմ): Ըստ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության 25.05.2010 թ. լրատվական ծառայության տվյալների` միայն Արմավիրի մարզում ձկնաբուծական լճակներում տարեկան վատնվում է 350 մլն խմ ջուր: Իսկ այդ նպատակով շահագործվող ինքնաբուխ ջրհորերը հիմնականում Մասիսի տարածաշրջանում են, եւ դրանցից արդյունահանվող քաղցրահամ ջրերի ընդհանուր ծավալները մոտավոր հաշվարկով արդեն հատում են տարեկան 1 մլրդ խմ-ի սահմանը: Ներկա տեմպերով ինքնաբուխ նոր ջրհորերի շահագործմամբ` այն կարող է հասնել անգամ ամբողջ աշխարհում ագահորեն արդյունահանվող նավթի ծավալներին: Չպետք է մոռանալ, որ ստորգետնյա ջրավազանները գտնվում են ծովի մակերեւույթից 700 մ եւ ավելի բարձրության վրա, պաշարներն էլ սահմանափակ են ու դժվար վերականգնվող: Իսկ Երկիր մոլորակը, ինչպես եւ Տիեզերքը, ոչ մի դիսբալանս չի հանդուրժում: Ինքնահավասարակշռվող Երկրագնդի, ինքնահավասարակշռվող էկոլոգիական կենսաբանության հանդեպ անխոհեմ ու չարագործ վերաբերմունքը հաճախ աղետաբեր հետեւանքներ է ունենում: Այս օբյեկտիվ ճշմարտության անտեսումը, ստորգետնյա ջրային պաշարների աներեւակայելի ծավալների հասնող թալանը բացահայտ ինքնասպանություն է` նման տաք ջրով լցված լոգարանում սեփական երակը կտրելուն, որի հետեւանքներն արդեն զգացվում են: Ընդերքի ջրավազաններում ճնշումային ջրերի մակարդակի կտրուկ իջեցման հետեւանքով Մասիսի տարածաշրջանի (զբաղեցնում է ստորգետնյա ջրային պաշարների գերակշիռ մասը) Արբաթ, Ղուկասավան, Դարակերտ, Նիզամի, Խաչփառ ու հարակից մի շարք գյուղերի, Մասիս քաղաքի հյուսիսային հատվածի հողատարածքներում ոռոգման նպատակով շահագործվող ինքնաբուխ արտեզյան ջրհորերը հիմնականում արդեն ցամաքել են: Ընդերքի նման կողոպուտը առաջիկայում հասցնելու է ոչ միայն ստորգետնյա ջրային պաշարների իսպառ վերացման: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արարատյան դաշտի իջվածքը երիզող լեռնային գոտիների բնական աղբյուրներն ու գետերը եւս հիմնականում սնվում են համեմատաբար բարձր գոտիների ստորերկրյա ջրային պաշարների հաշվին, իսկ նշված տարածքում երկրակեղեւի տարբեր մակարդակների վրա գտնվող ջրավազանները, անշուշտ, փոխկապակցված են, ակնհայտ է դառնում նաեւ Արարատյան դաշտ հոսող ջրային ռեսուրսների շարժում պաշարների կտրուկ նվազեցման ու հետագա ցամաքեցման վտանգը` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այժմ էլ կամայական վերաբերմունքի մի նոր, զավեշտալի գործընթաց է սկսվել հենց նախալեռնային ու լեռնային գոտիների բնապահպանության ու ջրային պաշարների հետ կապված: Կոտայքի մարզի հանքային ջրերի 2 խոշոր գործարանների արտադրական կարողությունները լրիվ հզորությամբ շահագործելու, անհրաժեշտության դեպքում այնտեղ արդյունահանման հոսքագծերի նոր տեխնոլոգիաներ ներդնելու եւ արտադրության ծավալները ավելացնելու փոխարեն, ՀՀ Կառավարության որոշմամբ, Հրազդանի տարածաշրջանի Արտավազ համայնքի հարակից աշխարհի լավագույն ջրերի շարքին դասվող, օգտակար միկրոտարրերով հարուստ կենարար աղբյուրները սնող 1400 հա ջրավազանը` ստորգետնյա ջրային պաշարներով, ճանաչվել է որպես «բացառիկ գերակա շահ» եւ հատկացվել օտարերկրյա անհայտ ընկերությանը, որը քաղցրահամ ու հանքային ջրերի նոր գործարան է կառուցելու: Ընդ որում` միայն շինարարության համար հատկացվել է 40 հա: Հանրահայտ է, որ նման պարագաներում «հանուն պետական, բացառիկ, գերակա շահի» հազարավոր հեկտարներով բնապահպանական տարածքների օտարումը, անտառների ու կանաչ տարածքների անխնա ոչնչացումը իրականում բխում է ոչ թե մեր երկրի ու հանրության շահերից, այլ հետապնդում է օտարերկրյա ներդրողի վաշխառուական եկամուտ ու մասնավոր անձանց առեւտրային շահ, իսկ այս ամենը ցավալիորեն տանում է անապատացման ու բնապահպանական աղետի: Ի վերջո, ամփոփելով փաստերը` գալիս ենք անառարկելի եզրահանգման, այն է` ջրային ռեսուրսների պահպանման վիճակը տագնապահարույց է: Նկատի ունենալով, որ մեր երկրի բնակչության գերակշիռ մասի ջրի պահանջը բավարարվում է Արագած-Գեղամա լեռնագոտու ջրավազային ու Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների հաշվին, ստեղծված իրավիճակը շարունակելու դեպքում մոտ ապագայում զրկվելու ենք ջրային պահուստներից եւ, այլ ելք չունենալով, ստիպված պետք է դիվանագիտական ճիգեր գործադրենք ու խնդրենք Թուրքիայի իշխանությունների համաձայնությունը` օգտագործելու Արաքս գետի ջրերը: Սակայն նկատի ունենալով, որ մեր «բարի» դրացիները նախատեսել են Կարսի մարզի տարածքում արգելափակել Արաքս գետի հունը եւ այնտեղ ոռոգման նպատակներով խոշոր ջրամբար կառուցել, ստանալու ենք մի կորսված հնարավորություն: Միգուցե այդ ժամանակ հիշենք «...վերջին խելքի» մարմաջը: Պետք է նաեւ արձանագրել, որ ձկնաբուծական լճակներում օգտագործվող ջրերը, լցվելով Մասիսի (եւ ոչ միայն) տարածաշրջանի չորացման դրենաժային համակարգերը, հազարավոր հա գյուղատնտեսական օգտագործելի հողեր ենթարկում են կրկնակի աղակալման ու ճահճացման: Միաժամանակ, թափվելով Արաքս, ոռոգման նպատակներով շռայլորեն օգտագործվում է հարեւան Ադրբեջանի Հանրապետությունում: Մյուս ոչ պակաս վտանգավոր հետեւանքը. Հայկական լեռնաշխարհը գտնվում է Երկրագնդի առաջին գլխավոր սեյսմիկ գոտում, Արարատյան գոգավորությունը` ՀՀ տարածքի 8 բալանոց առավել սեյսմակտիվ շրջանում, եւ թե ընդամենը 250-300 քառ. կմ զբաղեցնող տարածքում ընդերքի նման անխնա շահագործումը, տարեկան արդեն միլիարդավոր խմ հասնող քաղցրահամ ջրային պահուստների կողոպուտի «արդյունքում» ծովի մակարդակից 600-700 մ բարձրության ստորերկրյա ջրավազանների ծավալների կտրուկ նվազեցումը, ճնշումային աստիճանափոխումը ու դատարկությունների առաջացումը երկրակեղեւի այս աննշան հատվածում ներքին պրոցեսների անդարձելի փոփոխությունների պատճառով ինչպիսի՞ տեկտոնիկ աղետաբեր հետեւանքներ կունենա, դա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հարգարժան գիտնականների որոշելիք խնդիրն է: Ոչ պակաս կարեւոր են նաեւ ստորգետնյա ջրավազանների ծավալների նվազեցման ու Սեւանա լճի մակարդակի տատանումների, Արարատյան դաշտը երիզող լեռնային գոտու բնական աղբյուրների ու գետերի հետագա ցամաքեցման վտանգի փոխկապակցվածության ու դրա հետեւանքների գիտական հիմնավորումները: Քանի որ բնապահպանության, մասնավորապես` ջրային ռեսուրսների պահպանման ու օգտագործման, բնագավառում տիրող աղետալի վիճակը լոկ հետեւանք է, իսկ պատճառներն առավել խորքային են` տանում են հոգեւորի, բարոյականության, քաղաքականության ու տնտեսության ոլորտներ, ուստի անհրաժեշտաբար երեւույթները պետք է մեկնաբանեի նաեւ այդ համատեքստում: Սակայն դա մեկ այլ քննարկման թեմա է: Ուզում եմ միայն հարցնել պատկան իրավասու մարմինների ղեկավարներին` մի՞թե կենսաբանական այս նախճիրը, բնապահպանական խնդիրների վերաբերյալ մամուլում հրապարակվող բազմաթիվ մտահոգիչ ու աղաղակող փաստերը կոռուպցիայի ու հովանավորչության ցցուն օրինակներ չեն: Երկար մտորեցի` արդյո՞ք պահն է աշխարհաքաղաքական վայրիվերումներով լի, հատկապես մեր տարածաշրջանում սպասվող անկանխատեսելի ժամանակների, ներքին տնտեսական ու քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում իշխանության համար լրացուցիչ խնդիրներ առաջադրելու համար: Սակայն խորապես համոզված լինելով, որ բաց թողնված յուրաքանչյուր օր ու ժամ ավելի է մոտեցնում համազգային գլոբալ բնապահպանական աղետը, այնուամենայնիվ, որոշեցի բաց նամակով դիմել Ձեզ: Ճակատագրի բերումով դաժան փորձությունների դիմակայած ազգը իր մեջ ուժ կգտնի սպառողական հոգեբանության, արդեն հիվանդություն դարձած ընչաքաղցության ու փառասիրության աղտից ձերբազատվելու, հզոր գենոտիպով օժտված, քաղաքակիրթ ժողովրդին հարիր հասարակական-արտադրական հարաբերությունների վրա ամուր պետականություն կառուցելու: Սակայն այն, ինչ կատարվում է գնալով սպառվող ջրային պաշարների հետ, անդառնալի կորուստ է` կործանարար հետեւանքներով: Պրն նախագահ, այս ցավալի իրողությունը ոչ միայն սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը, ավելին` զոհասեղանին է դրված մեր երկրի ու ժողովրդի կենսագոյատեւման ապագան: Հուսով եմ, որ Դուք` որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, հնարավոր բոլոր միջոցներով օր առաջ կկանխեք ակնհայտ ոճիրը` ջրային ռեսուրսների անխնա շռայլումը, մասնավորապես` Արարատյան դաշտի ընդերքի ջրային պահուստների ահագնացող կողոպուտը: Նկատի ունենալով, որ բարձրացվող հարցն ամենեւին էլ հռետորական չէ, եւ ելնելով թեմայի բացառիկ կարեւորությունից ու հրատապությունից` ցանկանում եմ այդ խնդրի որոշակի լուծումներ առաջարկել. - Նախ` ջրային ռեսուրսների պահպանման ու ջրօգտագործողների հարաբերությունների կարգավորման նպատակով անհրաժեշտ է հանգամանորեն քննարկել եւ ընդունել ջրային օրենսդրության լրամշակված նոր նորմեր` հիմք ընդունելով առանց բացառության ջրային բոլոր օբյեկտների պետական սեփականության սկզբունքը: - Ահագնացող աղետը կանխելու, վտանգավոր չափերի հասած ջրային պաշարները պահպանելու եւ գալիք սերունդներին փոխանցելու նպատակով առաջին հերթին արգելափակել ձկնաբուծության համար շահագործվող ինքնաբուխ բոլոր արտեզյան ջրհորերը, հանգամանորեն գույքագրել, ուսումնասիրել եւ լրամշակված ջրային նոր օրենսգրքով ու Կառավարության հատուկ որոշմամբ սահմանել Արարատյան դաշտավայրի բոլոր մյուս արտեզյան ինքնաբուխ ջրհորերը արգելափակելու հնարավոր կարճ ու հստակ ժամանակացույց` բացառությամբ մայրաքաղաքի եւ հարակից այլ բնակավայրերի բնակչության կենցաղային կարիքների համար շահագործվող ջրհորերի: Օրենքով սահմանել, որ մինչեւ Արփա-Սեւան թունելի ելքային մասի մակարդակի «նիշին» հավասար Սեւանա լճի ափամերձ ողջ տարածքը, Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարները, նախալեռնային-լեռնային գոտիների հանքային ջրերը ու կենարար աղբյուրները սնող ջրավազանները` իրենց ջրային պաշարներով ու պահպանման գոտիներով, բացառիկ պետական սեփականություն են եւ օտարման ենթակա չեն: - Խստիվ արգելել այդ տարածքներում ցանկացած տիպի շինարարություն` միաժամանակ լուծելով նորմերի խախտումներով կառուցված օբյեկտների հարցը: - Ազգային ժողովի նիստում հատուկ քննարկման ներկայացնել ՀՀ Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Արտավազ համայնքի 1400 հա տարածքը «բացառիկ, գերակա շահ» ճանաչելու եւ այն քաղցրահամ ու հանքային ջրերի արդյունահանման համար օտարերկրյա ընկերությանը ու մասնավոր իրավաբանական անձանց հատկացնելու նպատակահարմարության հարցը: Նկատի ունենալով, որ Արարատյան դաշտում գործող հարյուրավոր ինքնաբուխ ջրհորերի (որոնց մի մասը գտնվում է վթարային վիճակում, արտախողովակային զգալի հոսքերով) արգելափակումը պայմանավորված է մեծածավալ ինժեներատեխնիկական ու շինարարական աշխատանքներով, ուստի պահանջվում է հիդրոերկրաբանական խորը գիտական վերլուծություն, հանգամանալի քննարկում ու անհետաձգելի կոնկրետ գործողություն: - Հաշվի առնելով այն անժխտելի իրողությունը, որ մամուլում հաճախակի դարձած սուր ու մտահոգիչ ահազանգերով այլեւս համընդանուր դարձած բնապահպանական խնդիրները չեն լուծվում, նպատակահարմար է նոր օրենքով ստեղծել գերատեսչական բոլոր ֆունկցիաներով օժտված ՀՀ բնապահպանության, ջրային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտե եւ այն համալրել առանց կուսակցական պատկանելության գիտնականներով ու կազմակերպչական աշխատանքի փորձառու մասնագետներով ու անկախ փորձագետներով: - Սահմանել առաջին փոխվարչապետի` ՀՀ բնապահպանության ու ջրային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեի նախագահի հաստիք, որը պետք է օժտված լինի բնապահպանության ու ջրային ռեսուրսների օգտագործման հարցերում բոլոր նախարություններին, այդ թվում` վարչական մարմիններին անմիջական ու անբեկանելի հանձնարարականներ տալու իրավասությամբ: Թող չափազանցություն ու տարօրինակ չթվա. ստեղծվող պետական կոմիտեն պետք է դիտվի որպես մեր երկրի ուժային կառույցներին հավասարազոր (եթե ոչ ավելին) մարմին, քանզի բնապահպանության բնագավառում ստեղծված է այնպիսի իրավիճակ, որ այսուհետեւ առանց մեկի մյուսների գոյությունն անիմաստ է դառնալու: Ամայի տարածքը պահպանելու ու պաշտպանելու կարիք էլ չի լինելու: - Հանրապետության տարածքի բնապահպանական հիդրոերկրաբանական կառուցվածքի, ջրաէկոհամակարգի, ջրային պրոբլեմների համակողմանի ուսումնասիրման ու խորը գիտական վերլուծության, ամբողջ ջրային պաշարների հուսալի պահպանության նպատակով համապատասխան բաժանմունքներ ստեղծել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Հաշվի առնելով ծառացած խնդիրների համազգային, համապետական նշանակությունը` անգամ տնտեսության ներկա վիճակի պայմաններում, քաղաքական կամքի առկայության դեպքում, այդ նպատակի համար ֆինանսավորման աղբյուրների պակաս չի լինի: Բացառված չէ, որ տարատեսակ խմբերի շահերի սպասարկու գիտնականներ, տնտեսության ու քաղաքականության բնագավառներում ճանաչում գտած գործիչներ կփորձեն իրենց սոփեստաբանությամբ, ուշագրավ, բայց ոչ ճշմարիտ մտավարժանքներով համոզել հակառակը` հանուն «էլիտար ձկնաբուծության» բիզնեսից ստացվող տարեկան մի քանի մլն-ի հասնող շահույթների վետո դնել անգամ համազգային աղետի կանխմանն ուղղված գործողությունների վրա: Չեմ ուզում երեւույթներն անձնավորել: Ուղղակի հորդորում եմ ձեզ, պարոնայք, կանգ առեք: Հոգ չէ, առանց այդ էլ դուք ապահովել եք ձեր կլանների ու ընտանիքների մի քանի սերունդների ցոփ ու շվայտ ապագան: Չեմ էլ ցանկանա ռուսական պոեզիայի անզուգական հանճարի ցասումը բերել ձեզ, բայց, ի սեր ԱՍՏԾՈ, մեր տառապյալ ժողովրդի բանջարը ձեր «քանքարին» վնաս չէ, սթափվեք, կանգ առեք...: Հակառակ պարագայում, երբ ընդերքի անխնա շահագործումը գնալով մեծ թափ է առնում, եւ արդեն կորցրել ենք պահուստների զգալի մասը, ոչ միայն զրկվելու ենք ջրային ռեսուրսներից` մեր երկրի ու պետության համար բացառիկ ստրատեգիական հզոր գործոնից, այլեւ ազգովին հայտնվելու ենք անապատում բեկված նավակում եւ ստիպված ենք լինելու կրկին ազգովին հառաչել (հառաչանքի սովոր ենք) ու բողոքել .... բախտից` ի վերջո արժանանալով Աստծո ու սերունդների հավետ նզովքին: Աշխարհը կատարյալ է ստեղծված... Որդիական սիրով ու երախտագիտությամբ վարձահատույց լինենք մեր ժողովրդին տրված երկնային, տիեզերական բացառիկ պարգեւին` Բիբլիական Արարատը երիզող ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅԱՆԸ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter