HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Լիլիթ Պիպոյան. «Հիմա ես եմ ու իմ համակարգիչը»

Այսօր երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանն ու երգչուհի Լիլիթ Պիպոյանը «Հայելի» ակումբում պետք է խոսեին երաժշտության մասին: Սակայն Գիսանե Պալյանը առողջական խնդիրների պատճառով չէր եկել և իր փոխարեն ուղարկել էր «Էմփիռեյ» խմբի հիմնադիր անդամ, կիթառահար, երգահան Կարեն Արզումանյանին:

Լիլիթ Պիպոյանի և Կարեն Արզումանյանի խոսքերով` իրենք նորմալ են վերաբերում նրան, որ վերջին շրջանում տարբեր երգիչներ «լցնում են» Մարզահամերգային համալիրը: Լիլիթ Պիպոյանն ասում է, որ այս պահին ինքը չէր կարողանա «լցնել» համալիրը, մինչդեռ պոտենցիալ կար, և անհրաժեշտ էր որոշակի աշխատանք տանել: «Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ մշակութային երևույթների մասին մարդիկ պետք է տեղեկանան, արտիստը ինքն էլ պետք է ներկայանա, ակտիվ լինի»,- ասում է Լիլիթ Պիպոյանը:

Իսկ որպեսզի արտիստը ներկայացվի, անհրաժեշտ է գովազդ, որը նյութական հիմք ունի: «Ինչ որ կա, այդ էլ կանք: Մշակույթն էլ է նման նրան, որ ասում են` ժողովուրդը արժանի է իր ղեկավարներին: Ժողովուրդը փոքր երեխայի նման է. ինչ տալիս են, այն էլ ճանաչում է, սիրում»,- ասում է երգչուհին: «Ինչպիսին հանդիսատեսն է, այն էլ նրան մատուցվում է»,- ասում է Կարեն Արզումանյանը` միաժամանակ նշելով, որ Հայաստանում երգում են այն, ինչ պահանջում են: «Էմփիռեյ»-ը մոտ ապագայում ևս կփորձի «դահլիճ լցնել»` մենահամերգներով հանդես գալով Հայաստանում և արտասահմանում:

Հաջորդ տարի խումբը նախատեսում է երկրորդ ալբոմը թողարկել: Այն կընդգրկի 10-12 երգ, որից 6-ն արդեն ձայնագրված է: Լիլիթ Պիպոյանը շուրջ մեկ տարի շարունակ աշխատել էր մի ստեղծագործության վրա, որը կատարելու համար 16 երաժիշտ էր պետք: Երգչուհին ֆինանսավորում ստանալու հարցով դիմել էր Մշակույթի նախարարությանը, բայց մեկ տարի սպասելուց հետո մերժում ստացել: Դրանից հետո Լիլիթ Պիպոյանը որոշել է, որ այլևս չի դիմի պետական ատյաններին:

«Հիմա ես եմ ու իմ համակարգիչը: Շատ երջանիկ եմ, հիմա ծրագիր եմ գրում ֆոլկ-տրանս ոճի մեջ: Կեսը պատրաստ է, հուսով եմ` գարնանը փոքր կազմով կկարողանամ ներկայացնել»,- ասում է Լիլիթ Պիպոյանը: Երաժիշտները նշում են, որ հնարավոր է կոտրել կարծրատիպերը: Օրինակ` տարիներ առաջ Հայաստանում շատ քչերը գիտեին ռոքի, ջազի մասին: Նրանք նշում են, որ ջազը տարածում ստացավ շնորհիվ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ով այցելում էր «Առագաստ» սրճարան ու ջազ լսում, իսկ ռոքը` շնորհիվ վարչապետ Տիգրան Սարգսյանի: Անդրադառնալով «Հետք»-ի հարցին, թե ինքը ելույթ ունենալո՞ւ է վաղը կայանալիք «Էրեբունի-Երևանի 2792 ամյակի» միջոցառումներին շրջանակում` Լիլիթ Պիպոյանը պատասխանեց, որ չնայած ինքը շատ է սիրում բացօթյա համերգներ` բայց վաղվա միջոցառումներին հրավիրված չէ:

Ինչ վերաբերում է առհասարակ պետական համերգներին, ապա Լիլիթ Պիպոյանը երբեք չի մասնակցել դրանց, ինչի մեջ նաև իր մեղքն է տեսնում. տարիներ շարունակ իրեն հեռու է պահել զանգվածային միջոցառումներից: Այժմ նա զանգվածային միջոցառումներին մասնակցելու կարիք է զգում, բայց չեն հրավիրում: Իսկ «Էմփիռեյ»-ը երբեմն ելույթ է ունենում պետական համերգներին, պարզապես ռոք խմբի ելույթի համար անհրաժեշտ տեխնիկան շատ թանկ արժե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter