Ստուգումներ Շնողի դպրոցում
«Հետքի» հարցերին պատասխանում է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը
Շնող գյուղի վեց ծնողներ հրաժարվում են իրենց երեխաներին տանել առաջին դասարան` դասվարի պատճառով: Տեղյա՞կ եք այս խնդրին, եւ ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր վարչությունը:
Իմ դիրքորոշումն այսպիսին է. եթե ուսուցիչը ունեցել է 4-րդ դասարան, ավարտացրել է այդ դասարանը, ապա տրամաբանական է, որ հենց այդ դասվարը առաջին դասարան ընդունի: Այլ խնդիր է, որ դպրոցում կա նույն որակավորմամբ եւ կարծեմ ավելի երկար աշխատանքային ստաժ ունեցող անձնավորություն: Բայց գիտե՞ք ինչ, ինքը դասվար չի աշխատել վերջին տարին: Հետեւաբար, հավակնությունների իմաստով, գտնում եմ, որ առաջին դասարանում դասվար աշխատելու ավելի մեծ իրավունքներ ունի հենց իմ նշած 4-րդ դասարանն ավարտացրած դասվարը:
Այսինքն, ըստ Ձեզ` Շնող գյուղի առաջին դասարանի դասվար աշխատելու իրավունքը պատկանում է Անուշ Ղումաշյանին:
Իմ կարծիքով` այո: 5, թե 6 երեխա դպրոց չի գնում: Դա էլ ինձ համար բավարար հիմք չէ դասվարին փոխելու համար: Վերջին հաշվով, երեխաների դպրոց չգնալը ինչ-որ տեղ կարող է պայմանավորված լինել հենց այդ չաշխատող դասվարի գործոնով: Եվ վերջին հաշվով, ծնողներն իրենք չեն ընտրում, թե իրենց երեխաների հետ որ դասվարը պետք է պարապի: Դա ծնողներին վերապահված իրավունք չէ: Ծնողները ընդամենը կարող են հիմնավոր պատճառաբանություն բերել, որ այդ դասվարը լավ չի աշխատում, որպես ուսուցիչ չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, բայց եթե 6 երեխայի ծնող այդպես է գտնում, 14 երեխայի ծնող` ճիշտ հակառակը, բնականաբար, այդ դասվարի աշխատելու հետ կապված` մենք կարծես թե խնդիր չունենք: Եվ քանի որ երկու դասվարներն էլ ունեն նույն կրթությունը, այս պահին պետք է առաջնորդվենք բուհի տված դիպլոմով: Թե այդ դասվարներից ո՞վ է ավելի որակյալ մանկավարժ, առաջիկայում նախատեսվում է ատեստավորման գործընթաց, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե որ ուսուցիչն է ավելի որակյալ:
Դպրոցի տնօրեն Գեւորգ Ավետյանը սեպտեմբերի 1-ին առաջին դասարանի դասվար է նշանակել Նաիրա Ճիճիլյանին, սեպտեմբերի 3-ին նրան տեղեկացրել է, որ այլեւս դասվար չէ, սեպտեմբերի 4-ին էլ դասվար է նշանակել Անուշ Ղումաշյանին: Ո՞րն է այս փոփոխության պատճառը:
Չեմ թաքցնում, որ ես եմ տնօրենին բացատրել, որ նա խախտում է կատարում, եւ հանձնարարել եմ 4-րդ դասարանը ավարտացրածին աշխատանքի ընդունել: Այնպես որ, դա տնօրենի նախաձեռնությունը չէ: Եթե լուծումը այդպես չի տրվում, աշխատող դասվարը պետք է դիմեր դատարան, դատարանը անմիջապես վճիռ էր կայացնելու նրան աշխատանքում վերականգնելու մասին: Ինչի իրավունքը ես չեմ տեսնում մյուս դասվարի դեպքում, որովհետեւ նա դասվար չի աշխատել:
Նաիրա Ճիճիլյանը 15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժ ունի:
Նա կարող է 20 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժ ունենալ, կարող է դպրոցում մեթոդմիավորման նախագահ լինել, բայց դատարանը անպայման վճիռը կկայացներ աշխատող դասվարի օգտին, որովհետեւ աշխատող ուսուցչին աշխատանքից ազատելու համար հիմնավոր պատճառներ են պետք:
Չեք կարծու՞մ, որ դպրոցի տնօրենն իր գործը վատ է կատարել, եւ դրա համար նա որեւէ պատասխանատվության ենթարկվել՞ է մարզպետի կողմից:
Իմ բանավոր հանձնարարությամբ դպրոցի տնօրենը վերականգնել է այդ բացթողումը: Մենք կսպասենք, ինձ հասած տեղեկությամբ` այսօր կրթության տեսչությունը Շնողի դպրոցում ուսումնասիրությունններ է կատարում, տեսչության ներկայացուցիչն ինձ զանգել է, ես զբաղված եմ եղել, չեմ կարողացել խոսել նրա հետ: Այդ ուսումնասիրությունների արդյունքների մասին մարզպետը գրություն կստանա տեսչությունից, մենք կառաջնորդվենք այդ ուսումնասիրության արդյունքներով, չեմ թաքցնում` առաջիկա 2-3 օրվա մեջ ես նույնպես աշխատակիցներին ուղարկելու եմ դպրոցում այդ խնդիրը նորից ուսումնասիրելու, որից հետո մենք եզրակացության կհանգենք, թե տնօրենի կողմից կատարված քայլն ինչքանով է արժանի կարգապահական տույժի: Մյուս մանրամասները, որ առնչվում են այդ խնդրին, ինձ համար կպարզվեն:
Ասացիք, որ տնօրենը կատարել է Ձեր հանձնարարությունը: Դրանով չի՞ խախտվել դպրոցի կառավարման կոլեգիալ սկզբունքը:
Ոչ: Դպրոցի կառավարման խորհուրդը հիմնականում զբաղվում է ֆինանսատնտեսական գործունեությամբ: Դպրոցում անհրաժեշտ հաստիքների քանակը որոշում է կոլեգիալ կառավարման մարմինը եւ ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը: Իսկ մանկավարժական խորհուրդը, մեթոդմիավորումը դպրոցի տնօրենի համար կարող են միայն խորհրդակցական մարմիններ դիտվել: Վերջին հաշվով, դպրոցի գործատուն դպրոցի գործադիր տնօրենն է, ոչ թե խորհուրդը: Թե դպրոցում ով կաշխատի, ինչ որակավորմամբ, խորհուրդը այդ հարցերին չի խառնվում: Տնօրենն ինքն է որոշում, թե դպրոցի ուսումնադաստիարակչական գործունեությունը արդյունավետ կազմակերպելու համար ինչպիսի մանկավարժներ եւ ինչ քանակությամբ պետք է աշխատեն:
Ուսուցիչները պատմում են, որ Ալավերդու դպրոցի տնօրեններից մեկը աշխատանքի է գալիս ժամը 11-12-ին, սակայն դպրոց մտնելուն պես սկսում է ստուգել, թե որ ուսուցիչն է 9-ից 15 պակասից ուշ մտել դպրոց: Չեք կարծու՞մ, որ շատ տնօրեններ չեն համապատասխանում իրենց պաշտոնին:
Ես հեռու եմ այն մտքից, որ անմիջապես առարկեմ Ձեզ: Չի բացառվում: Ես մարզի 163 դպրոցից էլ անընդհատ ինֆորմացիա եմ ստանում: Ես գտնում եմ, որ այսօր հնարավորություն ունենք նման մարդկանցից ազատվելու, եւ այդ հնարավորությունը առավելագույնս պետք է օգտագործենք: Կարծում եմ` ընդամենը 1-2 ամսվա ընթացքում ազատվելու ենք այդպիսի մարդկանցից: Մենք էլ գիտենք նման մարդկանց տեղը: Կարծում եմ, որ լիցենզավորման գործընթացը սկսելու պահից (ենթադրում եմ, որ նոյեմբերին կսկսվի) «Հետքը» կհամագործակցի մեզ հետ (լուսաբանման առումով ի նկատի ունեմ):
Ալավերդիում մարդիկ ասում են, որ տնօրենները մարզպետարանին տված կաշառքների շնորհիվ են մնում իրենց պաշտոններում:
Դրանք անընդունելի կասկածներ են: Դուք հասարակական կարծիք եք հայտնում: Բացառվում է դա: Միանգամից ասեմ` բացառվում է: Որեւէ տնօրեն ինքը կարող է այդ մասին մտածել, բայց մենք տնօրեններին այդ մասին թույլ էլ չենք տալիս մտածել: Դրա համար էլ այդ հարցին չեմ ուզում պատասխանել: Բայց տնօրենին աշխատանքից ազատելու համար բավարար հիմքեր են պետք: Որպես կանոն, երբ այս կամ այն տնօրենի վերաբերյալ ահազանգեր են լինում, դրանք կամ անանուն են, կամ` հեռախոսազանգեր, երբ բողոքողին խնդրում ես ներկայանալ, 100 տոկոսը հրաժարվում է:
Մեկնաբանել