Հարստացե՛ք, պարոնայք, հարստացե՛ք
Սահակ Պողոսյան, արվեստագետ
Ես քաղաքական գործիչ չեմ, եւ չեմ սիրում քաղաքական լեքսիկոն, եւ չեմ էլ սիրում նաեւ քաղաքականացված արվեստ, որովհետեւ այնտեղ մարդկանց մի խումբ դրա միջոցով մի ուրիշ խմբի պարտադրում է իր արժեքային համակարգը: Իսկ այդ պարտադրանքի ժամանակ կորում է հոգու հայտնությունը, եւ այն, ի վերջո, վերածվում է քարոզչական կոնյուկտուրայի:
Կարելի է անդրադարձնել ամեն մի գաղափար, ամեն մի միտք, ամեն մի արտահայտություն, եթե դրա մեջ կա երկխոսություն ստեղծելու միտում: Իմ ողջ ստեղծագործութունը երկխոսություն է ինքս ինձ հետ: Իմ «Երկխոսություն» քանդակի կերպարը նույն մարդն է, որը փորձում է քանդել իր մտքի հանգույցը:
Այն, ինչով ես հիմա զբաղված եմ, շատ նման է այդ հանգույցը քանդելու պրոցեսին: Մեր կերպարվեստը այնքան քաղաքականացվեց եւ պրիմիտիվացվեց, որ իշխանությունները հասան ճիշտ իրենց երազած վիճակին: Վերեւները չեն կարող, ներքեւները չեն ուզում:
Վերեւները, տնօրինելով պետական ապարատը ու միջոցները, չեն կարող ապահովել երկրում միջազգային չափանիշներով արվեստի գոյությունը: Իսկ ներքեւները չեն ուզում համագործակցել պահպանողական ու փակ համակարգի հետ, եւ չկա երկխոսություն: Իսկ ես համոզված եմ, որ հարցերը լուծվում են միայն երկխոսության միջոցով:
Օրերս ես հնարավորություն ունեցա տեսնելու մի փաստաթուղթ, որով Մշակույթի նախարարություն կոչված հիմնարկությունը աշխատանքային հրահանգներ էր տալիս իր ստորադաս անդամներին: Հավատացնում եմ, որ դա արդի արվեստի գործ կարող էր համարվել, եթե ներկայացվեր որպես այդպիսին: Իրականում ամբողջ խնդիրը արդի արվեստում ներկայացումն է: Շատ հետաքրքիր բաներ են պատահում Հայաստանում:
Ընդհանրապես, կատարվում են գործողություններ, որոնք կարող են իսկապես արդի արվեստի գլուխգործոցներ լինել, եթե ներկայացվեն ճիշտ ու հեղինակային: Բայց, արդի արվեստ չհասկանալու պատճառով, այդ գլուխգործոցները չեն ներկայացվում որպես այդպիսիք:
Կնշեմ երկու օրինակ: Հիշու՞մ եք Արագածի շուրջպարը: Եթե այն չներկայացվեր որպես ազգի միասնության, ոգու, հաղթանակի ու էլի չգիտեմ ինչ սուտի բաներ, այլ ներկայացվեր որպես կամավոր մարդկանց բազմություն, որը զբաղված է մի աբսուրդային գաղափարով, ասենք, իր սիրած սարը գրկելով, դա կարելի էր տեղադրել երբեւիցե իրագործված լավագույն «փաբլիկ» (ժողովրդական) արվեստի պերֆորմանսների անթոլոգիայի մեջ:
Երկրորդ օրինակ. համեմատաբար վերջերս տեղի ունեցած «Գրանդ քենդի»-ի շոկոլադի ակցիան: Ծախսված էր հսկայական գումար: Հսկայական շոկոլադե քանդակը կարող էր Երեւանի շոգի պայմաններում տարրալուծվել քաղաքում եւ այն դարձնել շոկոլադի քաղաք: Չդարձրեց: Նպատակն ընդամենը պրիմիտիվ ամբիցիաներ բավարարելը, Գինեսի գրքի մեջ մտնելն էր: Մտանք, հետո՞:
Իսկ այն կարելի էր ներկայացնել որպես արդի արվեստի գործ, մարդիկ կհասկանային, որ ինչ-որ էսթետիկական գաղափարի համար ծախսվել են կոնկրետ մարդու փողերը, եւ այն հսկայական ազդեցություն կթողներ, մանավանդ երեխաների ազատ մտածելակերպի ձեւավորման համար, որ քաղաքը, որտեղ ինքը ծնվել է, կարող է լինել նաեւ շոկոլադից:
Արդի օբյեկտների ոչ մի ալբոմ այն բաց չէր թողնի իր էջերից: Արդյունքում ունենք գաղափարապես փոքր երկու ամբիցիա, հնարավոր է` բավարարված, եւ չունենք երկու լավ արվեստի գործ: Ափսոս: Դա այն է, ինչ ես առաջարկում եմ արդեն 30 տարի:
Ծախսել փողեր թվացյալ ոչինչի համար` ունենալով շատ կոնկրետ արդյունքներ: Այս է, որ ես փորձում եմ հասկացնել պետական կառույցներին, մշակույթով զբաղվող այրերին. եթե ոչ` ապա ոչ նրանք, ոչ էլ նրանց երեխաները չեն ունենա այն զգացմունքները, որոնք պատճառում է իրական արվեստ կոչվածը, ու դրա փրկություններից մեկը ընդունել իմ առաջարկը` արդի մտքի եւ արվեստի զարգացման կենտրոն-հիմնադրամի կայացման մասին:
Ես սոցիալիստ չեմ ու չեմ էլ հավատում սոցիալիստական վեհ գաղափարներին, ու դրա համար կոչ եմ անում` հարստացե՛ք, պարոնայք, հարստացե՛ք, որքան կարող եք, բայց, միեւնույն ժամանակ հասկացեք, որ այդ նյութական միջոցներով, քիչ խելքով ու ցածր ճաշակով կարող եք գնալ Տանզանիա` փիղ սպանելու, առյուծներով էլ էշ ուտելու ու դաժանորեն հաղթանակած էշին գնդակահարելու, ու դրանով դառնալ ամբողջ աշխարհի աչքի փուշը, որը միայն ներքին հաճույք է զգում` տեսնելով այդ տեսակ ազգի կործանումը:
Բայց դուք ունեք այլ ընտրություն նույնպես. ձեր հարստությունից որոշակի բաժին հանելը, որպեսզի ձեր երեխաները լինեն կիրթ ու զարգացած, որոնք կարող են զգալ (դա անբացատրելի զգացմունք է, դուք դա արդեն չեք զգա) Բիլբաո քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանը այցելելով կամ Սիդնեյի օպերայում «Տոսկա» լսելով:
Ընտրե՛ք, պարոնայք, ընտրությունը ձերն է: Ես իմ ընտրությունը վաղուց արել եմ: Հարստացե՛ք, պարոնայք, բայց նաեւ իմացեք, որ այդ հարստությունը կմեռնի ու կփոշիանա ձեր անձի հետ, ձեզանից ոչ ոքի անունը գերեզմանից այն կողմ չի հիշվի, բայց դուք այստեղ էլ ունեք ընտրություն, եւ դա արվեստն է: Օրինակնե՞ր` խնդրեմ. Գուգենհայմ ու Ուիտնի, Սայմն ու Գյուլբենկյան, Փոլ Գեթթի. շատ են: Գեթթիի չափ ձեզանից ոչ ոք չի հարստանա: Բայց Գեթթիին էլ ոչ ոք չէր իմանա, եթե չստեղծեր իր հզոր թանգարան-ֆոնդը:
Շատ քչերին է հետաքրքիր այժմ, թե ինչ բիզնեսմեն կամ ավանտյուրիստ էր նա, նրան գիտեն որպես արվեստի սիրահար, որ իր միջոցներից զգալի ներդրումներ է արել արվեստի մեջ եւ ստեղծել թանգարան ու նվիրել իր քաղաքին եւ իր հետ «գյոռը» չի տարել:
Հարստացե՛ք, պարոնայք, դուք դա արդարացնում եք, թե անում եք ձեր երեխաների համար, որ տաք ձեր երեխաներին որակյալ կրթություն, բայց այդ դեպքում էլ նրանք երջանիկ չեն լինի, որովհետեւ կապրեն ուրիշ անկիրթ երեխաների միջավայրում, իսկ եթե ձեր երեխաներն ունենան ինտելեկտ, ձեր հարստությունը կբազմապատկեն, ինչպես, օրինակ, արվեստով:
Խնդրեմ` ձեզ ծանոթ է Սավվա Մորոզովի` 19-20-րդ դարերի ռուս ձեռնարկատերերից մեկի ինտելեկտուալ զավակի անունը: Աշխարհի ամենահայտնի անուններից մեկը, որն իր հոր հարստությունը իր ժամանակակիցների կարծիքով մսխեց անվերադարձ` գնելով ամբողջ իմպրեսիոնիզմը եւ պոստիմպրեսիոնիզմը, որոնք, արդեն զուտ թվաբանական հաշվարկով, մի քանի անգամ ավելի շատ նյութական արժեք են, քան ցարական ձեռնարկությունների կապիտալը միասին վերցրած: Այսպիսով, շատ ձեռնտու է ինտելեկտուալ երեխա ունենալը. նա կիրականացնի ձեր անսահման հարստանալու երազը: Անընդհատ խոսում եմ մի կենտրոնի մասին, որը պետությանը կարժենա մոտավորապես 30 մլն դոլար` համեմատության համար` մի ռազմական ինքնաթիռի արժեքի կեսը կամ մի տանկի արժեք. մեծ բան չէ: Ինչի՞ համար է այդ մեկ տանկը: Որպեսզի տանկը պաշտպանի մի մշակույթ ու ինքնություն: Իսկ եթե դա չկա: Ի՞նչ պիտի պաշտպանի այդ տանկը: Սպառող ամբոխի՞ն: Մտավոր տհասների՞ն: Թե՞ հոգեւոր անհույսներին: Իմաստ չունի ոչ ձեզ խաբել, ոչ, առավել եւս, այդ անհույսներին: Ժողովուրդները պաշտպանում են իրենց անցյալը, ավելի ուժգին` իրենց ներկան եւ ֆանատիկորեն` իրենց ապագան: Եթե այդ ապագայում չկա լույս եւ հույս, ինչը՞ պիտի պաշտպանեն նրանք:
Մի՛ զրկեք ժողովուրդին այն պաշտպանելու հնարավորությունից: Արդիականացրեք այս խավարը` օգտագործելով ամեն մի հնարավորություն, սովորելով ուրիշներից` չնայած մեզ համար կա մեկ հատ ուրիշ, անունը` թուրք, ու ամեն բանում ձգտում ենք համեմատվել նրա հետ` չափանիշ ունենալով պարտվել գոնե 2:0 հաշվով:
Բա մշակույթը ինչո՞վ չափենք: Երեւի դրա վրա ծախսված գումարներով: Իսկ եթե ձեզ ասեմ, որ հենց հիմա Ստամբուլի Մոդեռն արտ կենտրոնում ցուցադրվում են ազգությամբ հայ, ժամանակակից արվեստի համաշխարհային անուններ Սարգիս Զաբունյանն ու Հուսեյն Չալայանը, ու այնպիսի ցուցադրմամբ, վստահեցնում եմ ձեզ, որ երեւի թե միայն Ամերիկայում է հնարավոր, ու գիտեք, մի քանի տարի հետո էլ կասեն, որ, դե, չասեմ, ինքներդ գիտեք արդեն: Որոշումը թողնում եմ ձեզ: Հարստացե՛ք, պարոնայք, հարստացե՛ք: Հարստությունը տանելու համար չէ, հարստությունը թողնելու համար է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել