Տիգրան Սարգսյան. «Ուղղակի համագործակցությունը նպաստում է Հայաստանի տարածքների համաչափ զարգացմանը»
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցների պատվին կազմակերպված ընդունելությանը:
Վարչապետը նշել է. «Համոզված եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում համագործակցության այս նոր ձևաչափը շատ հեռանկարային է: Տարածքների միջև ուղղակի կապերի հաստատումը, ամրապնդումը և դրանց ինստիտուցիոնալիզացիան մեզ համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Առաջին հերթին մենք աշխատում ենք տեղայնացնել տեղական ինքնակառավարման ֆրանսիական փորձը:
Երկրորդ` ուղղակի կապերը համայնքների միջև հնարավորություն են տալիս այդ փորձից օգտվել, իսկ ուղղակի համագործակցությունը նպաստում է Հայաստանի տարածքների համաչափ զարգացմանը: Երրորդ` այն քննարկումները, որ դուք իրականացրել եք, մտքերը, որ փոխանակել եք մեր տարածքային կառավարման նախարարության մասնագետների ու համայնքների ղեկավարների հետ մեզ համար շատ արժեքավոր են: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լրացուցիչ ջանքեր կգործադրի, որ այդ կապերը շարունակաբար ամրապնդվեն»:
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, համաժողովի մասնակիցների թվում են Ֆրանիսայի քաղաքների, դեպարտամենտների և շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել