HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստան. պետական դրամահատկացումները ոչ մի օգուտ չեն տալիս խաղողագործներին

Չնայած Ռուսաստանի սահմանած բեռնարգելքից ի վեր իշխանությունները փորձել են օգնել այգեգործներին, նրանք դեռեւս լուրջ խնդիրներ ունեն Վրաստանի կառավարությունը պնդում է, որ երկիրը վերականգնվել է այն բանից հետո երբ Ռուսաստանն արգելեց վրացական գինու ներմուծումը, սակայն այգեգործները դեռեւս մեծ դժվարություններ ունեն իրենց խաղողի բերքն իրացնելու հարցում: Վրաստանը գինեգործության հին ավանդույթներ ունեցող երկիր է, եւ նրա արտադրանքի 74 տոկոսը գնում էր Ռուսաստան, սակայն 2006-ին առողջապահական խնդիրները պատճառաբանելով` Մոսկվան արգելեց վրացական գինու ներմուծումը. մի քայլ, որը, փորձագետների գնահատմամբ, Թբիլիսիի վրա ճնշում գործադրելու փորձ էր: Այդ ժամանակներից ի վեր, «Ռթվելի» բերքահավաքի փառատոնը կարեւոր քաղաքական նշանակություն է ձեռք բերել, եւ իշխանություններն այս տարի սկսեցին պարծենալ, թե ինչպես են կարողացել վրացական արտադրանքի արտահանման նոր շուկաներ գտնել նախկին Խորհրդային հանրապետություններում եւ այլուր: «Ոչ մի յուրօրինակ բան չեմ ասի, եւ կկրկնեմ մեր նախագահի խոսքերը` շնորհակալություն, Պուտին», - հայտարարել էր Կախեթիի շրջանի նահանգապետ Գեորգի Գվինիաշվիլին`ակնարկելով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին, որի գլխավորած կառավարությունը արգելել էր վրացական գինու ներմուծումը երկիր: «Ռուսաստանի սահմանած բեռնարգելքից հետո վրացի գինեգործները մեծապես բարելավեցին գինու որակը, եւ այժմ մեր գինիները հաջողությամբ վաճառվում են ամերիկյան եւ եվրոպական շուկայում»: Այս լավատեսության պատճառը ներմուծման վերաբերյալ եղած վիճակագրական տվյալներն են, որոնց համաձայն`այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում արտասահմանում վրացական գինու վաճառքի ծավալներն ավելացել են 25 տոկոսով: Իշխանությունները դրամահատկացումներ են տրամադրել այգեգործներին Ռուսաստանի սահմանած բեռնարգելքից հետո, սակայն այսքանով խաղողագործների ունեցած լուրջ խնդիրները չեն լուծվել: Չնայած Գվինիաշվիլու լավատեսությանը` Կախեթիում խաղողի բերքն այս տարի չափազանց քիչ էր, ընդամենը` 87 հազար տոննա, մինչդեռ 2007-ին բերքի ծավալը կազմել էր 227 հազար տոննա: Անցյալ տարի կառավարությունը 21.5 միլիոն լարի էր վճարել, իսկ այս տարի ընդամենը 6.1 միլիոն լարի (մոտ 3.4 միլիոն դոլար) է պատրաստվում տրամադրել: «Ինձ համար ճգնաժամը չի ավարտվել: Նախքան ռուսական շուկայի փակվելն էլ խաղողի վաճառքի հետ կապված խնդիրներ կային, սակայն այն ժամանակ խաղողի գները բարձր էին: Ես կարողանում էի ընտանիքս պահել եւ նույնիսկ որոշ գումար տնտեսել: Այժմ հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում, էլ չխոսեմ գումար ետ գցելու մասին», - դժգոհում է Անագա գյուղի բնակիչ Անձոր Խուցիշվիլին: «Այս տարի ամենաէժան միգը խաղողն էր, որի խնամքն ամենաաշխատատարն է: Խաղողի նոր վազեր ունեմ: Օր ու գիշեր խնամում եմ դրանք, եւ չեմ ուզում կտրել, բայց դեռ որքա՞ն պետք է այսպես աշխատեմ` պարզապես ապագայի վրա հույս դնելով»: Այգեգործների խոսքերով` չնայած կառավարության տրամադրած աջակցությանը, իրենք, միեւնույն է, կտրում են խաղողի վազերը: «2006 թվականից ի վեր այգեգործներին չի հաջողվում ստանալ այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Վառելիքի եւ պեստիցիդների գներն աճել են, իսկ խաղողի գինը` իջել: Նույնիսկ լավ եղանակային պայմանների դեպքում, խաղողի վաճառքից ստացած շահույթը չի հատուցում մեր ծախսերը: Այգեգործներն ընդամենը մի քանի վազ են պահում, որպեսզի իրենց ընտանիքների համար գինի պատրաստեն, մնացածը կտրում են` փոխարենը դեղձ ու ելակ աճեցնելու համար», - ասում է Կոնդոլի գյուղի բնակիչ Դեմուր Շաքարաշվիլին: Գվինիաշվիլին հերքում է այն լուրերը, թե այգեգործները համատարած կտրում են իրենց խաղողի վազերը: Նրա խոսքերով` վերջին մի քանի տարիների ընթացքում Կախեթիում միայն 200 հեկտար խաղողի հիբրիդային տեսակներ են վերացվել: «Սա կատարվել է տեղական բնակչության ցանկության համաձայն եւ գյուղատնտեսության նախարարության ծրագրի շրջանակներում: Այս ծրագրով նախատեսվում էր այգեգործներին փոխհատուցում վճարել, որը թույլ կտար նրանց հիբրիդների փոխարեն խաղողի տեղական կամ այլ տեսակներ աճեցնել», - նշում է նա: «Չեմ կարող ասել, որ Կախեթիում համատարած խաղողի վազերն են կտրում: Եթե այգեգործները նման որոշում են ընդունում, նշանակում է` նրանք հույս ունեն ավելի շատ շահույթ ստանալ: Կախեթիում այս տարի դեղձի լավ բերք են ստացել, գներն էլ բարձր են եղել: Մենք չեն միջամտում այգեգործների որոշումներին»: Փորձագետների խոսքերով, չնայած այս լավատեսական հայտարարություններին, Ռուսաստանի սահմանած բեռնարգելքը տհաճ անակնկալ էր դարձել խաղողագործների համար: Կառավարության դրամահատկացումները, չնայած բարի նպատակով էին տրամադրվել, թույլ չէին տալիս այգեգործներին (խաղողից բացի) այլ բերք աճեցնել: Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման միջոցով դեղորայք եւ այլ ապրանքներ արտադրող «Agroganvitareba» ընկերության նախագահ Նիկոլոզ Զազաշվիլին նշում է, որ խաղողի բերքը պահպանելու նպատակով կառավարության տրամադրած դրամահատկացումների ծրագիրն արդյունավետ չի եղել: «Կառավարությունը խաղողագործության եւ գինեգործության զարգացման երկարաժամկետ քաղաքականություն չի մշակել: Դժբախտաբար, գինեգործներն ու այգեգործները նույնպես որոշակի ռազմավարություն չունեն: Խաղողի բերքի հետ կապված խնդիրը նոր չէ, իսկ Ռուսաստանի սահմանած բեռնարգելքից 4 տարի է անցել: Այդ ժամանակվանից ի վեր, գինեգործները չեն կարողացել այլընտրանքային շուկա գտնել, իսկ այգեգործներին չի հաջողվել բարելավել (խաղողի) որակը», - նշում է նա: «Իշխանությունները պետք է ավելի սերտ համագործակցեն նրանց հետ, որպեսզի այգեգործները սեղանի խաղող աճեցնեն` գինիների համար նախատեսված խաղողի փոխարեն: Մենք սեղանի խաղողը Հայաստանից ենք ներմուծում»: Վրաստանի Գինու սիրահարների ակումբի նախագահ Մալխազ Խարբեդիան եւս դժգոհ է պետական դրամահատկացումների ծրագրից: «Ռուսական շուկան շատ մեծ էր, սակայն մեր գինու գնորդներն այնքան էլ պահանջկոտ չէին, ինչի արդյունքում որակյալ գինեգործությունն անկում ապրեց, իսկ մենք կորցրեցինք մեր բարի համբավը: Մենք այդպես էլ չենք վերականգնել մեր բարի անունը, սակայն մեր գինին դանդաղորեն թափանցում է այնպիսի բարդ շուկաներ, ինչպիսիք են ամերիկյանը եւ բրիտանականը: Բեռնարգելքը վատ է ազդել այգեգործների վրա, բայց կառավարության գործողությունները եւս անարդյունավետ են եղել, քանի որ դրամահատկացումներով խնդիրը չի լուծվում», - դժգոհում է Խարբեդիան: Նրա կարծիքով` լավ կլիներ, եթե սուբսիդավորման վրա ծախսված գումարն օգտագործվեր օրենքի ամրապնդման նպատակով, որպեսզի ցածրորակ գինիները չվաճառվեն թանկ տեսակների անվան տակ. մի ավանդույթ, որը վնասում է վրացական գինիների համբավին: «Լավ է, որ պետությունն օգնում է այգեգործներին, սակայն ողբերգականն այն է, որ կլոր տարին աշխատող գյուղատնտեսները պետք է հույսը միայն դրամահատկացումների վրա դնեն, որոնք, միեւնույն է, ոչինչ չեն փոխում», - ասում է նա: Մանանա Վարդիաշվիլի Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter