Երեւան կժամանի Սլովենիայի նախագահը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան կժամանի Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ:
Պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 11-ին Սլովենիայի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այնուհետեւ կհյուրընկալվի ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ նախատեսվում է Հայաստանի եւ Սլովենիայի նախագահների առանձնազրույց, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ:
ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նաեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դանիլո Թյիրկը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը Սլովենիայի նախագահը կայցելի Մատենադարան եւ Հայաստանի նկարիչների միություն: Այնուհետեւ նախագահները կմասնակցեն հայ-սլովենական բիզնես ֆորումին:
Հոկտեմբերի 11-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի եւ տիկին Բարբարա Միկլիչ Թյիրկի, կտրվի պաշտոնական ընթրիք:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի նստավայրում Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկն առանձնազրույց կունենա Սերժ Սարգսյանի հետ, որին կհաջորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Սլովենիայի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն կեզրափակվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել