
Առանց ապահովագրական վկայագիր ունենալու մեքենա վարելը կարժենա 50 հազար դրամ տուգանք։ Իսկ պայմանագիր չունենալը և չվճարելը յուրաքանչյուր 10 օրվա համար կենթադրի 5000 դրամ տուգանք, բայց ոչ ավել, քան տարեկան 100 հազար դրամ։ Այսինքն՝ եթե տրանսպորտային միջոցը չի ապահովագրվում, ապա այն պետք է ժամանակավոր հաշվառումից հանվի։ Չապահովագրելու միակ հիմքը դա է լինելու։ Ապահովագրական ընկերությունները 10 օրից` հոկտեմբերի 18-ից կարող են վաճառել ապահովագրական վկայագրեր (պոլիսներ)։
Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր գրանցել է Հայաստանի ավտոապահովագրողների խորհրդի կողմից սահմանված և հաստատված պարտադիր պատասխանատվության ապահովագրության սակագները, որը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը։
Անձի մահվան դեպքում փոխհատուցումը մինչև 3 մլն դրամ է սահմանված, գույքայինը՝ 1,5 մլն դրամ։ «Մենք խորհրդակցել ենք տարբեր մասնագետների հետ. մինչև 3 մլն դրամով Հայաստանում հնարավոր է ստանալ որակյալ բուժօգնություն, հիմնականում այն դեպքերի համար, որոնք ավտովթարների հետևանք են,- նշեց Վաչե Գաբրիելյանը,- մենք վստահ ենք, որ քաղաքացիները կստանան պատշաճ փոխհատուցում առողջությանը հասցրած վնասները բավարերարելու համար»։
Ըստ վիճակագրության՝ ամենաթանկ մեքենայի փոխհատուցման վճարը 17 մլն դրամի չափով է եղել իսկ թանկարժեք մեքենաների կատեգորիայում միջին վնասը 1 մլն դրամի չափից չի անցել։ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ առավել թանկարժեք մեքենաների հատուցումը այս օրենքի առաջնահերթություններից չէ, իրենք հաշվի են առել միջին ցուցանիշները։
Խորհուրդը որոշել է անդրադառնալ 8 ռիսկային գործոններից միայն 4-ին, քանի որ մնացածների կիրառման համար առայժմ հավաստի տվյալներ չեն եղել։ Հաշվի առնվող ցանկում հիմնականում վերցված են 5 ռիսկային գործոն՝ տրանսպորտային միջոցի տեսակը, օգտագործման նպատակը, վարորդի տարիքն ու ստաժը և շարժիչի հզորությունը։ Հաշվի չի առնվել շահագործման հիմնական վայրը, տարեկան ինտենսիվությունը, ապահովագրի կամ ապահովագրված անձի առողջական վիճակը, թեև դրանք էլ կարող են ապագայում հաշվի առնվել և կիրառվել։
Ապահովագրության նվազագույն շեմ է սահմանվել 19 հազար դրամը, իսկ առավելագույնը՝ 106 հազարը։ 106 հազար դրամ վճարում են միայն այն ժամանակ, երբ ավտոմեքենան գերհզոր է, շարժիչի հզորությունը 231 և ավելի ձիաուժ ունի, որը վարում են անսահմանափակ քանակությամբ վարորդներ, այսինքն՝ վարորդները փոփոխվում են անընդհատ, և մեքենան օգտագործվում է որպես տաքսի։ «Այսինքն՝ եթե որևէ մեկը որպես տաքսի օգտագործում է, ասենք, «Համեր» մեքենա, և այդ վարորդի տարիքը մինչև 23 է, և ինքն էլ ունի 3 տարուց քիչ փորձ, միայն այդ դեպքում կունենանք 106 հազար սակագինը»,- բացատրում է Վաչե Գաբրիելյանը։
Սովետական կամ ռուսակա արտադրության մեքենան, որը վարում է 23-ից ավելի տարեկան անձ և ունի 3 տարուց ավելի վարորդական փորձ, ապահովագրության համար կվճարի 32 հազար դրամ։ Իսկ, օրինակ, հին «Մոսկվիչը», «Զապոռոժեցը», խորհրդային ժիգուլիներն ընկնում են մինչև 25 հազար դրամ սակագնային խմբում։
Ապահովագրության պայմանները, ձևը, վճարման կարգը, ապահովագրության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվել են Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից։ Ապահովագրության պայմանները բոլոր ապահովագրական ըներությունների համար նույնն են։
Հարցին, թե ինչ սկզբունքով է որոշվել, որ մարզերում և մայրաքաղաքում օգտագործվող մեքենաները նույն ապահովագրական վճարը մուծեն, Վաչե Գաբրիելյանը պարզաբանեց, որ մարզերի և մայրաքաղաքի համար տարբեր վճար կիրառելն արդյունավետ կլիներ, եթե Հայաստանը մեծ տարածք լիներ, ինչպես ասենք՝ Ռուսաստանում։ «Բայց եթե նման փորձ կիրառվեր նաև Հայաստանում, ապա կպարզվեր, որ Երևանում գրանցված մեքենա չկա, քանի որ բոլորն իրենց մեքենաները լեռնային շրջաններում կգրանցեին»։
«Ինչո՞ւ պետք է գյուղացին իր 74 թվականի 2410 մակնիշի մեքենայի համար, որն օգտագործում է միայն գյուղում և Երևան չի գալիս, վճարի 32 հազար դրամ, որքան Երևանում գրանցված մեքենան» լրագրողներից մեկի հարցին՝ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Գյուղացին պետք է վճարի, որովհետև թե գյուղացիները, թե քաղաքացիները Հայաստանում ենթակա են օրենքները կատարելու։ Մենք աշխատել ենք հնարավորինս հաշվի առնել բնակչության սոցիալական վիճակը և դա համադրել ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության հետ»,- ասաց Վաչե Գաբրիելյանը և վստահեցրեց, որ ապահովագրական ընկերությունները տվյալ պարագայում մեծ շահույթներ չեն հետապնդելու։
Իսկ ինչ վերաբերում է մեքենայի տարիքի և հնության հետ կապված ռիսկի գործոնին, ապա, ըստ Վաչե Գաբրիելյանի տվյալների, մինչև 80 և 81-140 Ձ/ՈՒ շաչժիչի հզորությամբ մեքենաները ՀՀ-ում գրանցված մեքենաների 80 տոկոսն են կազմում։ Հին ավտոմեքենաները (մինչև 80 Ձ/ՈՒ) մինիմալ սակագներ ունեն, և պետք է վճարեն, որովհետև, այնուամենայնիվ, վնասի և ռիսկի հավանականություն կա։
«Ես խոստանում եմ ձեզ, որ երբ որ դուք ինձ կներկայացնեք գործուն մեխանիզմ, որ հնարավոր կլինի հավաստել, որ այդ մեքենան լինելու է միայն գյուղում, գնալու է միայն դաշտ ու հետ գա, և ուրիշ որևէ բան չի անելու և որևէ օր չի հայտնվելու Երևան քաղաքի փողոցներում, այդ տեղեկատվությունն անմիջապես կփոխանցեմ բյուրոյին և կխնդրեմ անել նոր հաշվարկներ»,- հավաստիացրեց Վաչե Գաբրիելյանը։
Ռիսկային գործոնների շարքում մեքենայի տարիքը հաշվի չեն առել, քանի որ, ըստ Վահան Ավետիսյանի, կստացվեր, որ սոցիալապես առավել անապահով խմբերը կընդգրկվեին ավելի բարձր սակագնայն խմբերում։ «Այսինքն՝ ինչքան հին է տրանսպորտային միջոցը, այնքան տեխնիկական և շատ այլ պատճառներով մեծ են նրա վթարվելու և հավանական վնաս հասցվելու հնարավորությունները։ Այսինքն՝ սոցիալապես անապահով խմբերը կհայնտվեին ավելի բարձր ապահովագրավճարի գոտում»,- բացատրեց Վահան Ավետիսյանը։
Ապահովագրական ընկերությունը ավելի էժան կամ թանկ գին սահմանելու իրավունք ունի, բայց ոչ այնքան, որքան նախատեսված է օրենքով։ Դա ենթադրում է, որ սահմանված չափանիշների նվազագույն շեմից չեն կարող անցնել, կարող են մրցակցել 5-6 հազար դրամի չափով, և ինչպես Վաչե Գաբրիելյանն է ասում՝ հնարավոր ռիսկերի և շահութաբերության խաղալու տեղ կա, բայց շահութաբերությունը 5-6 տոկոսից ավելի չի կարող լինել։
Ապահովագրվելու են նաև պետական փոխադրամիջոցները։ Բյուջեում նախատեսված են նաև միջոցների հատկացումներ անել պետական մեքենաների ապահովագրության համար։
Ապահովագրական շուկայում գործընթացը կենթադրի լրացուցիչ մոտ 10-12 մլրդ դրամի շրջանառություն։ Վահան Ավետիսյանն ասաց, որ նշված թիվն առավել հստակ հնարավոր կլինի հրապարակել մեկ տարի անց։
Ապահովագրական վկայագրերի վաճառքով կարող են զբաղվել նաև գործակալները. 370 գործակալ է գրանցված՝ ներառյալ մարզերը, որոնցից 160-ը իրավաբանական անձինք են։ Գործակալների անունները կան ԿԲ-ի կայքում։ Սա ոչ միայն ավտոապահովագրությանն է վերաբերում, այլ նաև ապահովագրությանն ընդհանրապես։ Վստահ լինելու համար՝ կարելի՞ է տվյալ գործակալից ապահովագրական վկայագիր գնել, թե՞ ոչ, պետք է ԿԲ-ի կայքում գտնել տվյալ անձնավորությանը։ Վաչե Գաբրիելյանի ենթադրությամբ, մինչև տարվա վերջ գործակալների քանակը կավելանա՝ անցնելով 500-ից։
2009 թվականի տվյալներով, ապահովագրված է 20 հազար տրանսպորտային միջոց։ Գույքային վնասով 1200 պատահար է գրանցվել։ Գույքային միջին վնասը կազմել է շուրջ 600 հազար դրամ։ Անձի առողջությանը, կյանքին պատճառված վնասի միջին չափը 630 հազար դրամ է կազմել։ «Հետքի» հարցին, թե քանի դատական գործ է եղել՝ կապված վարորդ-ապահովագրություն հարաբերությունների հետ մինչ օրս, Վաչե Գաբրիելյանն ասաց, որ վիճակագրություն տվյալ պահին չունի և հստակ թիվը չգիտի, բայց այդ թիվը մեծ չէ՝ մի քանի դեպք։
Մեքենան մի քանի ապահովագրական ընկերությունում ապահովագրել հնարավոր չի լինելու, քանի որ տվյալները ամփոփվելու են մեկ ընդհանուր բազայում, որտեղ կլինեն թե անհատի, թե մեքենայի, թե պատահարի տվյալները։ Աշխատելու է կայք, որտեղ ցանկացած քաղաքացի կարող է մուտք անել մեքենայի համարանիշը և տեսնել, թե տվյալ մեքենան որտեղ է ապահովագրված։ Սա վերահսկելի է լինելու թե բյուրոյի, թե ԿԲ-ի, թե ցանկացած անձի կողմից։
Արտասահմանյան համարանիշներով մեքենաները ևս պետք է ապահովագրվեն։ Սահմանի վրա տվյալ մեքենան պետք է պոլիս գնի. եթե տրանզիտային է՝ կարող է գնել նվազագույն տարբերակով՝ 15 օրվա համար, իսկ առավելագույնը՝ 3 ամիս է։
Տարին մեկ անգամ բյուրոյի խորհուրդը պետք է վերանայի սակագները։ Եթե ավտոապահովագրող ընկերությունները ֆինանսական խնդիրներ ունենան, ապա սակագները կբարձրացվեն։ Եթե ընդհակառակը՝ գերշահույթներ են ստանում, սակագները կնվազեն։ «Կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք չունենք այնպիսի ապահովագրական ընկերություններ, որոնք անմիջապես մեկ տարվա ընթացքում կմտնեն այդպիսի բեռի տակ, որ լուծարման վտանգի տակ կլինեն։ Եթե նրանք ունենա ֆինանսական վնասներ, որոնք էապես կազդեն նրանց արդյունքների վրա, ապա, ըստ օրենքի, Ավտոապահովագրողների բյուրոն պարտավոր է վերանայել սակագները և ներկայանել ԿԲ»,- պարզաբանեց Վաչե Գաբրիելյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել