Կապանում պատրաստվում են ցույցի, իսկ պատգամավոր Վահե Հակոբյանը լռում է
Կապանում լուրջ աշխատանքներ են տարվում ուրանի ծրագրի դեմ հինգշաբթի կայանալիք խաղաղ ցույցի կազմակերպման ուղղությամբ: Տեղում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է հադիպումներ անցկացնել տարածաշրջանի ուսանողության, ինչպես նաեւ տարբեր թաղամասերի բնակիչների հետ: Պատրաստվել են պաստառնեռ, թռուցիկներ, որոնք բաժանվում են բնակիչներին:
«Բավականին ակտիվ աշխատանքներ են տարվում բնակչության շրջանում իրազեկության ուղղությամբ. ցույցի նախօրեին շրջիկ մեքենայով բարձրախոսով քաղաքի բոլոր թաղամասերում կհայտարարարենք ցույցի մասին: Ակնկալում ենք բոլորի աջակցությունն ու ներկայությունը: Պետք է միասնական լինենք եւ միասնական պայքարենք: Իրավական բոլոր կետերն ապահովել ենք, տեղյակ ենք պահել Կապանի քաղաքապետարանին, գրություն ենք ուղարկել նաեւ ոստիկանության Կապանի բաժին, որպեսզի այդ օրն ապահովեն անվտանգությունը: Մենք ամեն առումով նոյեմբերի 11-ին պատրստված կլինենք, նույնիսկ հաշվի ենք առել խոչընդոտների առաջացման փաստը, դրան նույնպես պատրաստ կլինենք»,- տեղեկացնում են աշխատանքային խմբից:
Նախատեսվում է նաեւ ավտոբուսներով եւ տրանսպորտային այլ միջոցներով տեղափոխել Կապանի մոտակա բնակավայրերից խաղաղ ցույցին մասնակցել ցանկացողներն: Ակնկալվում են մասնակիցներ նաեւ Գորիսից, Սիսիանից, մայրաքաղաքից:
Նշենք, որ վերջերս նաեւ Քաջարան քաղաքի ավագանին է ուրանի ծրագրի վերաբերյալ իր բացասական դիրքորոշումը հայտնել, եւ ինչպես Կապանի եւ Լեռնաձոր համայնքների ավագանիները, Քաջարան համայնքի ավագանին եւս ուղերձով դիմել է կառավարությանը:
Տեղեկացնենք նաեւ, որ նոյեմբերի 11-ին կայանալիք խաղաղ ցույցին մասնակցելու պահանջով «Կապանի տարծաշրջանի զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանն ու «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը մի քանի օր առաջ գրություն են ուղարկել տարածաշրջանի բնակչության կողմից ընտրված ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին:
Պատգամավորը դեռեւս չի արձագանքել: Արմեն Փարսադանյանը մինչ այս 2 անգամ եւս գրությունով դիմել էր Վահե Հակոբյանին, որ նա արտահայտի իր դիրքորշումը Սյունիքի մարզում ուրանի ծրագրի վերաբերյալ, սակայն մինչեւ օրս պատգամավորից որեւէ արձագանք ու պատասխան նամակ չի ստացվել:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել