
Սա «Հետաքննող լրագրողների» վերաքննիչ բողոքի հիմնավորումներից մեկն է, որն այսօր քննության առավ վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Նախշուն Տավարացյանի: «Հետաքննող լրագրողները» պնդում են, որ առաջին ատյանի դատարանում խախտվել են Սահմանադրության 27-րդ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եւրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածների պահանջները և չի կիրառվել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:
Ըստ այդմ` դատարանը, բավարարելով Իջևանի քաղաքապետարանի հայցը, միջամտել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության խոսքի ազատության իրավունքի իրականացմանը, որը իրավաչափ նպատակ չի հետապնդել:
Ավելին, լրագրողի արտահայտվելու ազատությանը միջամտելը չի եղել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում». դատարանը հաշվի չի առել հրապարակման թեման, մամուլին և հասարակական կազմակերպություններին առավել մեծ պաշտպանություն ապահովելու անհրաժեշտությունը, քննադատության թիրախ դարձած` հայցվորի զբաղեցրած պաշտոնը, հոդվածներում օգտագործված ձևակերպումները և պատասխանողից որպես փոխհատուցում պահանջվող գումարի չափը:
Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողները» բողոքարկում են Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գագիկ Խանդանյան) կայացրած վճիռը, որով «Հետաքննող լրագրողներին» պարտավորեցվել էր հերքել Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող փաստերն ու տեղեկությունները և հաստատել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Դատարանը վճռել էր «Հետաքննող լրագրողներից» հօգուտ Իջևանի քաղաքապետարանի բռնագանձել 930 հազար դրամ` որպես փաստաբանական ծախս, ինչպես նաև 22 600 դրամ` որպես պետական տուրքի գումար:
Հեղինակ Ոսկան Սարգսյանն իր հոդվածներում անդրադարձել է Իջևան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Սպիտակ լիճ» արհեստական ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման հարցին, որն անմիջականորեն առնչվում է Իջևան քաղաքային համայնքի բնակիչների շահերին:
Հոդվածի վերնագիրը և բուն հոդվածը, ըստ այդմ, հարցադրումներ են պարունակում.
«Ո՞ւմ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» և «Ովքե՞ր են այս ջրամբարի հարստությունից օգտվողները, որոնք լիճը տիղմից մաքրելու պատճառաբանությամբ, անօրինական չհարկվող մեծ եկամուտներ են ստանում»:
«ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ քաղաքական խոսքի կամ հանրային շահին վերաբերող քննարկումների պարագայում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանափակումները չեն կարող լայն լինել»,- հիմնավորում է «Հետաքննող լրագրողների» ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը` նշելով, որ Վարուժան Ներսիսյանի կողմից ավազահանման գործունեության վերահսկողության մասին դատողությունը կատարվել է այն բանից հետո, երբ կատարելով մանրամասն բարխիղճ ուսումնասիրություններ, լրագրողը հանգել է նման դատողության:
Ինչ վերաբերում է գումարային պահանջին, ապա, ըստ փաստաբանի, այստեղ ևս խախտվել է համաչափության սկզբունքը, քանզի 930 հազար դրամը ակնհայտորեն գերազանում է «Հետաքննող լրագրողների» ամսական եկամուտը, իսկ դատարանի տվյալ վճիռը կարող է վտանգել նաև «Հետաքննող լրագրողների» գործունեության հետագա շարունակությանը:
«Հետաքննող լրագրողները» դատարանի ուշադրությունն են հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ այս գործի քննությունը սկսվել է 2008 թ.-ի հունիսից, անհարկի ձգձգումներով քննությունը տևել է արդեն 25 ամսից ավելի և առ այսօր չի լուծվել, ինչի կապակցությամբ խնդրել են ապահովել գործի քննության համար ողջամտորեն հնարավոր արագություն` հաշվի առնելով Կոնվենցիայի 6(1) հոդվածով նախատեսված ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը:
Ելնելով վերոնշյալ հիմնավորումներից, «Հետաքննող լրագրողները» պահանջել են ամբողջությամբ բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և փոփոխել այն` մերժելով հայցը:
Թեկուզ նախորդ նիստում Իջևանի քաղաքապետարանի և քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Դավթյանը միջնորդել և ժամանակ էր խնդրել առարկություններ ներկայացնելու համար, սակայն այս նիստին որևէ պատասխան չէր ներկայացրել: Այսօր վերաքննիչ դատարանում ավարտվեց բողոքի քննությունը: Դատարանը վճռի հրապարակման օր նշանակեց նոյեմբերի 24-ը` ժամը 16:00-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել