Արցախի մասին գիրք` Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսում
Հոկտեմբերի 6-ից 10-ը Ֆրանկֆուրտում կայացած աշխարհի ամենամեծ գրքի ցուցահանդեսի այցելուների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանի «Լուծումներ Լեռնային Ղարաբաղի համար. ինքնորոշում և ճանաչում» գիրքը: Եվրոպացի 9 հեղինակավոր գիտնականի հետ հրատարակված այս գիրքը պատկերացում է տալիս Արցախի ժողովրդի կենսական շահերի մասին: Բոլոր հեղինակային հոդվածները, երբեմն էապես տարբերվելով միմյանցից, միասնական են մեկ հարցում. Արցախի դեպքում պետք է կիրառվի ինքնորոշման իրավունքի ամենաուժեղ ձևը:
Գրքում մանրամասն արծարծված են Արցախյան շարժումը, Սումգայիթի դեպքերը, Խոջալուի գնահատականները, պատերազմական գործողությունները, Արցախի տարածքային հարցերը, փախստականների հարցը, իրադարձությունների քաղաքական և իրավական գնահատականները, ինչպես նաև կողմերի հիմնական փաստարկները: Հեղինակները դրանք դիտարկում են Եվրոպական Արևելյան գործընկերության հնարավորություններից մինչև Եվրոպայում նոր պետությունների առաջացման, անջատման իրավունքի և 21-րդ դարում ինքնորոշման սկզբունքի իրավափիլիսոփայական ընկալման համատեքստում: Հատուկ նշանակություն ունի ավստրիացի դոկտոր Մարտին Մալեկի սպառազինության մրցավազքին վերաբերվող հոդվածը:
Գրքի հրատարակումը հատկապես գրավել է գերմանացի փորձագետների և քաղաքական շրջանակների ուշադրությունը: Այն մոտ ապագայում կներկայացվի գերմանախոս երկրների մի շարք քաղաքագիտական հաստատություններում և Բեռլինի եվրոպական ակադեմիայում:
Այս տարի շուրջ 280.000 այցելու ունեցած Ֆրանկֆուրտի ցուցահանդեսի 3 տաղավարում ներկայացվելուց բացի` կազմակերպվել են նաև հատուկ շնորհանդես և գրքի քննարկում Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտի և դոկտոր Վ. Սողոմոնյանի մասնակցությամբ: «Երկխոսություն» ֆորումի հարթակում նրանք պատասխանել են այցելուների հարցերին` ներկայացնելով Արցախի ինքնորոշման և միջազգային ճանաչման հիմքերը:
Առաջնորդվելով փորձագիտական փաստարկվածության սկզբունքներով` գրքում Բեռլինի, Վիենայի, Համբուրգի, Մանհայմի, Ինսբրուքի և Երևանի համալսարանների գիտնականները Արցախի ճանաչման իրավունքի ամբողջական հիմնավորում են տալիս միջազգային իրավունքի,
քաղաքագիտության, եվրոպական ինտեգրման, անվտանգության, պատմության և իրավափիլիսոփայության տեսանկյուններից: Վ. Սողոմոնյանը հատկապես ընդգծեց պրոֆեսոր Լուխտերհանդտի աշխատանքը, ով կատարել է Արցախի ինքնորոշմանը վերաբերվող ամենախորը վերլուծությունը և անդրադարձել մինչ օրս հայտնի բոլոր հակափաստարկներին:
Պրոֆեսոր Լուխտերհանդտը, պատասխանելով մասնակիցներից մեկի այն հարցին, արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հակասության մեջ չի՞ մտնում ինքնորոշման սկզբունքի հետ, ասաց, որ Արցախը իրավական տեսակյունից երբեք չի պատկանել Ադրբեջանին: Արցախը, հենվելով ԽՍՀՄ ապրիլի 3-ի օրենքի վրա, դուրս է եկել Խորհրդային Միության կազմից և դեմոկրատական ճանապարհով իրացրել սեփական ինքնորոշման իրավունքը: Դեռևս ինքնիշխանության ձևավորման գործընթացում գտնվող Ադրբեջանը կորցրել է ցանկացած հավակնություն Արցախի հանդեպ` ուժ կիրառելով և պատերազմ հրահրելով Արցախի հայերի դեմ:
Անդրադառնալով Կոսովոյի և Հարավային Օսեթիայի դեպքերին` Լուխտերհանդտը շեշտեց, որ Արցախին մերժվում է այն, ինչը թույլատրվեց Կոսովոյին: Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ հատկապես Արցախն ինքնուրույնաբար միջազգային հանրությանը հետևողականորեն ներկայացնի անկախության ճանաչման իր քաղաքական վճռականությունը: Այդ աշխատանքն առավել դժվարին է` հաշվի առնելով, որ այստեղ ինքնորոշման իրավունքը երբեմն հետին պլան է մղվում քաղաքական և նավթային շահերի պատճառով: «5 տարի առաջ Արևմուտքում քաղաքական առաջնորդները չէին հավատում, որ Կոսովոն կարող է անկախանալ: Այսօր այն դառնում է միջազգային հանրության լիարժեք անդամ»,- նշել է Լուխտերհանդտը:
Խնդրի էության` ինքնորոշման կայացած փաստի անտեսումը կարող է բերել քաղաքական դրդապատճառների չարաշահմանը և անկանխատեսելի հետևանքների: Մեկ բան անվիճելի է. Ադրբեջանն այլևս չի կարող վերահսկողություն հաստատել Արցախի և Քարվաճառի ու Լաչինի շրջանների վրա: Բազմիցս լինելով Արցախում և հարավկովկասյան տարածաշրջանում` պարոն Լուխտերհանդտը կարծում է, որ Արցախն ունի քաղաքացիական ռեսուրս, որը կարող է օգտագործել ժողովրդական դիվանագիտության համար: Այս մասին հայտնում է «Հայկ» գերմանահայկական ուսանողական ակումբը (Ֆրանկֆուրտ / Մայն):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել