Գյուղում առկա խնդիրները լուծելու առաջարկներ
Հոկտեմբերի 4-ին Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակում տեղի ունեացավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի «Սոցիալ-տնտեսական հարցերի» հանձնաժողովի հերթական նիստը «Գյուղացիական կոոպերատիվները և ՀՀ-ի գյուղատնտեսության խնդիրները» թեմայով։ Նիստին բանախոսում էր ՀՀ Գյուղացիական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը։
Ստանալով մաթեմատիկական բարձրագույն կրթություն` բանախոսն այսօր աշխատում է գյուղում, ունենալով սեփական հող` արտադրում է գյուղմթերքներ։ Գյուղացու հոգսերին, ՀՀ-ում գյուղատնտեսության ներկա վիճակին Վարդան Համբարձումյանը առավել քան տիրապետում է, քանի որ նա նաև ղեկավարում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող 21 համայնքային և մասնագիտական ասոցիացիաները միավորող Գյուղացիական ասոցիացիաների ֆեդերացիան։
Ի՞նչ խնդիրներ կան, որոնք կարիք ունեն հրատապ լուծման, և որոնց լուծումից կախված` կթեթևանա թե գյուղացու առանց այն էլ ծանր վիճակը, թե գյուղատնտեսության մեջ տեղի կունենան էական դրական տեղաշարժեր։
Այս հարցերին բանախոսը տվեց հստակ պատասխաններ։ Այսպես.
-Ցածր է հողի մշակման համար անհրաժեշտ նյութերի` սերմացուի, թունաքիմիկատների մատակարարման որակը:
-Բավարար չէ գյուղացուն տրվելիք խորհրդատվությունը:
-Բացակայում է կապը գիտական մտքի և գյուղի միջև:
- Հնարավոր չէ գյուղմթերքը իրացնել բավարար չափով:
-Գյուղացին աշխատանքի ընթացքում պաշտպանված չէ պետական կառույցների հետ ցանկացած փոխհարաբերությունում:
-Հողը մշակող տեխնիկան մաշված է թե բարոյապես և թե ֆիզիկապես:
-Բացակայում է գյուղացու շահերի պաշտպանությունը:
Նշված խնդիրները լուծելու համար բանախոսը առաջարկում է.
-Անհրաժեշտ է տարանջատել գյուղացու աշխատանքի ընթացքում առկա խնդիրները, որոնց մի մասի լուծումը կտա գյուղացին, մյուս մասի լուծումը` պետությունը:
-Իրականացնել հողի մշակման համար անհրաժեշտ նյութերի գնումները անմիջական ներկրողներից:
-Կազմակերպել գյուղացիական տնտեսությունների միավորումներ, բայց ոչ «կոլխոզների» տեսքով և սկզբունքներով:
-Իրականացնել ուսումնախորհրդատվություն գյուղում, կոլեկտիվում միավորված անդամների համար:
-Հողը մշակել` օգտագործելով գիտական աշխարհում հայտնի նոր տեխնոլոգիաները:
-Օպտիմալ օգտագործել գյուղատնտեսական տեխնիկան` ներառելով գյուղացիական ասոցիացիաները:
-Գյուղտեխնիկայի ճիշտ օգտագործումը կբերի գյուղմթերքի ինքնարժեքի զգալի նվազեցմանը:
-Գյուղմթերքը պետք է իրացվի ասոցիացիայի ձեռք բերած սառնարանային համալիրների օգտագործմամբ, առանց միջնորդ վերավաճառողների մասնակցությամբ:
Գյուղացիական կոոպերացիան աստիճանաբար գյուղում կստեղծի նաև գյուղի քաղաքացիական հասարակություն, ինչը կդառնա երաշխիքը գյուղի և գյուղացու կառավարումը իրականացնել գյուղացու շահերին և ցանկություններին համահունչ: Ճիշտ կառավարման արդյունքում գյուղացին այլևս չի փնովի երկիրը կամ պետությունը, այլ իր դժգոհությունը կուղղի ճիշտ հասցեով, այն է պատասխանատու չինովնիկը, կամ որ նույնն է` իշխանությունը:
Գյուղում ստեղծվող ցանկացած կոոպերատիվ տնտեսություն կլինի երաշխիքը գյուղի զարգացման, գյուղմթերքի արտադրության աճի համար:
Գյուղում ձևավորվող գյուղացիական կոոպերացիաները երկրի համար լուծում են նաև անվտանգության, սահմանների պաշտպանունակության բարձրացման խնդիր, քանի որ նախ գյուղից մարդիկ չեն արտագաղթում, և անհրաժեշտության դեպքում գյուղացին կպաշտպանի նաև իր տունը և հողը:
Գյուղերում կոոպերացիաները չպետք է ստեղծվեն հրահանգով «վերևից» և ոչ էլ կայանան շատ դանդաղ տեմպերով: Պետական և մասնավոր հատվածի կողմից վարկավորման, ժամանակակից գյուղտեխնիկայի բավարար չափով տրամադրման, պատկան մարմինների կողմից օգտակար և սրտացավ վերաբերմունքի արդյունքում 5-10 տարվա ընթացքում հնարավոր է ՀՀ-ի ամբողջ տարածքում ստեղծել գյուղացիական կոոպերացիաների լայն ցանց: Արդյունքում գյուղատնտեսության նախարարության ամբողջ ներուժը արդեն իսկ կարելի է նպատակային օգտագործել` նպաստելով երկրի պարենային անվտանգության բարձարցմանը:
Գյուղացիական կոոպերացիաները, պարունակելով սոցիալական, տեխնիկական և ֆինանսական բաղադրիչներ, կարող են լուծել նշված ուղղություններով առկա բազում հիմնախնդիրներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել