Հայաստանում է Սլովենիայի նախագահը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկը, տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ: Այսօր նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի և Դանիլո Թյիրկի առանձնազրույցն ու նախագահների մասնակցությամբ երկու երկրի պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Ողջունելով հյուրին` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սլովենիայի նախագահի առաջին այս այցելությունը Հայաստան, կդառնա երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման խթան:
«Մենք շատ ընդհանրություններ ունենք. համադրելի ենք բնակչությամբ, տարածքով, նույնիսկ ճակատրագրով նման ենք: Եվ սա, կարծում եմ, լավ հիմք է, որ մենք զարգացնենք և ամրապնդենք մեր հարաբերությունները», -ասել է նախագահ Սարգսյանը: Նրա խոսքով` Սլովենիայի զարգացման օրինակը Հայաստանի համար ուսանելի է:
Նախագահ Դանիլո Թյիրկը ևս ընդգծելել է, որ պատմության մեջ առաջին անգամ է Սլովենիայի նախագահն այցելում Հայաստան: Նա հավաստիացրել է, որ իր երկրում մեծ հիացմունքով են վերաբերվում հայ ժողովրդին և նրա բազմադարյա պատմությանը. «Հայաստանի պատմությունը կարելի է համեմատել երկար և հարուստ պատմություն ունեցող սակավաթիվ պետությունների հետ»,-ասել է Սլովենիայի նախագահը` խորհրդանշական համարելով Հայաստանի հնագույն մայրաքաղաքի օրը Երևան այցելելու փաստը:
Անդրադառնալով այս տարեսկզբին Լյուբլյանայում կայացած հայ մշակույթի փառատոնին և այն համարելով Սլովենիայում վերջին շրջանի ամենատպավորիչ մշակութային իրադարձություններից մեկը` Դանիլո Թյիրկը նշել է, որ փառատոնի շրջանակներում իրեն հնարավորություն ընձեռվեց բացահայտել հայ ավանդական ու ժամանակակից մշակույթի խորությունը:
«Մենք ապագա համագործակցության տեսանկյունից, ի թիվս այլ ոլորտների, կարևորում ենք հատկապես մշակույթի բնագավառում փոխգործակցությունը: Մինչ Հայաստան գալն ընթերցում էի մի գիրք Հայաստանի մասին, որը Ցվետկո Զագորսկի անունով սլովենացի հեղինակն է գրել: Մի հիանալի գիրք, որ նա գրել է ձեր մեծ գրողի` Թումանյանի մասին, և որից ես շատ տպավորված եմ»,-ասել է Սլովենիայի նախագահը:
Ընդլյանված կազմով հանդիպմանը հաջորդել է երկու երկրների կառավարությունների միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը. Սլովենիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները համաձայնագրեր են ստորագրել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափումը կանխելու, տնտեսական համագործակցության, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին: ՀՀ մշակույթի նախարարը Սլովենիայի արտգործնախարարի հետ ստորագրել է կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր:
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը, հայ-սլովենական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը մեծապես նպաստելու, հայ մշակույթը Սլովենիայում լայնորեն ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Միտյա Ռոտովնիկին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:
Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Դանիլո Թյիրկը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել