«ՀՀ հանրակրթության ոլորտի համակարգային վերափոխման եւ կայուն զարգացման» ծրագիր
Մանե Հակոբյան, ֆիզ.մաթ.գիտ. թեկն., դոցենտ
«Հետք»-ի էլեկտրոնային տարբերակի 02.09.2010թ. համարում հրապարակային քննարկման էի ներկայացրել «ՀՀ գիտության ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման» իմ ծրագիրը (այսուհետ` «Ծրագիրը»): Այժմ ընթերցողների ուշադրությանն ու հրապարակային քննարկման եմ ներկայացնում «ՀՀ հանրակրթության ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման» իմ ծրագիրը, որը «ՀՀ գիտության ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման» ծրագրի օրգանական շարունակությունն է:
Որևէ երկրի գիտության ու կրթության ոլորտները հնարավոր չէ առանձին-առանձին զարգացնել, այդօրինակ փորձերը ի սկզբանե դատապարտված են տապալման: Բացի այդ, լինելով ազգի մշակութային ժառանգության կարևորագույն բաղկացուցիչ մասը, գիտությունն ու կրթությունը հնարավոր է իրապես զարգացնել միմիայն լուրջ մշակութային հիմքեր ու ավանդություններ ունեցող երկրներում: Ավելին, գիտության ու կրթության ոլորտները հնարավար է զարգացնել միայն երկրի տնտեսության կայուն զարգացման համատեքստում`առաջանցիկ, բարձր տեխնոլոգիական արտադրությունների, ինովացիոն տեխնոլոգիաների հիման վրա զարգացող տնտեսության պայմաններում:
Այսպիսով, կրթության ոլորտի բարեփոխումները պետք է դիտարկել որպես ոլորտի ենթահամակարգերում և, նաև գիտության ոլորտում առկա խնդիրների միասնական լուծուման ամբողջություն, ապահովելով կրթության ոլորտում բարեփոխումների մասսայական բնույթը, գիտելիքի ազատ և շարունակական վերաձևափոխման հնարավորությունը, պետության կողմից ուսուցման որակի վերահսկման ու միջազգային առաջատար կրթական համակարգերի մակարդակին հասցնելու ապահովումը և այլն:
ՀՀ կրթության ոլորտում արմատական, առաջանցիկ բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է նախ պարզել, թե գլոբալ զարգացած կրթական համակարգերից ո՞րն ենք ընտրում որպես բարեփոխումների հիմք, ինչպե՞ս ենք այդ համակարգը տեղայնացնելու, դարձնելու մեր ազգային կրթական նոր, ավելի զարգացած ու կատարելագործված համակարգի հիմնասյուներից մեկը և, նաև ին՞չ լրացուցիչ, անհրաժեշտ տարրեր, պահանջներ ենք ներառելու կրթական նոր համակարգում, ապահովելու համար մեր ազգային բազմադարյան կրթական համակարգի լավագույն ավանդույթների պահպանումը, նրա շարունակական զարգացումը, բացառելով որևէ հակասություն մեր մշակութային մեծ ժառանգության հետ:
Այլ կերպ ասած, մեր առաջանցիկ բարեփոխումների նպատակը լինելու է մի կողմից ՀՀ կրթության ոլորտը նոր, զարգացման առումով ավելի բարձր փուլ տեղափոխելը, ապահովելու համար նրա մրցունակությունը գլոբալ զարգացած կրթահամակարգերի սահմաններում, ինչպես նաև այդ կրթահամակարգերին լավագույնս ինտեգրումը, մյուս կողմից` զարգացման ավելի բարձր փուլ անցած ՀՀ կրթահամակարգը մեր ազգային բազմադարյան կրթահամակարգի, նրա գաղափարական, հոգևոր հենքի, հայոց լեզվամտածողության վրա ձևավորելը, միաժամանակ:
«ՀՀ գիտության ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման» մեր առաջադրած ծրագրի հիմքում հիմնականում ընկած է գլոբալ առաջատար գիտական համակարգերից, այս պահի դրությամբ, առավել ճկուն և զարգացման առավելագույն հնարավորություններ ընդձեռող ու մեզ համար առավել ընդունելի ԱՄՆ գիտական համակարգը: Այդ «Ծրագրում» ներկայացրել ենք ՀՀ գիտության ոլորտում իրականացվելիք այն առաջնահերթ քայլերը, որոնք հնարավորություն կտան ՀՀ գիտության ոլորտը հնարավորինս արագ հասցնել ԱՄՆ և գլոբալ առաջաար այլ գիտական համակարգերի մակարդակին ու առավելագույնս ինտեգրվել այդ համակարգերին, պահպանելով և զարգացնելով բազմադարյան հայկական գիտական մտքի լավագույն ավանդույթները, այն դարձնելով գլոբալ առաջատար գիտական համակարգի կարևորագույն օղակներից մեկը:
Այս պարագայում ՀՀ կրթության ոլորտի զարգացման ծրագրի հիմքում պետք է դարձյալ, հիմնականում, ընկած լինի գլոբալ առաջատար կրթահամակարգերից, այս պահի դրությամբ, առավել ճկուն, առավել արդյունավետ` ամերիկյան կրթահամակարգի մոդելը, իհարկե տեղայնացնելով այն, այդ կերպ ապահովելով մեր բազմադարյան ազգային կրթահամակարգի յուրօրինակությունն ու ինքնատիպությունը, նրա զարգացման շարունակականությունն ու թռիչքային անցումը զարգացման նոր փուլ:
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Հանրակրթության ոլորտն իր կարևորագույն, ուրույն տեղն ունի երկրի քաղաքացիական հասարակության ընդհանուր կրթական մակարդակի առավելագույնս բարձրացման` գիտելիքի հասարակության ձևավորման հարցում:
Այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ առաջնահերթ քայլերը`
1. Օրենսդրորեն ամրագրել, որ ՀՀ բոլոր դպրոցահասակ քաղաքացիները, անկախ իրենց սոցիալական կարգավիճակից և ֆինանսական հնարավորություններից ունեն հավասար իրավունքներ ստանալու միջազգային չափանիշներին ու չափորոշիչներին բավարարող բարձրորակ հանրակրթություն, որի երաշխավորը ՀՀ է:
Այս կարևորագույն ծրագրային կետով ամրագրվում է, որ միջազգային չափանիշներին ու չափորոշիչներին բավարարող բարձրորակ հանրակրթություն ստանալու հարցում ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ: Թե ինչպես է ապահովվելու այս կետի իրականացումը ֆինանսական առումով, կներկայացնենք «ՀՀ կրթության ոլորտի զարգացման ֆինանսական աղբյուրները» բաժնում:
2. Իրականացնել ՀՀ հանրակրթական դպրոցի աստիճանների` նախադպրոցական (մանկապարտեզ-դպրոցներ և նախապատրաստական դասարաններ), տարրական, միջին, ավագ դպրոցների ձևավորումն ու հստակ տարանջատումը գլոբալ առաջատար կրթահամակարգերում գործող չափորոշիչների, չափանիշների և մեր ազգային մշակույթային ու հոգևոր ժառանգության հենքի վրա:
- Մանկապարտեզ-դպրոցներում (3-ից 5 տարեկաններ) երեխաները կդառնան տառաճանաչ (հայերենի), կսովորեն կատարել պարզագույն թվաբանական գործողություններ, ուսուցման ակտիվ եղանակով կսկսեն սովորել երկու օտար լեզուներ (տարրական մակարդակով), կսովորեն արտասանել, երգել, զրուցել (հայերեն և ուսուցանվող օտար լեզուներով), նկարել և այլն:
- Նախադպրոցական դասարաններում (մեկ տարի` 5-ից 6 տարեկաններ) երեխաներին համակողմանիորեն կնախապատրաստեն տարրական դպրոցում հաջողությամբ սովորելուն: Շենքային առումով այդ դասարանները մեկտեղված կլինեն տարրական և միջին դպրոցների հետ:
- Տարրական դպրոցում ուսուցումը 5 տարի է տևելու (6-ից 11 տարեկաններ):
- Միջին դպրոցում ուսուցումը 4 տարի է տևելու (11 տարեկանից մինչև 15 տարեկաններ), որտեղ բացի սովորական դասարաններից, գործելու են նաև «օժտված երեխաների համար խորացված ծրագրերով ուսուցման» դասարաններ:
- Ավագ դպրոցում ուսուցումը 3 տարի է տևելու (15 տարեկանից մինչև 18 տարեկաններ), որի նպատակը լինելու է աշակերտներին միջազգային առաջատար հանրակրթական համակարգերում գործող չափանիշներին, չափորոշիչներին ու ծրագրերին համապատասխան, խորացված գիտելիքների ուսուցումն ու նրանց համալսարանական կրթությանը նախապատրաստելը:
- Ավագ դպրոցի սահմաններում նույնպես կգործեն «օժտված երեխաների համար խորացված ծրագրերով ուսուցման» դասարաններ:
- ՀՀ հանրակրթական համակարգի սահմաններում սովորող յուրաքանչյուր երեխա, մանկապարտեզ-դպրոցից սկսած, հայերենի հետ միաժամանակ, համապատասխան ծրագրերով և մեթոդներով կսովորի առնվազն երկու օտար լեզու (անգլերեն և ռուսերեն) և լավագույնս կտիրապետի դրանց:
- ՀՀ միջին և ավագ դպրոցների այն աշակերտները, որոնք ցանկություն կհայտնեն երրորդ և այլն օտար լեզուներ սովորել, կտրվի այդ հնարավորությունը:
- Այդ կրթական համալիր-կենտրոններում մեկտեղված կլինեն կամ հանրակրթական դպրոցի բոլոր բաղկացուցիչները` մանկապարտեզ-դպրոցը, նախապատրաստական դասարանները, տարրական, միջին ու ավագ դպրոցները և կամ միայն միջին և ավագ դպրոցները:
- Ոչ հեռու ապագայում, ՀՀ հանրակրթական համակարգում բարեփոխումների առաջին փուլի հաջող ընթացքի պարագայում, ՀՀ կրթական համալիր-կենտրոններում կուսանեն նաև սփյուռքահայ և օտարազգի երեխաներ տարբեր երկրներից: Նրանց ուսուցման լեզուն հայերենն է լինելու, որը նրանց կուսուցանվի ժամանակակից մեթոդներով` նախապատրաստական դասընթացների և ողջ ուսման ընթացքում:
- Այդ կրթական համալիր-կենտրոնները կունենան միջազգային նմանօրինակ առաջատար կրթական համալիր-կենտրոնների հանրակացարանային կոմպլեքսներին առաջադրվող չափորոշիչներին բավարարող հանրակացարաններ, որտեղ կբնակվեն կրթօջախների այն սաները, ովքեր եկել են սովորելու այլ քաղաքներից, գյուղերից, սփյուռքից, այլ երկրներից:
- Այդ կրթական համալիր-կենտրոններում սովորելու նպատակով ՀՀ տարբեր քաղաքներից, գյուղերից եկած, ինչպես նաև սփյուռքահայ և օտարազգի սաների համար, անհրաժեշտության պարագայում, կներդրվի խնամատարության ինստիտուտը, որը կկարգավորվի ՀՀ համապատասխան օրենքներով:
- Այն կրթական համալիր-կենտրոներում, որտեղ կսովորեն նաև երեխաներ սփյուռքից, հոգաբարձուների, աշակերտական, ծնողական և դպրոցական խորհուրդների կազմերում համամասնորեն կամ հավասարաչափ կներգրավվեն նաև դպրոցի սփյուռքահայ աշակերտներ և ծնողներ նույնպես:
- «ՀՀ հատուկ կրթության համակարգը» ներառելու է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ուսուցման և կրթության համակարգը:
- ՀՀ «հատուկ կրթության համակարգի» ձևավորման նպատակը պետք է լինի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, իրենց մտավոր ընդունակություններին համապատասխան, և առողջությանը համարժեք ուսուցումը, սոցիալական ադապտացման ու ինտեգրման, ինքնասպասարկման ունակությունների ձեռքբերումը, աշխատանքային, մասնագիտական գործունեության և ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովումը:
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կողմից կրթական ծրագրերի յուրացման համար, անհրաժեշտ է ապահովել հատուկ կրթության որոշակի պայմաններ (հատուկ կրթական ծրագրեր, ուսուցման հատուկ մեթոդներ և տեխնիկական միջոցներ, կենսագործունեության միջավայր, ինչպես նաև համապատասխան մանկավարժական, սոցիալական և այլ ծառայություններ), ինչն էլ պետք է ընկած լինի «հատուկ կրթության համակարգի» ձևավորման հիմքում:
- Կձևավորվի «ՀՀ հատուկ կրթության համակարգի» բոլոր մակարդակները` նախադպրոցական, ընդհանուր, մասնագիտական և այլն ներառող, գլոբալ առաջատար հանրակրթական համակարգերում գործող չափորոշիչներին ու չափանիշներին բավարարող գործուն համակարգ:
- ՀՀ «հատուկ կրթության» համակարգում սովորող, տեղաշարժվելու և առողջական այլ (ժամանակավոր կամ մշտական) լուրջ պրոբլեմներ ունեցող երեխաները, հնարավորություն կունենան սովորել (ժամանակավոր կամ մշտական) հեռահար-էլեկտրոնային եղանակով:
- Ուսումնական սերտիֆիկատները կտրամադրվեն աշակերտներին, որոնք էլ ազատորեն կարող են ընտրել իրենց ուսուցման դպրոցը:
- Դպրոցները, անկախ սեփականության ձևից, կֆինանսավորվեն ըստ դպրոցում փաստացի սովորող աշակերտների թվի:
- Աշակերտներին տրամադրվող սերտիֆիկատների արժեքի մեջ ներառվելու է նաև դպրոցի կոմունալ ծախսերը նույնպես:
- Տվյալ դպրոցի ֆինանսավորման ծավալը կախված կլինի վճարման համար դպրոց ներկայացված սերտիֆիկատների փաստացի թվից:
- Կրթական սերտիֆիկատները լինելու են անվանական և ամրագրված են լինելու որոշոկի աշակերտի: Չի թույլատրվելու կրթական սերտիֆիկատների ազատ շրջանառությունը արժեթղթերի շուկայում:
- Բարեփոխումների առաջին փուլում, հեռավոր և սահմանային գյուղերի դպրոցների կոմունալ ծախսերը (եթե աշակերտների թիվը փոքր կլինի), առժամանակ, չեն ներառվի աշակերտներին տրամադրվող սերտիֆիկատների արժեքի մեջ, այլ կտրամադրվեն դպրոցին առանձին հոդվածով:
- ՀՀ Կրթության ոլորտի բարեփոխումների առաջին փուլում, անհրաժեշտության դեպքում, եթե հեռավոր կամ սահմանային դպրոցներում աշակերտների թիվը փոքր կլինի, դրանց ամբողջական ֆինանսավորումն, առժամանակ, կարող է իրականացվել բազային եղանակով:
- «Ծրագրի» իրականացման հենց սկզբից ուսումնական ծրագրերը ճշգրիտ ձևակերպված կլինեն, իսկ աշակերտների գիտելիքների ստուգումը կիրականացվի գրավոր` թեստային եղանակով:
- Աշակերտների գիտելիքների ստուգման նպատակով թեստերի ձևակերպումը կիրականացվի գլոբալ առաջատար կրթական համակարգերում գործող, առավել հաջողված ու արդյունավետ չափորոշիչների ու չափանիշների հիման վրա:
- Աշակերտի գիտելիքների ստուգման նպատակով ստեղծված թեստերը կլինեն ուսումնական ծրագրերի սահմաններում, կպարունակեն մեծ թվով տարբերակներ, կտպագրվեն, կվերահրատարակվեն ուսումնական տարվա սկզբում առանձին ժողովածու-շտեմարանների ձևով: Թեստերը կզետեղվեն նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև դպրոցների կայք-էջերում և հասանելի կլինեն բոլորի համար:
- Աշակերտների ձեռք բերած գիտելիքների ստուգումից առաջ, նույն թեստերով քննություն կհանձնեն ուսուցիչները, ինչի արդյունքում էլ կպարզվի, թե որքանով են ուսուցիչները տիրապետում իրենց դասավանդած առարկաներին:
- ՀՀ«օժտված երեխաների համար խորացված ծրագրերով ուսուցման» կրթական համալիր-կենտրոններում կսովորեն երեխաներ ՀՀ քաղաքներից, գյուղերից, հետագայում նաև սփյուռքից: Սփյուռքահայ երեխաները հայերեն կսովորեն և կամ կլավացնեն իրենց հայերենի իմացությունը ժամանակակից մեթոդներով, նախապատրաստական դասընթացների և ողջ ուսման ընթացքում:
- ՀՀ «օժտված երեխաների համար խորացված ծրագրերով ուսուցման» կրթական համալիր-կենտրոնների այն սաները, ովքեր ուսուցման ընթացքում չեն ցուցաբերի համապատասխան առաջադիմություն և աշխատասիրություն, կտեղափոխվեն այլ դպրոցներում սովորելու:
- ՀՀ «օժտված երեխաների համար խորացված ծրագրերով ուսուցման» կրթական համալիր-կենտրոններում աշակերտների ձեռք բերած գիտելիքների ստուգումը կարելի կլինի իրականացնել նաև բանավոր: Այդ կրթական համալիր-կենտրոններում կարելի կլինի նաև աշակերտների ուսուցումն իրականացնել անհատական խորացված ծրագրերով, կախված տվյալ աշակերտի մտավոր կարողություններից, իսկ նրանց գիտելիքների ստուգումը կիրականացվի անհատական գրաֆիկներով:
- Ոչ հեռու ապագայում այս համալիր կենտրոններում ուսումնական ծրագրերի նշաձողը շատ բարձր է լինելու, շատ ավելի բարձր, քան միջազգային առաջատար, համանման կրթական համալիր-կենտրոններում: Դրա նպատակն է լինելու “թողարկել” լավագույն կադրեր ՀՀ գիտակրթական, պետական, իրավական և այլ ոլորտներում աշխատելու համար, որոնք կունենան ոչ միայն փայլուն գիտելիքներ, կտիրապետեն լեզուների, այլ նաև հոգևոր-մշակույթային ասկետիկ դաստեարակություն կստանան, կտիրապետեն վարվեցողության ու պահվածքի բարձրագույն նորմերին, այն էլ մեր բազմադարյան մշակույթային մեծ ժառանգության հենքի վրա և այլն:
- Ոչ հեռու ապագայում, ՀՀ հանրակրթական համակարգում բարեփոխումների առաջին փուլի հաջող ընթացքի պարագայում, ՀՀ «օժտված երեխաների համար խորացված ծրագրերով ուսուցման» կրթական համալիր-կենտրոններում կուսանեն նաև օտարազգի երեխաներ: Նրանց ուսուցման լեզուն հայերենն է լինելու, որին նրանք ժամանակակից մեթոդներով կտիրապետեն նախապատրաստական դասընթացների սահմաններում և ողջ ուսման ընթացքում:
- ՀՀ «օժտված երեխաների համար խորացված ծրագրերով ուսուցման» կրթական համալիր-կենտրոնները կունենան միջազգային առաջատար կրթական կենտրոնների հանրակացարանային կոմպլեքսներին առաջադրվող չափորոշիչներին բավարարող հանրակացարաններ, որտեղ կբնակվեն կրթօջախների այն սաները, ովքեր եկել են սովորելու այլ քաղաքներից, գյուղերից, սփյուռքից և կամ այլ երկրներից ժամանած օտարազգի երեխաներ են:
- Այդ կրթական համալիր-կենտրոններում սովորելու նպատակով ՀՀ տարբեր քաղաքներից, գյուղերից, սփյուռքից, այլ երկրներից եկած հայազգի և օտարազգի սաների համար, անհրաժեշտության պարագայում, կներդրվի նաև խնամատարության ինստիտուտը, որը կկարգավորվի ՀՀ համապատասխան օրենքներով:
- ՀՀ այն «օժտված երեխաների համար խորացված ծրագրերով ուսուցման» կրթական համալիր-կենտրոններում, որտեղ կուսանեն նաև սփյուռքահայ երեխաներ, հոգաբարձուների, աշակերտական, ծնողական և դպրոցական խորհուրդների կազմերում համամասնորեն կամ հավասարաչափ կներգրավվեն նաև դպրոցի սփյուռքահայ աշակերտներ և ծնողներ նույնպես:
- Ուսուցիչների վերապատրաստումն ու ատեստավորումը կիրականացվի պարբերաբար, ինչի արդյունքում նրանք ձեռք կբերեն գլոբալ առաջատար կրթահամակարգերի ծրագրերում, դասավանդման մեթոդաբանության մեջ առկա նորամուծություններին, ինչն էլ հնարավորություն կտա կտրուկ բարձրացնել ՀՀ հանրակրթության ոլորտի մակարդակը, շատ արագ այն հասցնելով գլոբալ առաջատար կրթահամակարգերի մակարդակին, ապահովելով ՀՀ կրթության ոլորտի թռիչքային անցումը զարգացման նոր, ավելի բարձր փուլ:
- Ուսուցիչների վերապատրաստման կենտրոնները կզբաղվեն նաև ՀՀ կրթահամակարգի աշխատանքներում դասավանդման մեթոդաբանության, ծրագրերի ու դասագրքերի կազմման և շատ այլ հարցերում նոր, թարմ առաջարկների քննարկման, հետազոտման, փորձարկման և կյանքի կոչման հարցերով:
- Իրականացնել ԱՄՆ կրթական ծրագրերի ու լավագույն դասագրքերի (ոչ միայն ամերիկյան) թարգմանությունները, ներգրավելով ՀՀ մասնագետ-թարգմանիչների, տվյալ բնագավառի մասնագետ-ուսուցիչների, ԲՈՒՀ-երի դասախոսների, գիտնականների:
- Իրականացնել ԱՄՆ կրթական ծրագրերի ու լավագույն դասագրքերի տեղայնացում, հիմնված հայկական կրթական բազմադարյան մշակույթի և հոգեբանության վրա, գործընթացներում դարձյալ ներգրավելով տվյալ բնագավառների մասնագետ-ուսուցիչների, ԲՈՒՀ-երի դասախոսների, գիտնականների:
- ՀՀ դպրոցների բոլոր դասասենյակները, ուսումնական լաբորատորիաները կապահովվեն տեսակամերաներով: Բոլոր դասերը կտեսագրվեն: Դասերի, լաբորատոր աշխատանքների տեսագրված նյութերը կտեղադրվեն դպրոցի կայք-էջի տեսադարանում: Այս ամենը հնարավորություն կտա բացակայող, հիվանդ աշակերտներին նույն պահին մասնակից լինել դասին կամ հետագայում յուրացնել դասը տեսագրությունների օգնությամբ:
- Հնարավոր կլինի նաև աշակերտ-ուսուցիչ ուղիղ կապի ապահովումը:
- Դպրոցական կայք-էջերում կլինեն նաև դպրոցական առօրյան, ՀՀ և համաշխարհային կրթամշակույթային, գիտական կյանքը, սպորտի ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող և այլն էջեր:
- Դպրոցական կայք-էջերի կազմավորման, դրանց ամենօրյա թարմացման. տեքստերի մշակման, խմբագրման հարցերում կարևոր դեր կունենան աշակերտները:
- Անհրաժեշտ է կազմել համապատասխան ուսումնական ծրագրեր, որոնցով ՀՀ հանրակրթական համակարգի տարրական դպրոցից սկսած, երեխաները կուսումնասիրեն ու կտիրապետեն համակարգչի կառուցվածքի ու նրա աշխատանքի տրամաբանությանը: Միջին և ավագ դպրոցներում աշակերտները կծանոթանան անհրաժեշտ ծրագրերին, կսովորեն ինքնուրույն ծրագրավորել, մոդելավորել և լուծել որոշակի խնդիրներ, ասենք այս կամ այն լաբորատոր փորձի ընթացքի կոմպյուտերային մոդելի ստեղծումը և այլն:
- Միջին և ավագ դպրոցներում, հատկապես «օժտված երեխաների համար խորացված ծրագրերով ուսուցման» կրթական համալիր-կենտրոններում, սովորող աշակերտներն ըստ ցանկության և հետաքրքրությունների շրջանակի, կուսումնասիրեն կիրառական հետաքրքրություն ներկայացնող գիտատեխնիկական տարբեր ոլորտներ, օրինակ ռոբոտոտեխնիկայի, էլեկտրոնիկայի, ավտոմատ համակարգերի տարրերը: Նրանք կստեղծեն պարզագույն և ոչ միայն պարզագույն ռոբոտներ, ավտոմատ համակարգեր, որոնց աշխատանքային ծրագրերը կկազմեն հենց իրենք, աշակերտները, զարգացնելով իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտանալով այդ բնագավառներում, կմասնակցեն տեղական և միջազգային օլիմպեադաների, մրցույթների և այլն:
- Անհրաժեշտ է նաև, որ ՀՀ հանրակրթական համակարգում սովորող յուրաքանչյուր երեխա տանն ունենա համակարգիչ, սրան անհրաժեշտ է շատ արագ հասնել: Սակայն սկզբնական փուլում, որպեսզի բոլոր աշակերտներին հասանելի լինի համակարգիչը, անհրաժեշտ կլինի դպրոցներում ստեղծել կոմպյուտերային կաբինետներ, ապահովված արագագործ ինտերնետ կապով:
- Տվյալ դպրոցի աշակերտներին գիտելիք հաղորդող ուսուցիչները իրավունք չեն ունենալու ստուգել իրենց աշակերտների գիտելիքները, դա կանեն մեկ այլ դպրոցի ուսուցիչներ: Այսինքն, ուսուցիչները մի դպրոցում կդասավանդեն, իսկ մեկ այլ դպրոցում կստուգեն աշակերտների ձեռք բերած գիտելիքները, որոնց իրենք գիտելիք չեն ուսուցանել: Գիտելիք ստուգող ուսուցիչը միայն քննությունից քիչ առաջ, կոմպյուտերային խաղարկման արդյունքում կիմանա, թե որ դպրոցի աշակերտների գիտելիքներն է ինքը ստուգելու:
- ՀՀ հանրակրթահամակարգում, բարեփոխումների հենց առաջին փուլի ընթացքում, կձևավորվեն գիտելիքի պարբերական գնահատման և սերտիֆիկացման կենտրոններ, որտեղ կաշխատեն գլոբալ առաջատար կրթահամակարգերում գործող չափորոշիչներին ու չափանիշներին բավարարող ուսուցիչներ, դասախոսներ, գիտնականներ, որոնց գիտելիքները սերտիֆիկացված կլինեն:
- Ոչ հեռու ապագայում, երբ ՀՀ հանրակրթահամակարգում բարեփոխումները հաջողությամբ կարմատավորվեն, ինչի արդյունքում էլ ՀՀ կրթահամակարգը թռիչքային վերելք կապրի ու կդառնա գլոբալ առաջատար կրթահամակարգի կարևորագույն կենտրոններից մեկը, իմաստ կունենա վերանայել «Ծրագրի» այս կետը և հնարավորություն ընդձեռել, որ աշակերտին գիտելիք հաղորդող ուսուցիչը նաև իր աշակերտի ստացած գիտելիքները ստուգի, քանի որ բարեփոխումների արդյունքում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները անաչառ կլինեն ի սկզբանե և դրա վերահսկման անհրաժեշտությունը չի լինի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել