HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիներն աղավաղել են Կիրո Մանոյանի խոսքերը

Երեկ առավոտյան Բաքվում մեկնարկել է Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ ծովի հանձնախմբի ժողովը, որին մասնակցում է նաեւ ՀՅԴ բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը եւ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Ժողովը բացվել է մասնակցությամբ Մոլդովայի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Հունաստանի, Շվեդիայի, Ղազախստանի, Հունգարիայի ներկայացուցիչների եւ անմիջապես ընդմիջվել, քանի որ հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանի Ադրբեջան մուտքի արտոնագրի հետ կապված «խնդիրներ են ի հայտ եկել», որոնք լուծվելուց հետո ժողովը շարունակել է աշխատանքը: Ծագած խնդիրը Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը ներողամտորեն համարել է «տեխնիկական սխալ»: Մինչեւ նիստի սկսվելը մեծ թվով լրատվամիջոցներ ՀՅԴ պատվիրակությունից հիմնականում հետաքրքրվել են ղարաբաղյան խնդրով եւ հայ-թուրքական հարաբերություններով: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Կիրո Մանոյանը հույս է հայտնել, որ մի օր երկխոսությունը կկայանա, բայց, մինչ այդ, Թուրքիան պարտավոր է հրաժարվել բոլոր նախապայմաններից: «Որպեսզի հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ Երեւանի եւ Անկարայի միջեւ, Թուրքիան պետք է հրաժարվի նախապայմաններից: Հակառակ դեպքում` հնարավոր չէ որեւէ տեսակի հարաբերություններ երկու երկրների միջեւ»,- ասել է Կիրո Մանոյանը: Այսօրվա նիստի հիմնական օրակարգը նվիրված է եղել տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հարցերին:  Չնայած նրան, որ նիստի հիմնական թեման եղել է Արցախը` հնչել են նաեւ ելույթներ Հարավային Օսիայի վերաբերյալ: Բոլոր ելույթ ունցողները շեշտել են այս եւ Երեւանում կայացած ժողովների կարեւորությունը, որտեղ հայերն ու ադրբեջանցիները երկխոսության հնարավորություն ունեցան: ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից Ադրբեջանի ներկայացուցչի  դժգոհությանն ի պատասխան` Կիրո Մանոյանը նշել է, որ Ադրբեջանը  դժգոհ է համանախագահների առաջարկներից, քանի որ դրանք հնարավորություն չեն տալիս  Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ներգրավելու համար: Կիրո Մանոյանը շեշտել է նաեւ, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, ինչին Ադրբեջանի ներկայացուցիչը նյարդային է արձագանքել: Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուի Այալան ողջունել է կողմերի միջև բուռն քննարկման փաստը եւ, ամփոփելով նիստի արդյունքները, կարեւորել է հանձնախմբի ժողովների կարեւորությունը եւ հույս հայտնել, որ չնայած տարակարծություններին եւ իրարից հեռու դիրքորոշումներին` հայերն ու ադրբեջանցիները կարող են համաձայնության գալ, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապանդմանը: Ակնկալվում էր, որ Սոցինտերնի հանձնախմբի Բաքվի ժողովին կմասնակցեն նաեւ Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները, սակայն ինչպես երեւանյան նիստին, այնպես էլ Բաքվի նրանք չժամանեցին: Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ն արդեն իրենց ոճին հատուկ սկսել են աղավաղել Կիրո Մանոյանի խոսքը` մասնավորպես նշելով, թե իբր Կիրո Մանոյանը ղարաբաղյան հակամարտությունը բնորոշել է իբրեւ Ադրբեջան-Հայաստան հակամարտություն, այնինչ Կիրո Մանոյանը իր բոլոր հարցազրույցներում բառացիորեն այն  անվանել է ղարաբաղաադրբեջանական: Հիշեցնենք, որ Հայ յեղափոխական դաշնակցությիւնը 1996 թ. սեպտեմբերին նորից դարձավ Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցությունը առաջին անգամ անդամագրվել էր 1907 թ.: 2003 թ. ՀՅԴ-ն դարձավ Սոցինտերնի լիիրավ անդամ` դառնալով ԱՊՀ երկրներում միակ կուսակցությունը, որն ունի այդպիսի կարգավիճակ: Սոցինտերնի խորհուրդը 2008 թ. նոյեմբերին Մեխիկոյում ընտրեց ՀՅԴ բյուրոյի անդամ Մարիո Նալպանտյանին Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ ծովի հանձնախմբի համանախագահ: ՀՅԴ մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter