Հավատաք-չհավատաք
«Առավոտ» օրաթերթը հոկտեմբերի 12-ին տպագրել է «Ո՞վ տապալեց Լինդբլանդին» վերտառությամբ հոդված, որտեղ ասվում է, թե «ՀՅԴ Հայ դատի գրասենյակը հավակնում է հակահայ պատգամավորի տապալման դափնիներին, իսկ շվեդ քաղաքական գործիչներին դա զարմացնում է»: ՀԺԿ նախկին խոսնակ, ներկայումս Շվեդիայում բնակվող Ռուզան Խաչատրյանն «Առավոտին» ասել է, որ «իրեն զարմացրել է այդ տեղեկությունը», քանի որ «Շվեդիայիում հայկական մեծ ու կազմակերպված համայնք չկա և հետևաբար «ՀՅԴ-ն չէր կարող խանգարել Լինդբլանդի ընտրությունը»:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի անդամ Գասպար Կարապետյանը, ով այդ օրերին գործուղվել էր Շվեդիա, նախկինում տեղեկացրել էր, այսօր էլ հաստատեց, որ դա հաջողվել է ոչ միայն հայ համայնքի, այլև տեղի ազգային փոքրամասնությունի հետ համատեղ աշխատանքի արդյունքում: «Ընտրություններին նախորդած շաբաթվա ընթացքում հանդիպումներ ունեցանք Գյոթեբորգ քաղաքի բոլոր ազգային փոքրամասնությունների` ասորիների, քրդերի, հույների, սերբերի հետ»,- ասել էր Գասպար Կարապետյանը:
Այսօր նա նաև հիշեցրեց, որ իրենք օժանդակել են Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունից Անելի Էնոքսոնին, ով և ընտրվել է: ԶԼՄ-ին տրամադրում ենք վերջինիս էլեկտրոնային նամակը` ուղարկված Գասպար Կարապետյանին:
«Թանկագին Գասպար Կարապետյան, շնորհակալ եմ Ձեզ և Ձեր ժողովրդին` իմ նախընտրական ընտրարշավի ընթացքում աջակցելու համար: Աստված մեծ է, և նրա օգնությամբ ու իմ ընկերների ծանր աշխատանքի շնորհիվ ես վերընտրվեցի: Մյուս անգամ, երբ կլինեք Շվեդիայում, ուրախ կլինեի հանդիպել»,- ասված է Անելի Էնեքսոնի նամակում:
Կից ներկայացնում ենք Անելի Էնեքսոնի շնորհակալական այս նամակի պատճեն:

ՀՅԴ մամլո դիվան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել