Ուրանի հանքերի շահագործումը կպարտադրի Զանգեզուրի բնակչությանը արագորեն հեռանալ բնօրրանից
Դրանով իսկ կիրականանա «հայկական սեպը» վերացնելու թուրքերի երազանքը
Արձանագրում ենք, որ
- Հայաստանի Հանրապետությունում լեռնաարդյունաբերության տեխնոլոգիական ցածր մակարդակը գործող հանքավայրերում անդառնալի վնասներ է հասցնում շրջակա միջավարին և մարդկանց առողջությանը:
- Հանքավայրերի շահագործման ժամանակ առաջացած թունավոր թափոնների ոչնչացումը կամ թաղումը ինչպես շահագործման, այնպես էլ շահագործումից հետո հետևանքների վերացման փուլերում կրում են անկառավարելի և անվերահսկելի բնույթ:
- Բացակայում են հանքավայրերում աշխատող և նրանց հարակից տարածքներում բնակչության առողջության նպատակային ուսումնասիրությունները, վիճակագրական համակարգը և մարդկանց առողջության պահպանման ուղղությամբ կանխարգելիչ և բուժական աշխատանքները:
- Արդեն իսկ ծանր վնասներ են հասցվել Ալավերդիում, Ախթալայում, Քաջարանում, Դրմբոնում հանքարդունաբերական ձեռնարկությունների հարակից տարածքներին, բնությանը և մարդկանց առողջությանը:
- Շրջակա միջավայրի և մարդկանց առողջության իրական վիճակը արտացոլող վիճակագրական տեղեկությունների բացակայությունն ու տվյալների անհարկի գաղտնիությունը իրականում հետապնդում է նպատակ քողարկել առկա իրական աղտեալի վիճակը:
- Բնությանը և մարդկանց առողջությանը հասցվող ծանր վնասները հետևանք են նաև էկոլոգիական ստանդարտների, հումանիտար փորձաքննության` երաշխիքային ենթակառույցների բացակայության։
Ուսումնասիրելով և փաստելով Զանգեզուրի բնակչության վերաբերմունքը և նրա կողմից հայտնած անվստահությունը նոր հիմնադրվող հանքարդյունաբերական համալիրների՝ ուրանի հանքերի շահագործման կապակցությամբ` «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը համարում է, որ այդ ծրագրերի կյանքի կոչելը հղի է ոչ միայն էկոլոգիական և առողջապահական աղետով, այլ ուղղակիորեն վտանգում է ՀՀ ազգային անվտանգությանը։ Հանքերի շահագործումը կպարտադրի Զանգեզուրի բնակչությանը կարճ ժամանակահատվածում հեռանալ հայրենի բնօրրանից։
Հայաթափելով Զանգեզուրը, ի հեճուկս թուրքերի` մենք մեր ձեռքով վերացնում ենք «հայկական սեպը» և պայման ստեղծում իրականացնելու թուրքերի վաղեմի երազանքը՝ Զանգեզուրը տեսնել առանց հայերի։ Օտարին ծառայելը և իշխանությունը պահելը ռեժիմի համար դարձել են իրենց գոյության միակ նպատակը։ Հարստանալու անհագ տենչը կուրացրել է և իրականությունից կտրել այսօրվա իշխող ռեժիմին, որն էլ պատրաստ է Հայաստանում իրականացնել ծրագրեր, որոնք չեն բխում ո՛չ հայ ժողովրդի և ո՛չ էլ Հայաստանի շահերից։ Կոչ ենք անում մտահոգ և սրտացավ բոլոր հայերին, հասարակական և քաղաքական կազմակերպություններին սատարել Զանգեզուրի բնակչությանը, վիժեցնելու համար այդ տարածքում ուրանի հանքերի շահագործման ծրագրերը։
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել