«Դատի տվեք համագյուղացիներին եւ հարկեր հավաքեք»
Շիրակի մարզի հերթական մարզխորհրդի նիստին մարզպետ Աշոտ Գիզիրյանը ներկա չէր: Նրա փոխարեն նիստը վարեց փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: Օրակարգային հարցերից առաջնայինը, ինչպես միշտ, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն էր մարզում: Մարզի 29 համայնքներ գերակատարել են սեփական եկամուտների հավաքագրումը, իսկ 19 համայնքեր ապահովել են 50 տոկոսից էլ ցածր ցուցանիշ:
«Հովունին սեփական եկամուտների հավաքագրումը այս 9 ամիսների ընթացքում կատարել է 18,2 տոկոս, հարեւան Քեթին 118 տոկոսով,- թվերի լեզվով հարկերի հավաքագրման առկա պատկերը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետը,- հողի հարկի գծով` նույն Հովունին կատարել է 59 տոկոսով, իսկ հարեւան համանքներից Մայիսյանը` 145,3, Քեթին` 101 տոկոսով: Խրոնիկ ձեւով չի ապահովվում եկամուտների հավաքագրման գծով բարձր մակարդակ»:
«Դուք ինքներդ ձեր կատարած աշխատանքով ձեզ վարկաբեկում եք, զբաղվում եք պոպուլիզմով եւ վաղը մյուս օրը կրկին ընտրվելու ցանկություն եք հայտնելու, առանց հաշվի առնելու նախկինում ծավալած գործունեությունը,- փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի նախատինքն ուղղված էր հատկապես ցածր ցուցանիշ ապահոված եւ անգործությամբ աչքի ընկած համայնքապետերին,- չունեք ֆինանսական միջոցներ համայնքում, ոչ մի ծրագիր չեք իրականացնում եւ մտածում եք, որ ոչինչ չանելով` նորից ընտրվելու եք: Քավ լիցի, այդպես չի լինելու: Գնահատվելու եք կատարած աշխատանքով: Հանկարծ չմտածեք, թե հարկերը զիջելով քվե եք ապահովելու»:
Փոխմարզպետին անպարզ էր մնացել, թե ինչպես Աշոցքի տարածաշրջանում միմյանց հարեւան համայնքները, որ ունեն նույն բնակլիմայական պայմանները, սեփական եկամուտների հավաքագրման հարցում մեկը թերանում է 100 տոկոսով, մյուսն ընդհակառակը` 100 տոկոսով այն կատարում է:
«Ուրեմն ես փոխանցում եմ Աշոտ Անդրանիկովիչի խոսքերը բառացիորեն, յուրաքանչյուր չկատարող համայնք պատասխան է տալու օրենքի առջեւ ամենայն խստությամբ, սա մեկ, եւ երկրորդը` առաջիկայում հրավիրելու ենք տարածաշրջանի գյուղապետերի խորհրդակցություն եւ յուրաքանչյուրի աշխատանքին տրվելու է առանձին գնահատական»,- մարզխորհդի մասնակիցներին զգուշացրեց Սեյրան Պետրոսյանը:
«Դատի տվեք համագյուղացիներին եւ հարկեր հավաքեք»,- եղավ հորդոր-հրահանգը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել