HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվեցին ապօրինի խորքային հորերի շահագործումը կասեցնելուն վերաբերող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի  մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Արարատյան դաշտավայրի ապօրինի խորքային հորերի շահագործումը կասեցնելուն վերաբերող հարցեր:
Ըստ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության`խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարները, Արարատի եւ Արմավիրի մարզպետները, ՀՀ գլխավոր դատախազի, ոստիկանապետի տեղակալները, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ինչպես նաեւ կառավարության աշխատակազմի եւ ՏԿՆ ներկայացուցիչներ:
Նշվեց, որ դեռեւս ապրիլից ջրօգտագործողներին եւ, հատկապես, ձկնաբուծական ընկերությունների սեփականատերերին տրվել էր անհրաժեշտ ժամանակ եւ ներկայացվել էին տեխնիկական առաջադրանքներ` առկա խորքային հորերի շահագործումն օրինական դաշտ բերելու վերաբերյալ: Սեպտեմբերի 4-ին Արարատի մարզի Հայանիստ համայնքում մարզի ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ա.Գեւորգյանը եւս մեկ անգամ առաջարկել էր շուտափույթ կերպով կատարել ջրօգտագործման թույլտվության փաստաթղթերով սահմանված նորմերի պահանջները եւ պահպանել ջրահեռացման կանոնները:
Խորհրդակցության ընթացքում արձանագրվեց, որ բացառությամբ մեկ-երկու դեպքի, ձկնաբուծական տնտեսություններն այդ ուղղությամբ էական քայլեր չեն կատարել: Որոշվեց ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման նախարարությունների եւ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել մասնագիտացված աշխատանքային խումբ, որը հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազության կողմից առաջարկված` ապօրինի խորքային հորերի շահագործումը կասեցնելու ընթացակարգը, անհրաժեշտ միջոցառումներ կիրականացնի: Խորհրդակցության ընթացքում մասնավորապես ընդգծվեց, որ Արարատյան դաշտավայրում ապօրինի խորքային հորեր շահագործողների նկատմամբ կկիրառվեն վարչական եւ անհրաժեշտ, օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները ողջ խստությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter