HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Այնպես աշխատեք, որ մարդիկ ձեր վրա «կլյաուզա» չգրեն»

Չվճարված աշխատավարձերի եւ տարիներով կուտակած սոցվճարների խնդիրը Շիրակի մարզխորհրդի օրակարգի հաջորդ հարցն էր: Մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետը նշեց, որ շատ դեպքերում այդ պարտքը գյուղապետերը ժառանգություն են ստացել իրենց նախորդներից եւ հիմա ոչ միայն դժվարանում են մարել դրանք, այլեւ ընթացիկ պարտքեր են գոյացնում:  2010 թ.-ի հունվարի 15-ի դրությամբ մարզի 34 համայնք ունեցել է նախորդ տարիներից կուտակած պարտքեր` 130 մլն 280 հազար դրամ, որից աշխատավարձ` 73 մլն 164 հազար դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճար` 57 մլն 116 հազար դրամ: Այս ընթացքում ընդամենը մարվել է 48 մլն դրամը: 9 ամիսների ընթացքում պարտքեր ունեցող 34 համայնքներից 8-ն ամբողջությամբ ձերբազատվել են պարտքերից: Հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի 27 համայնք դեռեւս ունի 82 մլն 217 հազար դրամի աշխատավարձերի եւ սոցվճարների պարտքեր: Մարզի Լեռնագյուղ, Ղազանչի, Սիզավետ համայնքներն առաջացրել են ընթացիկ պարտքեր, որը դոտացիան հատկացնելիս կառավարությունում անպայման հաշվի են առնելու: Իսկ դա նշանակում է պետության կողմից հատկացվող գումարների նվազեցում: Նիստը վարող փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին հետաքրքեց Բենիամին համայնքի ղեկավարի աշխատելաոճը: 2 մլն 360 հազար դրամ աշխատավարձի պարտք ունի համայնքապետարանը, հարկերի գանձումն էլ 30 տոկոսով է ապահովել: «Դուք ոնց եք պատկերացնում ձեր հետագա աշխատանքը»,-Բենիամինի գյուղապետ Սամվել Մկրտչյանին դիմեց նիստը նախագահող Սեյրան Պետրոսյանը: « Դա նախկինում գոյացած պարտք է, պարոն փոխմարզպետ, որը չի վճարվել 2000-2008թթ-ին,-պատասխանեց համայնքապետը,-իրականում ես ասեմ, թե ինչու չեմ տալիս այդ աշխատավարձը: Մեր գյուղում գործել է գյուղապետրանի հետ կոլեկտիվ տնտեսություն, որը մինչեւ օրս 6 մլն դրամ պարտք է մեզ եւ չի ուզում վճարել: Երբ վճարեն, ես էլ աշխատավարձերը կտամ»: «Այսինքն զբաղվում եք ինքնիրավչությամբ, փոխանակ դատական կարգով այդ գումարը գանձեք»,-նկատեց փոխմարզպետը: «Այդ գումար դատական կարգով չեմ կարող գանձել, որովհետեւ վաղեմության կարգ կկիրառեն,-բացատրեց Բենիամինի համայնքապետը,-ինձ իրավաբանները բացատրել են, որ դատական կարգով ես այդ գումարը չեմ կարողանալու գանձել»: Ամեն դեպքում, Սամվել Մկրտչյանի բերած փաստարկները չհամոզեցին փոխմարզպետին: «Տեսեք-տեսեք ես գյուղապետ եմ…նորից եմ կրկնում, ինքնագործունեությամբ մի զբաղվեք, էս երկրում օրենքներ կան, փորձեք կիրառել»,-խորհուրդ տվեց Սեյրան Պետրոսյանը: Եւս մեկ խնդիր, որ նոր մարզպետի նշանակմանը զուգընթաց գլուխ է բարձրացրել համայնքներում ու բավական անհանգստանող երեւույթ դարձել մարզպետարանի համար. մարզպետարան տարբեր համայնքներից, կոլեկտիվներից վարկաբեկող բովանդակությամբ նամակներ են ստացվում: «Եղեք ուշադիր, աշխատեք այնպես, որ մենք այդ բովանդակ նամակներ չստանանք,-համայնքապետերին հորդորեց փոխմարզպետը,- այնպես աշխատեք, որ մարդիկ ձեր վրա, մեղմ ասած` «կլյաուզա» չգրեն: Չնայած ասեմ, որ, ինչ որ մարդկանց ցանկությունից ելնելով, տեղի-անտեղի մարդկանց աշխատանքից չենք ազատելու: Դուք աշխատեք աչալուրջ լինել, մենք էլ կփորձենք մեր հերթին արդարացի լինել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter