
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ եկող խորհրդարանկան ընտություններում իր ղեկավարած կուսակցությունը ձգտելու է ստանալ ձայների 50+1 տոկոսը: Այս առնչությամբ այսօրվա ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը նշեց, թե Ծառուկյանի ասածին ամենալավը պատասխանել է ԱԺ նորընտիր փոխնախագահ, նախկին ՕԵԿ-ական, այժմ ԲԿՀ-ական Սամվել Բալասանյանը:
Վերջինս ասել է, թե չկա մի զինվոր, որ չի երազում դառնալ գեներալ: «Բայց ամեն զինվոր չէ, որ կարող է գեներալ դառնալ»,- իր կողմից ասվածին հավելում է Կարեն Ավագյանը:
«Այսինքն` Գագիկ Ծառուկյանը «գեներալ» չի՞ կարող դառնալ»,- հարցրին Ավագյանին, որն էլ ի պատասխան նշեց, թե հարցրեք Սամվել Բալասանյանին:
«Բայց Դուք եք ասում, որ ամեն զինվոր գեներալ չի դառնում»,- համառեցին լրագրողները:
«Դա էլ ընդունված բան է, խոսակցություններ են, խոսքերի շարք է, որ ոչ բոլոր զինվորներն են գեներալ դառնում»,- ասաց Կարեն Ավագյանը եւ հավելեց, թե չի ուզում հայտնել իր կարծիքը` արդյոք Ծառուկյանը կարո՞ղ է դառնալ «գեներալ», թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է կոալիցիայում առակա տարաձայնություններին, Ավագյանի խոսքերով, դրանք միմիայն աշխատանքային բնույթի են, «որովհետեւ, եթե ավելի լուրջ տարաձայնություններ ունենային մեր կոալիցիոն գործընկերները, իրենք ուղղակի կոալիցիայից դուրս կգային»:
Իսկ նախընտրական քարոզարշավը ՀՀԿ-ական պատգամավորը համեմատում է վազքի մրցումների հետ` նշելով, թե նշանակություն չունի` ով ինչպես է այն սկսում: Պարզապես էականն այն է, թե ում քաղաքական շնչառությունը կհերիքի հատելու եզրագիծը:
«Եվ հավատացնում եմ ձեզ` 2012-2013թթ. քաղաքական շքերթը գլխավորելու է Հանրապետական կուսակցությունը, որովհետեւ, ըստ իս, 1,5-2,5 տարիների ընթացքում չի ձեւավորվի այն քաղաքական միավորը, որը կկարողանա Հանրապետական կուսակցության հետ մրցակցել,- ասում է Կարեն Ավագյանը,- էլի սպորտի լեզվին անդրադառնամ: Սպորտում կան տարբեր քաշեր: Հանրապետական կուսակցությունն այսօր քաղաքական դաշտում գրավում է գերքաշային կատեգորիան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել