7 հոգի ձերբակալվել է` զինվորի մահվան պատճառով
Հոկտեմբերի 3-ին պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ նույն օրը N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Խաչատրյանի դին: Այսօր տարածած հաղորդագրությամբ նախարարությունը հայտնում է, որ Ս. Խաչատրյանի նկատմամբ մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ գործադրել են բռնություններ, հայհոյանքներով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալված են մարտկոցի հրամանատարը, պարտադիր ժամկետային ծառայող 3 սերժանտ և 3 շարքային զինծառայող:
«Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար»,- տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել