HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի ձեւավորումը շահեց Բուխարեստի ճարտարապետության Բիենալեի առաջին մրցանակը

Բուխարեստի Ճարտարապետության IX Բիենալեում, որի արդյունքներն ամփոփվեցին 2010թ. հոկտեմբերի 12-ին, Ինտերիերի ճարտարապետություն, բեմական ձեւավորում եւ առարկաների դիզայն կատեգորիայում առաջին մրցանակի արժանացավ SKBD ստուդիան, որն իրականացրել է Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի հավաքածուի ցուցադրությունը (հեղինակներ` Աթիլլա Կիմ/Attila Kim, Տիբերիու Բուկշա/Tiberiu Bucşa, Ադրիանա Դիակոնու/Adriana Diaconu, Էլենա Ստոյան/Elena Stoian, Ռուքսանդրա Բերինդե/Ruxandra Berinde եւ Անա Բոտեզատու/Ana Botezatu): Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, մրցույթն ընդգրկում էր վեց կատեգորիաներ` 1000 քմ ավելի ճարտարապետություն, 1000 քմ պակաս ճարտարապետություն, ուրբանիզմ եւ քաղաքային տարածքների ձեւավորում, Ինտերիերի ճարտարապետություն, բեմական ձեւավորում եւ առարկաների դիզայն, հուշարձանների վերականգնում եւ շենքերի վերակենդանացում, ճարտարապետական հրատարակություններ: Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը բացվել էր Ռումինիայի Սիբիու նահանգի Դումբրըվեն (Dumbraveni) քաղաքում, ս/թ հուլիսի 15-ին, մշակութային ինքնության վերականգնման եւ խթանման ռումինա-եվրոպական համագործակցության շրջանակներում: Թանգարանի հիմնադրումն իրականացվել էր Նորվեգիայի, Իսլանդիայի եւ Լիխտենշտեյնի կառավարությունների կողմից հիմնադրված «Հայ համայնքի վերածննդին ուղղված գործողություններ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Դումբրըվենի նախկին հայ համայնքի մշակութային ժառանգության պահպանությունն ու ներկայացումը, ինչպես նաեւ դրա միջոցով տեղական տուրիզմի եւ սոցիալ-տնտեսական զարգացման խթանումը: Թանգարանը տեղավորված է Դումբրըվենի հայ կաթողիկե Սուրբ Եղիսաբեթի տաճարին հարեւան պատմական Ապաֆի ամրոցում: Դումբրըվենը համարվում է Տրանսիլվանիայի հայկական բնակավայրերից մեկը: Հայերն այնտեղ հաստատվել են դեռեւս 17-րդ դարի վերջում: 18-րդ դարի սկզբում հայերի ջանքերի շնորհիվ Դումբրըվենն ստացել է «թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ, կառավարվել հայերի կողմից` հայկական օրենքներով եւ վերանվանվել Ելիզաբեթոպոլիս: Քաղաքում կառուցվել են հայկական եկեղեցիներ, վարչական եւ կրթական հաստատություններ, առեւտրական եւ բնակելի տներ, որոնցից մի մասը պահպանվում է մինչեւ այսօր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter