
Արցախի թվով 16 հասարակական, քաղաքական կազմակերպություններ ԼՂՀ տարածքում անցկացվող դաշտային առաքելության կապակցությամբ հոկտեմբերի 11-ին նամակով դիմել են ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւին, Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Այդ նամակի ողջ իմաստը ձեւակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ: «Եթե իրականում խնդիրը ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում առկա հումանիտար իրավիճակի գնահատումն է, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու է դաշտային առաքելությունն իրականացվում միայն այդ գոտու մեկ հատվածում, տվյալ դեպքում` ԼՂՀ տարածքում»,-հետաքրքրվում են նամակի հեղինակները:
Նման համարձակության համար, ինչ խոսք, կազմակերպություններն արժանի են շնորհակալության: Ի վերջո, կարող էին ընդհանրապես որեւէ նամակ չգրել, միջնորդների գլուխը չցավեցնել: Բայց նրանք գրել են, ընդ որում դա արել են այն ժամանակ, երբ ՄԽ համանախագահների գլխավորած փաստահավաք խումբը դեռ Ստեփանակերտում էր: Ոչինչ, որ խումբն արդեն... ավարտել էր իր առաքելությունը:
Թե նամակը գրելու համար այս կազմակերպություններն ինչու էին սպասել մինչ դաշտային փաստահավաք առաքելության ավարտը, թերեւս, ոչ ոք չգիտի: ԼՂ եւ նրան հարակից շրջաններում փաստահավաք առաքելություն իրականացնելու մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել էին դեռ սեպտեմբերի 8-ին Բաքվում:
«Օկուպացված շրջաններում հումանիտար իրավիճակի ուսումնասիրման նպատակով համանախագահները սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին կայցելեն տարածաշրջան»,- նշվում էր այդ ժամանակ նրանց տարածած համատեղ հայտարարության մեջ:
Մինսկի խմբի համանախագահներն այդ ժամանակ Բաքվից ուղղակի ժամանեցին Ստեփանակերտ` հենց ԼՂՀ իշխանություններից ստանալու նման առաքելություն իրականացնելու հարցում օժանդակության երաշխիքներ: Նրանց այդ երաշխիքները տրվեցին: ԼՂՀ հասարակական, քաղաքական շրջանակներն այդ ժամանակ ոչ միայն որեւէ ծպտուն չհանեցին, այլեւ ձայն չհանեցին ուղիղ մեկ ամիս շարունակ, մինչեւ դաշատային առաքելությունը հաջողությամբ չավարտեց իր անելիքը:
Իրականում այդ նամակը, ավելի ճիշտ դրա մեխը հանդիսացող վերոնշյալ հարցադրումն ուղղված պետք է լիներ ոչ այնքան ԵԱՀԿ գործող նախագահին, նրա անձնական ներկայացուցչին կամ անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որքան սեփական երկրի իշխանություններին: Առաջին հերթին նրանցից էր պետք պարզել, թե ինչպե՞ս է ինքնիշխան պետությունը թույլ տալիս, որ ինչ-որ մեկը, ընդհուպ Հայաստանը, նման առաքելություն իրականացնելու հարցում բանակցությունների մեջ մտնի, հետո էլ համաձայնությունների գա Սահմանադրությամբ իր տարածքները համարվող շրջաններում ինչ-որ գործողություններ իրականացնելու վերաբերյալ:
Խնդիրը, սակայն, միայն իր իրավունքները գիտակցելը եւ պաշտպանելը, այսինքն` իրեն հարգել ստիպելը եւ այդ հարցում իշխանություններից հետեւողականություն ու սկզբունքայնություն պահանջելը չէ:
Դաշտային այս առաքելությունը նաեւ հիանալի հնարավորություն էր մի կողմից հակամարտության բանակցային գործընթացում կորսված դիրքերը վերականգնելու, մյուս կողմից` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂԻՄ տարածքների` Մարտակերտի, Մատունու շրջանների մի հատվածի եւ Շահումյանի, ինչպես նաեւ հայ փախստականների հարցը բարձրացնելու համար:
Եթե ԼՂՀ-ն այս հարցում բավականաչափ կոշտություն դրսեւորեր, ապա հնարավորություն կստանար վերականգնելու հակամարտության սուբյեկտի իր կարգավիճակը: Եվ այդ հարցում հատկապես մեծ է Արցախի հասարակական, քաղաքական շրջանակների դերը: Խնդիրն այն է, որ ՄԽ համանախագահները, միջազգային հանրությունը համառորեն չեն ուզում տեսնել ու ճանաչել ԼՂ իշխանություններին եւ նրանց վերաբերվում են որպես ԼՂ «հայկական համայնքի» ներկայացուցիչների: Եվ այս առաքելությանն ընդդիմանալը լավ առիթ էր` ցույց տալու, թե իրականում ինչ է այդ «համայնքը»:
Մինչդեռ ակնհայտ է, որ նման անտարբերություն ցուցաբերելով` ԼՂՀ հասարակությունը միջազգային հանրությանը, անգամ սեփական իշխանությանը դրդում է իր գլխի տակ փափուկ բարձ դնել եւ ուղղակի մոլորության մեջ գցել:
ՄԽ համանախագահների հետ բանակցություններից հետո պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, թե բարձրացրել է նաեւ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայկական տարածքներում նման դաշտային առաքելություն իրականացնելու հարցը եւ համաձայնություն ստացել:
Սակայն Ստեփանակերտում որեւէ մեկն այդպես էլ չհստակեցրեց, թե երբ, ինչպես եւ ով է իրականացնելու այդ առաքելությունը: Ստեփանակերտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի 12-ին հայտարարեցին, թե դաշտային առաքելությունն ավարտում են: Նրանցից եւ ոչ ոք հստակ չասաց, որ, այո, Շահումյանի շրջան այցելելու խնդիր է դրված, որ այն համաձայնեցված է ադրբեջանական կողմի հետ:
Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն շատ ընդհանրական ձեւով ընդամենն ասաց, թե խիստ կարեւոր է այցելել բոլոր այն շրջանները, որոնց վրա հակամարտությունն ազդեցություն է գործել, որոնք կապ ունեն համանախագահների աշխատանքի հետ: Այդ պատասխանից պարզ չդարձավ` օրինակ Շահումյանի շրջանի, այնտեղի հայ փախստականների խնդիրը կապ ունի՞ իրենց աշխատանքի հետ, թե՞ ոչ: Լավագույն դեպքում համանախագահները խոսում են այդ շրջաններ «հաջորդ փուլում» այցելելու հնարավորության մասին:
Այն մասին, թե երբ է լինելու այդ հաջորդ փուլը, դրա արդյունքները ներառնվելո՞ւ են այս դաշտային առաքելությունից հետո կազմվելիք զեկույցի մեջ, եւս ոչինչ չեն ասում:
Իսկ դա չափազանց նուրբ հարց է: Այս տարվա դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալու է ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի ժամանակ, ըստ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Յան Քելլիի, շատ հնարավոր է` Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկվի ընդունել ԼՂ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզ»:
Եվ եթե նման դաշտային առաքելություն չիրականացվի նաեւ այդ տարածքներում, ապա հնարավոր «քարտեզների» գծագրման ժամանակ հայկական կողմի շահերը պարզապես կարող են փոշացվել:
Նման «մանրուքները», սակայն, ԼՂՀ հասարակական, քաղաքական շրջանակներին չեն հետաքրքրում: Նրանք նախընտրում են գլուխները թաքցնել նմանատիպ ժամկետանց նամակների տակ: Փույթ չէ, որ հասցեատերերն այդ նամակները կարող են շատ հանգիստ աղբարկղը նետել` նույնիսկ առանց ծրարը բացելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել