HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շատերը չեն հիշում` երբ են միս կերել

Կյանքն օրեցօր թանկանում է Ալավերդու «Հայպետշին» թաղմասի շուկայում գյուղատնտեսական մթերքների գները գրեթե ամեն օր բարձրանում են: Շուկան սպասարկում է քաղաքի ողջ բնակչությանը: Խորհրդային տարիներին Ալավերդու բնակչությանը գյուղմթերքներ սպասարկում էին Թումանյանի տարածաշրջանի գյուղերի սովխոզները: Բացի դրանից, շուկայում իրենց  գյուղարտադրանքը վաճառում էին նաեւ գյուղացիները: Հայաստանի անկախացումից գյուղերում այգիների հազարավոր հեկտարներ հատվեցին: Դրանք հիմնականում դարձան վարելահողեր: 1994թ.-ին Օձունում հատվել են շուրջ 40 հա խնձորի այգիներ, Ճոճկանում 2000թ.-ին ոռոգման ջրատարի կառուցման գումարները հափշտակելուց հետո` ոռոգման ջուր չլինելու պատճառով ոչնչացան 1000 հա դեղձի և խաղողի այգներ, վերացան նաև Մեծ Այրումի շուրջ 300 հա այգիները,  468 հա այգիների մեծ մասը ոչնչացան նաև Շնողում: Տարածաշրջանի  սեփականաշնորհված 6000 հա վարելահողերի հազիվ 10 տոկոսն է այսօր մշակվում գյուղացիների կողմից: Փաստորեն, Թումանյանի տարածաշրջանում գյուղատնտեսությունը, որպես տնտեսության ճյուղ, եթե այսպես շարունկավի, կվերանա: Այս պատկերն արտացոլվում է նաև Ալավերդու շուկայում: Այստեղ առևտուր են անում միայն վերավաճառողները, որոնք վաճառում են հիմնականում Արարատյան դաշտավայրի պտուղ-բանջարեղենը: «Իմ ապրանքներից հոնն է տեղական. իմ այգուց է: Վաճառում եմ կգ-ն 250 դրամով: Ընկույզը նույնպես տեղական է, Հագվի գյուղից եմ գնել ու վաճառում եմ կգ-ն 800 դրամով: Կաղամբը Սպիտակից են բերել ավտոմեքենայով: Գնել եմ կգ-ն 100 դրամով, վաճառում եմ 120-ով: Մեր գյուղերի գյուղացիները, որ մեզ ապրանք տան վաճառելու , ինչո՞ւ չենք վերցնի, կվերցնենք: Բայց նրանք ի՞նչ ունեն, որ ի՞նչ բերեն: Էս տարի հատկապես մեր գյուղերից բան չեն բերում շուկայում վաճառելու: Մեկ-մեկ Արևածագ գյուղից կարտոֆիլ են բերում, էդ ա վերցրել ենք կգ-ն 130 դրամով, վաճառում ենք 180-200 դրամով: Կարտոֆիլն անցյալ տարի, այս տարվա համեմատ, ավելի էժան էր. գյուղացիներից 50-60 դրամով էինք առնում: Ապրանքը հիմնականում Արարատյան դաշտավայրից են մեքենայով բերում, մենք էլ առնում ենք ու վաճառում» ,- ասաց վաճառող Ռոզա Վարդևանյանը: Ըստ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանի տրամադրած տեղեկատվության` մարզում 2010թ. արտադրված 640 տոննա պտղի 555 տ-ն,  23 հազար տոննա կարտոֆիլից էլ  22 հազար տոննան արտադրվել է Թումանյանի տարածաշրջանի գյուղերում: Ուշագրավն այն է, որ տարածաշրջանի գյուղերի բնակաիչներ մեր այցելությունների ժամանակ ասում էին, որ այս տարի բերք չեն ստացել: Տարածաշրջանի երբեմնի այգեգործության կենտրոնի` Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանն ասաց. « Պտուղ չի եղել այս տարի: Մեր նախկին 1000 հա այգիներից 20 հա երիտասարդ այգի ունենք, այն էլ, դեռ բերքի տակ չէ»: Պտղի արտադրությունից դժգոհեցին նաև Շնողի գյուղացիները: Մնում է զարմանալ, թե Թումանյանի տարածաշրջանում  ինչպես է արտադրվել 555 տոննա պտուղ: Իսկ Ալավերդու շուկայում Արարատյան դաշտավայրից  բերված խնձորի եւ տանձի 1 կգ-ի արժեքը 600 դրամ է, Ճոճկանի խաղողի 1կգ-ի գինը 200 դրամ,իսկ Արարտյան դաշտավայրի խաղողինը` 400 դրամ: Բարձր գների պատճառով  բնակչության համար անմատչելի է հատկապես  մսամթերքը:  Նախորդ` 2009թ.-ի համեմատ այս տարի Ալավերդիում միսը թանկացել է շուրջ 700 դրամով:  Ալավերդու շուկայում տավարի մսի 1 կգ-ն 2000 դրամ է, տավարի փափուկ մսինը` 2500, խոզի մսինը` 2200 դրամ:  «Ժողովրդի գնողունակությունը մեռած է, մեկ էլ նոր տարուն կլինի առևտուր»,- ասաց շուկայի մսավաճառ Արմեն Գալստյանը:  Բարձրացել են նաև այլ մթերքների գները: Շուկայում զրուցեցի առեւտուր անողների հետ: «Իմ աչքին ամենաշատը երևում է ալյուրի թանկացումը: Միսն ասեմ` ո՞նց ենք առնում: Շատ լավ առնում ենք, ուտողին հայհոյում ենք: Անունս Ստեփան Սահակիչ ա: Որ մենք չենք կարում ուտենք, մեզ մնում ա ուտողին հայհոյելը»,- ասում է թոշակառու Ստեփան Մելիքյանը: Քնար Մոսինյան. «Ազիզ ջան, ուտելիքը թանկացել ա, ինձ հմա չիմ թանկ ա: Դե հիմի ինձ երեխեքը լավից վատից քոմագ են անում, ես էդ առնում եմ: Բայց, դե, էնենց էլ կա` սովիցը տեղները նեղ, զոռի ապրում են, էլի: Ես Արդվի գյուղից եմ: Շատ ծանր ա մեր գեղի վիճակը: Մեր գեղըմ միս ծախող չկա: Շատերը կան` ըսկի մսի համ չեն տենում: Մի հարևանուհի ունեմ, մարդը գնացել ա խոպան, ընդիան կարում չի մի կոպեկ փող խրգի, կամ ինքը գա, դպրոցըմը տեղ կա, որ պատմության դասատու ըշխատի, լավ էլ գլուխ ունի ինքը, Աղաբեկյան Վաչոն ա մեր գեղի, կնիկը զանգել ա, ասել ա` Վաչո, արի, դպրոցի դիրեկտորն ասել ա` քեզ  դպրոցումը կտեղավորենք: Կարում չի գա, հմի Վաչոյի կնիկը սոված նստած ա: Հարևանն ա հաց տալի, որ ապրըմ ա: Էս տարի էլ մեր գեղըմ կարտոֆիլ չկա: Արդվի շատերը սոված են: Մի մասն էլ թոշակով ա յոլա գնում: Մեր գեղըմը  մի 70 տնտեսություն ա ապրում: Ով ապրանք ունի, էդ նրանք միջոց ունեն: Որն էլ հեչ ապրանք չունի` սոված ա: Վաչոյի կնիկն ասավ` իրեք հատ հավ ունեմ: Ուզում ա էն էլ ծախի, կարըմ չի կեր առնի, որ ուտացնի: Վաչոյի կնկա անումը Գոհար ա»: Հեղինե Հովհաննիսյան. «Թանկացումներն ակնհայտ են. ձեթը 650-ից դարձել է 750-800 դրամ, ալյուրն առաջ 180 դրամ էր, հիմա դարձել է 220 դրամ, գրեչնին դարձել է 1200 դրամ: Մի քանի ամիս առաջ 400 դրամ էր: Դե, իհարկե, եթե մեր ընտանեկան բյուջեի գումարը չի ավելանում, բնականաբար, թանկացումները խիստ ազդում են: Մեր ընտանիքը 2 անձից է բաղկացած` ես և մայրս ենք: Մայրիկս աշխատում է, խանութում, վաճառող է, ես էլ ուսանող եմ: Ապրելու դժվարությունները զգում ենք: Ես 17 տարեկան եմ, սովորում եմ Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղում»: Ժորա Գալստյան, թոշակառու. «Թանկացումների մասին էն կասեմ, այ, օրինակ, էսօրվա հացերը համեմատեք նախկին հացերի հետ: Ահագին քաշերի մեջ տարբերություն կա: Գինն էլ թանկացել ա: Դե, ամեն ինչն էլ թանկացել ա: Ես չգիտեմ` միս երբ եմ կերել:  Ազնվությամբ: Հա պանիր, բան օգտագործում ենք: Գրեչնին, որ ըլում ա, սիրում եմ, որ չի ըլում, չենք սիրում: Հարսս ու տղես չեն աշխատում, ես ու կինս թոշակ ենք ստանում,  երկու ուսանող երեխա ունենք: Իմ ու կնոջս թոշակը մի 54 հազար դրամ է: Տարին մի անգամ` նոր տարուն ենք միս առնում»: Սամվել Նասիբյան, 2-րդ խմբի հաշմանդամ. «Ո՞նց ենք կարում ամեն ինչ ուտենք, չենք կարըմ է, ախր: Մեր ամսական եկամուտն իմ թոշակն ա` 11 հազար դրամ: Ընտանիքում 4 անձ ենք: Ոչ միս եմ կարում առնեմ, ոչ կարագ, ոչ էլ կրուպեղեն: Պանիր պատահական օգտագործում ենք, եթե միջոց ըլում ա: Գյուղում հողամաս ունեմ, կարտոֆիլ ենք ցանել, ցորեն եմ ցանել, դրանից ենք օգտվում: Նպաստս էլ կտրեցին: Միսը մեր ընտանիքում նոր տարուն ենք կերել: Երևան եմ գրել, թղթերս էկել ա, որ սխալ են կտրել նպաստս: Չգիտեմ, դեռ «Փարոս» չեմ գնացել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter