HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կ. Կարապետյան. «Թերություն հայտնաբերելու դեպքում` շինարարությունը պետք է դադարեցնել»

Այսօր նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Շիրակի եւ Լոռու մարզերում պետական միջոցներով իրականացվող կառուցապատման աշխատանքների եւ մեկ շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարը, գլխավոր ճարտարապետը, Շիրակի եւ Լոռու մարզպետները, Գյումրիի քաղաքապետը, շինարարությունն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, Կարեն Կարապետյանը խորհրդակցությանը մասնակցող բոլոր պատասխանատուներին եւս մեկ անգամ հիշեցրել է նախագահ Սարգսյանի հանձնարարականը` խստագույնս հետեւել պետական սուղ միջոցներից աղետի գոտում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների որակին եւ ժամանակացույցին` ապահովելով մարդկանց բնակության համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային, ենթակառուցվածքային նվազագույն բոլոր պայմանները: «Որակի հետ կապված ցանկացած թերություն հայտնաբերելու դեպքում` շինարարությունը պետք է դադարեցնել եւ կառուցապատողին պարտավորեցնել անմիջապես շտկել թերությունը, որպեսզի բնակիչները հետագայում խնդիրներ եւ դրանց հետ կապված դժգոհություններ չունենան: Պետությունն անում է ամեն հնարավորը` մարդկանց բնակարանով ապահովելու կենսական նշանակության այդ խնդրի լուծման համար, ուստի շինարարությունն իրականացնողների եւ այլ պատասխանատուների պատճառով չպետք է դժգոհություններ առաջանան»,-ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարը: Քաղաքաշինության նախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է Սպիտակ քաղաքում եւ գյուղական բնակավայրերում կառուցապատման աշխատանքների ընթացքը, Գյումրիի «Մուշ-2» թաղամասում բնակելի շենքերի շինարարության ժամանակ հայտնաբերված թերությունների շտկման նպատակով ձեռնարկված աշխատանքն ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ այսուհետ դրանք բացառելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Խորհրդակցության ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter