
Եթե Թռչկանի մոտ հէկ կառուցվի, գյուղացիները խոստանում են պայթեցնել այն
Լոռվա և Երևանի բնապահպան հեծանվորդները սեպտեմբերի 24-ից 25-ը Երևանից հեծանվարշավ կազմակերպեցին դեպի Լոռվա մարզի գողտրիկ ջրվեժը՝ Թռչկան: Հեծանվարշավի նպատակն էր տեղում ծանոթանալ իրավիճակին, լուսանկարել, տեսաձայնագրել, իմանալ Թռչանի մոտ հէկ կառուցելու վերաբերյալ հարակից գյուղերի բնակիչների կարծիքը և ստացված ամբողջ տեղեկատվությունը հասանելի դարձնել մեր հայրենակիցներին:
Հեծանվորդները տեղեկացնում են, որ Թռչկանի ջրվեժի կողքով արդեն մոտ 100 մետր փորված էր՝ հավանաբար գետի հունը փոխելու նպատակով: Որպես հետևանք՝ մինչև ջրվեժի սկիզբը գետի հունը կիսով չափ փակվել է՝ լցվելով քարերով ու հողով: Սեպտեմբերի 24-ի երեկոյան և 25-ի առավոտյան՝ հեծանվորների այնտեղ գտնվելու ընթացքում, շինարարություն չէր կատարվում:
Բնապահպաններն իրենց հեծանիվների վրա կրում էինք կանաչ կտորից պատրաստված դրոշներ, որոնց վրա գրված էին Թռչկանի ջրվեժի պահպանմանը նվիրված կարգախոսներ: Այդպես շրջում էին գյուղերով, նրանց մոտենում էին տեղի բնակիչները, հարցուփորձ անում և իրենց կարծիքը արտահայտում: Դեռ Ապարանից սկսած՝ չկար մեկը, ով գոնե մեկ անգամ եղած չլիներ Թռչկանի ջրվեժում: Բոլորը խնդրին ծանոթ էին և շատ զայրացած էին խոսում:
Թռչկանին ավելի մոտ Ջրաշեն գյուղում կրքերն ավելի թեժ էին: Բնակիչները խոստանում էին, որ պայթեցնելու են, եթե այդտեղ ՀԷԿ կառուցվի, նույնիսկ հաշվեհարդարի սպառնալիքներ էին հնչեցնում:
Հեծանվորները չհանդիպեցին և ոչ մի բնակչի, ով անտարբեր կլիներ այդ խնդրի հանդեպ: Բնակիչներն ասում էին, որ շատ են սիրում իրենց օդը, հողն ու ջուրը, բայց եթե հյուր է գալիս, առանձնապես բան չունեն ցույց տալու: Մնում է միայն Թռչկանի ջրվեժը, ուր տարված հյուրերը ուղղակի ապշում են տեսած գեղեցկությունից:
Ջրաշեն գյուղի մի բնակիչ, ով մոտեցավ հեծանվորդներին, պատմեց, որ երբ Թռչկանի մոտ արված իր լուսանկարը ցույց է տվել Ռուսաստանում իր ընկերներին, վերջինները սկսել են ծաղրել իրեն՝ կարծելով, թե ֆոտոշոփ ծրագրով իր նկարը դրել է ջրվեժի նկարի կողքին: Ռուսաստանում չեն հավատացել, որ Հայաստանում նման գեղեցկությամբ ջրվեժ կարող է լինել: Հետո Ջրաշենի բնակիչը իր ռուս ընկերներին հրավիրել է իրենց գյուղ, և նրանք իրենց աչքերով տեսել են ջրվեժը:
Բոլորը ասում էին, որ չեն հավատում ոչ երեք ամսին, ոչ ուրիշ թվերի, և չեն էլ ուզում հավատալ: Նրանք չեն ուզում երբևիցե ջրվեժի փոխարեն չոր քարափ տեսնել, դա իրենց ջրվեժն է:
Շիրակամուտ գյուղի մի բնակիչ էլ՝ մոտ 40 տարեկան տղամարդ, տեսնելով մեր պաստառի վրա գրված կարգախոսը՝ «Թռչկանի ջուրը կտրողի կյանքը կտրվի», իր ընկերների հետ մոտեցավ և ասաց, որ դրանց կյանքը պետք չի կտրել, նրանք կտրելու են դրանց ձեռքերը ու մարմնի այլ մասերը, որ տանջվելով ապրեն ու գիտակցեն իրենց արածը:
Մեծ Պարնի գյուղում հեծանվորները ձեռք բերեցին ծանոթություններ, որոնք կօգնեն տեղյակ լինել ջրվեժում կատարվող գործողությունների մասին: Հեծանվորներին հանդիպած բոլոր մարդիկ միակարծիք էին, որ ՀԷԿ-ի շինարարությունը ոճրագործություն է, հէկ-ը միևնույն է չի աշխատելու, միայն թե անիմաստ չավերվի Թռչկանի ջրվեժի բնությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել