Տնօրենը հույս ունի, որ ճոպանուղուց նախագահը ու վարչապետը կտեսնեն իրենց դպրոցն ու...
Առավոտ վաղ ուղեւորվում ենք Հալիձոր: Ուղեկիցներս գորիսեցիներ են: Էդիկն ու Համլետը ճանապարհին աշխատում են հնարավորինս լուսավորել հյուսիսաբնակիս` ներկայացնելով տարածաշրջանի լավ ու վատ կողմերը: Գորիսից Հալիձոր 23 կմ է: Հին աղբյուրներն այս բնակավայրը հիշատակում են Հալե-Հալիք ձեւով: Տեղանքն ի սկզբանե եղել է սրբավայր, քանի որ «հալե» բառն ունի խեթական հիմք եւ նշանակում է «զոհել»:
Ուղեկիցներիցս Էդիկը պատմում է տարածքում գտնվող սրբավայրերի մասին: Հալիձորի կիրճում անապատների հիմնումը հին պատմություն ունի: Այստեղ է գտնվում Հարսնաձորը, ուր 9-րդ դարում Շահանդուխտ իշխանուհին կուսանաց անապատ է հիմնել: Համլետն անմիջապես հիշատակում է Հալիձորի նշանավոր Հարանց մեծ անապատի մասին, որ կառուցվել է 1608-10թթ.:
Սակայն պատմությանն ու տեսարժան վայրերին վերաբերող խոսակցությունները Հալիձորին մոտենալուն զուգընթաց քիչ-քիչ մարում են` սահուն անցնելով Տաթեւի ճոպանուղուն: Ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում, մեծ քանակությամբ տեխնիկա եւ մարդիկ են հանդիպում, որոնք, անտարբեր անցուդարձին ու լրագրողական ֆոտոխցիկի առկայծումներին, իրենց գործն են անում:
Ճոպանուղու հալիձորյան հատվածը բավական տպավորիչ է: Ասֆալտապատ մայրուղին ուղղակի շլացնում է: Ձախ կողմում ձգվող երկու ճոպաններն այլեւս կասկած չեն թողնում` շուտով կսկսվի եւ այնքան սպասված օդային երթեւեկը: Մեքենան շրջադարձ է կատարում, որպեսզի մտնենք Հալիձոր: Նկատում եմ, որ Գորիսը, Շինուհայրը ու հիմա էլ Հալիձորը բարձր կետից լուսանկարելիս, երբ անցնում եմ ընդհանուր պլանի, գրեթե չի հասկացվում, թե որ բնակավայրն է. նույն բնությունն է, նույն տանիքները: «Երբ թերթում տպենք, կտարբերե՞ք»,- հարցնում եմ ուղեկիցներիս: «Մեկ է մի հող ու ջրի ժողովուրդ ենք, չտարբերենք էլ, վնաս չունի,- կատակում է Համլետը: - Համ էլ, չես իմացել, հրահանգ են իջեցրել` Հալիձորում բոլոր տները պիտի միանման կտուրներ ունենան, որ վերեւից նայողի համար սիրուն տեսարան բացվի ներքեւում: Դե, էս հոկտեմբերի 16-ի համար չեն հասցնի, բայց խոսակցություն կա, որ եկող տարվա գարնանից բոլորի տանիքները փոխելու են»: Այս գյուղը եւս, ինչպես եւ շրջակայքի մնացած 5 համայնքները, իր սպասելիքներն ունի «Տաթեւի վերածնունդ» եռամյա ծրագրից ու կառուցված ճոպանուղուց: Երբ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն օգոստոս ամսին շարադրությունների մրցույթ հայտարարեց, մասնակցեցին նաեւ հալիձորցիները: Շարադրություն գրել են նաեւ Տաթեւ գյուղի բնակիչները: Երկու գյուղում էլ եղել է 3-ական հաղթող: Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի փոխանցմամբ` երկու գյուղից մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 37 հոգի: Շարադրության թեման ճոպանուղին էր, ավելի ճիշտ` վերջինիս դերի եւ նշանակության վերաբերյալ հալիձորցիների ունեցած պատկերացումները: Մասնակիցները պետք է նաեւ անուն որոշեին ճոպանուղու համար: «Արծվի թեւեր», «Հզոր արծիվ» եւ նմանատիպ այլ ձեւակերպումներ էին առաջարկվել ճոպանուղին անվանակոչելու համար: 
«Հավանության է արժանացել «Տաթեւի թեւեր» կամ «Տաթեւեր» անունը,- տեղեկացրեց Բեկոր Փափազյանը:- Այս անունն իր մեջ կրում է հենց ճոպանուղու գաղափարը, որ երկու հսկայական թեւերի նման ձգվում է Հալիձորից Տաթեւ: Վերջնական չէ, բայց առայժմ կանգ ենք առել այդ տարբերակի վրա: Մեզ համար ուրախալի էր, որ Տաթեւ գյուղում մրցանակակիր դարձան աշակերտներ, մեկն էլ ուսանող էր»: Հալիձորում առաջին մրցանակը` համակարգիչ, ստացավ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Ամալյա Գրիգորյանը: Երկրորդ մրցանակը` ֆոտոխցիկ, բաժին հասավ նույն դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Մինա Աբրահամյանին, իսկ DVD նվագարկիչը, որ 3-րդ տեղը զբաղեցրած մասնակցի համար էր, ստացավ հալիձորցի Սանասար Դավթյանը: 
«Ուզում եք տեսնել բնության հրաշք` խնդրեմ, համեցեք Հալիձոր, Տաթեւ, ուր Բարգուշատի լեռների ներքո Որոտանի կիրճն է տարածվել հպարտ: Ահա այս տողերով էի ես սկսել իմ շարադրանքը,- ներկայացնում է մրցույթում ֆոտոխցիկ շահած մաթեմատիկայի ուսուցչուհի Մինա Աբրահամյանը: - Հետո նկարագրել եմ մեր բնության գեղեցկությունը, թե ինչպես է մարդու հոգին վեհանում նրա հետ շփվելիս, եւ գրել եմ, որ այս կիրճում ապրող մարդիկ էլ նման են այդ բնությանը` բարի, վեհանձն, ուժեղ: Հետո հին սովորույթներն եմ նկարագրել: Դե, քանի որ պիտի անուն էլ առաջարկեինք, ես աղջկաս խորհրդով գրել էի «Հալիվուդ»: Ասենք` Հալի բառն էի վերցրել մեր գյուղի անունից ու «wood» անգլերեն անտառ բառը»: 601 բնակիչ ունեցող Հալիձորում երեւի 100 հոգի կարողանա ճոպանուղու շնորհիվ աշխատանք գտնել: Ահա այսպիսի մոտավոր հաշվարկներ, ինչ-որ տեղ նաեւ իր ցանկությունն է ներկայացնում դպրոցի տնօրեն Շուշանիկ Գաբրիելյանը: «Ես ուղղակի լավատես եմ,- իր նշած թիվն է մեկնաբանում տնօրենը: - Դե, իմ ծնողներից որ 40-ն էլ աշխատանք ունենա, էլի գոհ կլինենք, այսինքն` դպրոցը կշահի: Եթե ծնողները վճարունակ լինեն, մենք էլ գոնե դասագրքերի գումարները հավաքելու ժամանակ խնդիրներ չենք ունենա»: 
Տիկին Գաբրիելյանը խոստովանում է, որ իր ցանկությունները միայն աշխատատեղերով չեն սահմանափակվում: Տնօրենը հույս ունի, որ ճոպանուղին մի օր էլ մի հարուստ բարերարի կհասցնի իրենց գյուղ, ու վերջինս գուցե ցանկություն հայտնի օժանդակել դպրոցի շենքի վերանորոգման հարցում: «Մյուս հույսս էլ էն է, որ հոկտեմբերի 16-ին մեր նախագահն ու վարչապետը, որ ճոպանուղով գնալուց լինեն Տաթեւ, մեր գյուղի վրայով են անցնելու, հենց դպրոցի վրայով: Լավ կլիներ, որ էդ ժամանակ ներքեւ նայեին. գուցե նկատեին, թե որքան խղճուկ վիճակում է մեր դպրոցը»,- հույս է փայփայում Շուշանիկ Գաբրիելյանը: Արդյոք ճոպանուղին կապահովի՞ այն քանակությամբ աշխատատեղ, որի մասին երազում են շրջակայքի 6 գյուղերի բնակիչները` առայժմ պարզ չէ: «Դուք գոնե պատկերացում ունե՞ք, թե կոնկրետ ինչ տիպի աշխատանքի մասին է խոսքը»,- հարցնում եմ ուսուցչանոցում հավաքվածներին: Պատասխանն ուսերը թոթվելն է: «Դե, մի բան կլինի, էլի,- հայավարի ենթադրում է կենսաբանության ուսուցիչ Ջիվան Զորունցը: -Մեզ ասում են` զարգացման ծրագրեր են մշակված 6 գյուղի համար: Ասում են` լավ է լինելու: Մենք էլ ենք ուզում, որ լավ լինի: Ես, օրինակ, 10 տարի է` աչք չէի բացում բանկերի տոկոսներից: Ես ԱԿԲԱ-ից էի վերցնում, կինս «Արեգակից», մեկից վերցնում մյուսի պարտքն էինք տալիս: Արդեն մի տարի է` էդ վարկերից պրծել եմ: Գյուղացին, դե գիտեք էլի, գրեթե եկամուտ չի ստանում ու ստիպված բանկի դուռն է գնում: Որ հիմա կողքից ուրիշ աշխատանք լինի, էլի որոշ չափով կապրենք: Ասում են` տներդ դարձրեք հյուրատներ: Էս գյուղում գազիֆիկացում էլ չկա: Էկողը ոնց է հարմարվելու` չգիտեմ: Ասում են` դրսի մարդկանց մինիմալ պայմաններ էլ որ ապահովեք, գոհ կլինեն: Դե, կապրենք կտեսնենք, էլի»:
Էժան հող` թանկարժեք տուրիզմի համար
Նորակառույց ճոպանուղին 3 անգամ կրճատում է Հալիձորից Տաթեւ ձգվող 15 կմ-անոց ճանապարհը: 20 մլն դոլար գնահատված «Տաթեւի վերածնունդ» եռամյա ծրագիրը ենթադրում է ճանապարհների վերանորոգում, վանական համալիրի վերակառուցում, տուրիզմի զարգացում, գյուղական համայնքների համաչափ զարգացում: Բնականաբար, ծրագրում չկա որեւէ ակնարկ այն մասին, որ փայլուն ապագայի վերաբերյալ խոստումները կարող են ուղեկցվել գյուղացիների ունեցվածքի յուրացմամբ: Այս դեպքում խոսքը վերաբերում է գերակա հանրային շահ հռչակված այն տարածքներին, որոնք «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ն հալիձորցիներից ձեռք է բերել 1 քմ-ը 83 դրամով: Հալիձորում տեղեկացանք, որ 17 հա գյուղացիական նշանակության բերքատու հողերը սեփականատերերից կազմակերպությունը գնել է կադաստրային արժեքից 20 անգամ պակաս գնով: «Գրեթե ձրի,- կատարված գործարքն այսպես գնահատեցին այն սեփականատերերը, ովքեր հողն արդեն վաճառել էին: - Ասին` էս է, կուզեք` էս է, չեք ուզի` էս է»: Սակայն Հալիձորում եղել են նաեւ ընդդիմացողներ: Վերջիններս, արդեն երկրորդ տարին է, դատական քաշքշուկների մեջ են: Հողը «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի»-ին առաջարկված գնով վաճառել չեն համաձայնվում, իրենց էլ արգելում են այն մշակել ու եկամուտ ստանալ: «Եղավ 2 տարի` ոչ էդ հողերի վրա բան են սարքում, ոչ էլ թողում են` մեզ մշակենք,- դժգոհում է Ավագ Գեւորգյանը:- Լավ, բերքատու հող է, իմ ապրուստի միակ միջոցը, որ ուզում են ձրի տիրանան: 4 հա 7 հազար մետր հող էլ ունեմ, թող գան, ձրի տամ իրանց: Ես դրանք ոչ կարում եմ մշակել, ոչ էլ էդ հողից հնարավոր է եկամուտ ստանալ, բայց իրանք վերցնում են իմ լավագույն տարածքն ու ուզում են չնչին կոպեկներով վարձահատույց լինեն»: Ի դեպ, բողոքողներին զգուշացրել են, որ լուռ մնան, դատարան չդիմեն, աղմուկ չբարձրացնեն: Ավագ Գեւորգյանն ասում է` մի քանի անգամ գրություն ենք ստացել, որով զգուշացրել են չբողոքել ու սուսուփուս համաձայնվել առաջարկված պայմաններին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել