
Դատարանը մերժեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հայցն ընդդեմ ՀՌԱՀ- ի
Այսօր ՀՀ վարչական դատարանի վճռով մերժվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) հայցն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի:
Հիշեցնենք, որ հայցպահանջն էր` պատասխանողի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել և պարտավորեցնել տրամադրել 21.02.2011թ Ել. N-30 գրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Վճիռը, ինչպես հարկն է, դատավորի կողմից չհրապարակվեց, այլ միայն տրամադրվեց կողմերին այն պատճառաբանությամբ, թե համակարգի հետ կապված խնդիրներ կան:
Հայցվորի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանը հայտնեց, որ, փաստորեն, իրենց պնդումները այն մասին, թե արդյոք պատասխանողի փաստաթղթերը առևտրային գաղտնիք են պարունակում, դատարանին հետաքրքիր չէ: Դատարանը հավատում է պատասխանողին`պետական մարմնի ներկայացուցչին, և միայն նրա խոսքի հիման վրա է վճիռ կայացնում:
Փաստաբանը շարունակեց` ասելով, որ համաձայն Վարչական դատավարության օրենսգրքի` դատարանը գործի փաստերը պարզում է ի պաշտոնե, ինչը նշանակում է, որ, ի տարբերություն Քաղաքացիական դատարանի, որտեղ դատարանը գործի փաստերը պարզում է միայն կողմերի բերած ապացույցների հիման վրա, Վարչական դատարանը պետք է պարզի, թե պատասխանողի կողմից նշված առևտրային գաղտնիք պարունակող փաստաթղթերը արդյոք պարունակում են գաղտնիք, թե ոչ:
Սակայն տեղի է ունեցել հակառակը, այն է` պետական մարմնի այն հայտարարությունը, որ պահանջվող փաստաթղթերը պարունակում են առևտրային և անձնական գաղտնիք, բավական է եղել դատաարանին հայցը մերժելու համար` դրանով խախտելով խոսքի ազատության իրավունքը:
Հարցին, թե բողոքարկելու են դատարանի վճիռը, փաստաբան Սաֆարյանը դրական պատասխանեց. «Միանշանակ պետք է բողոքարկել»:
Մեկնաբանել