HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Հայրենիքի սերը` տորոնագույն գորգերի մեջ

Նրա շնորհները բազմաթիվ են. ինչին ձեռք է մեկնում, դառնում է արվեստի գործ: Ուսուցչուհի է, գրում է պիեսներ, բանաստեղծություններ, ներկայացումներ բեմադրում, նկարում է, գորգագործությամբ, փայտագործությամբ զբաղվում, դաշնամուր է նվագում, բազմապիսի ծաղիկներ աճեցնում: Տավուշի մարզի անտառապատ, գեղատեսիլ, փոքրիկ Ջուջեւան գյուղի 63-ամյա բնակչուհի Անուշ Ալեքսանյանն արդեն 44 տարի հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում տեղի դպրոցում: «Ստեղծագործող ուսուցչի» կոչում ունեցող Անուշ Ալեքսանյանի ամենահայտնի սանը Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւն է, ով Ջուջեւանում է ծնվել, մեծացել: Նա գերազանց էր սովորում: «Ընկեր Անուշը» 5 տարի հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել Շահինին: «5-րդ դասարանում էր սովորում: Մի առավոտ դասի էր եկել աչքերը կարմրած, անընդհատ աչքերը թարթում էր: Ասացի` քեզ ի՞նչ է պատահել: Շահինը պատասխանեց` ընկեր Անուշ, իմ դասընկերները` Անդրանիկն ու մյուսները, «Հայոց բերդը» կարդացել էին, ես` ոչ: Ողջ գիշերը չեմ քնել, պատմավեպն ընթերցել եմ»,- ավելի քան 30 տարվա դրվագն է հիշում վաստակաշատ ուսուցչուհին: Նա պատմում է, որ Ադրբեջանի ապագա նախարարը աշխատասեր եւ համեստ երեխա էր` ի տարբերություն քրոջ` Լալայի, ով տղաների հետ կռիվներ էր անում: Անուշ Ալեքանյանը եռանդուն է, միշտ էներգիայով լի: Նրա սեղանին ծանոթների, հայրենակիցների` տարիների վաղեմություն ունեցող դիմանկարներ են, որոնք նա նկարել է հանդիպումների, ժողովների ընթացքում: Խորհրդային տարիներից տանը միայն մի փայտե փորագրություն կա` Մարքսի, Էնգելսի, Լենինի համատեղ պատկերը: 30 տարի առաջ` սովորական մի օր, Նոյեմբերյանի կինոյի տան առաջ նա բահով փոս էր փորում: Անցորդները զարմանքով էին նայում: Տիկին Անուշը շրջկենտրոնի ամենաբանուկ մասում, առանց կաշկանդվելու, հողից հանում էր տորոն բույսը: Սկեսուրը` երջանկահիշատակ Վարսենիկն էր նրան այդ բույսի մասին պատմել: Բացատներում, լանջերում աճող տորոնը դեղամիջոց է ստամոքսի ցավի դեմ: Այն նաեւ լավ ներկանյութ է: Տիկին Անուշը հանում է դրա արմատը, չորացնում, աղում: Գորգերի թելերը սկզբում նախապատրաստում, շիբի մեջ է գցում, չորացնում: Թելերը նաեւ հոնի լուծույթի մեջ է գցում: Հետո թելերը տորոնի լուծույթի մեջ է որոշ ժամանակ եփում` նայած թելի գույնի մգությանը: «Տորոնը շատ խոր արմատներ ունի, դրա համար էլ Նոյեմբերյանում երբ մարդ է մահանում, ասում են. «Գնացել է տորոն հանելու»: Տորոնից կարմիր գույնի բոլոր, ամենանրբին երանգներն են ստացվում: Բնական ներկանյութ տորոնը հավերժական գույն է տալիս, փոխարինում որդան կարմիրին, թեեւ վերջինիս երանգներն ավելի վառ են»,- պատմում է գորգագործ վարպետը: Տիկին Անուշը գույներ ստանալու համար նաեւ ընկույզի կանաչ կեղեւ ու «իշակաթլուկ» կոչվող բույս է օգտագործում: Անուշ Ալեքսանյանի ձեռակերտ գորգերը հիրավի արվեստի գործեր են: Նա դրանք երբեք վաճառքի չի հանել: «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ», «Արտաշես եւ Սաթենիկ» գորգերը մեր հին պատմության նշանակալից դեպքերն են պատկերում: Նրա գորգերում դրվագազարդ խաչքարեր են, Մայր Հայաստանի եւ Արցախի խորհրդանշական միավորումն է, զորավար Անդրանիկի պատկերը եւ այլն: Ինքն է նկարում գորգերի էսքիզները: «4 տարի առաջ սկսել եմ «Հակ եւ Բել» գորգը: Թոռնիկներս ծնվեցին, նրանցով եմ զբաղվում, գործն առաջ չի գնում»,- ասում է տիկին Անուշը: 7 տարի առաջ մահացել է նրա ամուսինը` փայտագործ վարպետ Կոլյա Ծատուրյանը: Անուշ Ալեքսանյանը հմուտ տնտեսուհի, հոգատար տատիկ է, ամուսնացած տղա եւ աղջիկ ունի, 7 թոռ: Նա հպարտանում է, որ տղայի` Վարուժանի 4 տարեկան աղջիկն արդեն ստեղծագործում է, գեղեցիկ նկարներ արարում: Տիկին Անուշը միշտ սեր է ունեցել թատրոնի նկատմամբ: Նրա գրասեղանին շուրջ 55 տարվա վաղեմության մի լուսանկար կա, ուր նա դպրոցական ներկայացման մեջ «Քաջ Նազարի» դերակատարն է: Նրա սաներից շատերը մրցանակներ են շահել ասմունքի մրցույթներում: Նա ամեն տարի դպրոցում 2-3 ներկայացում է բեմադրում, որոնց մի մասի սցենարի հեղինակն ինքն է: Նրա բեմադրած ներկայացումները մրցանակներ են շահել տարածաշրջանային եւ մարզային փառատոներում: Ներկայացումների հասույթը հաճախ տրվել է Հայ օգնության միության բարեգործական ծրագրերին: Նա տարիներ շարունակ եղել ՀՕՄ-ի Նոյեմբերյանի տարածաշրջանի ատենապետուհին: Մոտ 10 տարի առաջ ջուջեւանցի դպրոցականները սահմանամերձ Ոսկեպար գյուղում ներկայացնում էին Անուշ Ալեքսանյանի մի պիեսը: Այն հումորով պատմում էր մի արկածախնդրի մասին, ով, տարածաշրջանի գյուղացիներից «նիսյա» վերցնելով անասունները, հեռացել էր «անգլիական ձեւով»` առանց փողը վճարելու: Պիեսի հիմքում իրական պատմություն է: Դահլիճում հանկարծ աղմուկ-աղաղակ բարձրացավ: Պարզվեց, որ հանդիսատեսների մեջ քիչ չեն պիեսի «հերոսի» նախատիպ հանդիսացող, ծնունդով ոսկեպարցի խաբեբայի հարազատները, որոնց դուր չէր եկել սյուժեն: Ասում է, որ ինքը նախկինում համոզված կոմունիստ է եղել, ինտերնացիոնալիստ: Ղարաբաղյան շարժումը վերափոխել է նրան, նրա գործերում միայն հայրենասիրական-ազգային թեմաներ են: Եղել է Հայ հեղափոխական դաշնակցության ակտիվիստներից, հետո հրաժարվել է կուսակցության անդամությունից: Իր խոսքով` ոչ թե գաղափարախոսության, այլ անձերի պատճառով: Արդեն 9 տարի` օգոստոսի 11-ին, նա Ջուջեւանում կազմակերպում է Նավասարդի տոնակատարություն: Անուշ Ալեքսանյանը երազում է, որ Հայաստանի բնակիչներն ապրեն բարեկեցիկ կյանքով, մտածեն ոչ թե նյութականի, այլ վեհի ու գեղեցիկի մասին: Նա իղձ ունի, որ իր սաների բանաստեղծությունների ու իր անտիպ գործերի ժողովածուն` «Թոթովանքը», մի օր տպագրվի: Երրորդ երազանքն է, որ օգոստոսի 11-ը դառնա պետական տոն, նշվի ողջ հայության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter