
2010 թ. առաջին 9 ամիսների ընթացքում 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ Վանաձորում շների` մարդկանց վրա հարձակվելու դեպքերն ավելացել են 14-ով. 2010-ին գրանցվել է 58 դեպք, միայն 13-ը՝ սեպտեմբեր ամսին։
2010-ի առաջին 9 ամիսներին վնասազերծվել է 1913 թափառող շուն: 2009-ի նույն ժամանակահատվածում վնասազերծվել էր 1592-ը: Առողջապահության նախարարության հիգիենիկ համաճարակային տեսչության Լոռու մարզային փորձագիտական կենտրոնի տնօրեն Կարինե Միրզոյանը հաստատում է, որ թափառող շները քաղաքում շատացել են։ «Անհանգստացնում են, հաչում են, գիշերը մթով դժվար է անցնելը։ Ահազանգ ենք ստանում բնակիչներից, բողոքում են՝ շունը հարձակվում է, շունը կծում է, շունը հաչում է, շունը աղբի մեջ է»,- ասում է։
Կ.Միրզոյանը թափառող կենդանիների դեմ պայքարի մի քանի եղանակ է նշում՝ բարեգործական հիմնադրամների միջոցով նրանց խնամքի կազմակերպում, ստերիլացում կամ ոչնչացում։ Ստերիլացման միջոցը, սակայն, ըստ նրա, Վանաձորում չի կարող գործել. այն մեծ ծախսերի հետ է կապված։
«Թափառող կենդանիներին, եթե տեր ունեն, պիտի կապել, չթողնել` թափառեն, իսկ եթե անտեր են` սպանել։ Դա է մոտեցումը»,- ասում է Կ.Միրզոյանը։
«Մենք փորձեցինք նաեւ ցանցերով բռնել, բայց արդյունք չտվեց։ Ո՞նց կարող ենք էդքանին ցանցերով բռնենք, հնարավոր չի։ Ճիշտը որսն է»,- ասում է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը։
Վանաձորում թափառող կենդանիներին վնասազերծում են սպանելու եղանակով։ Քաղաքում սրանով զբաղվող միակ ձեռնարկությունը «Երվանդ Մելքոնյան» ԱՁ-ն է։ Ձեռնարկությունն իր կատարած աշխատանքի համար վարձատրվում է համայնքապետարանից` ըստ կատարած աշխատանքի ծավալի։
Նախապես կատարվում է նախահաշվարկ, որից հետո համայնքապետարանը մրցույթ է հայտարարում: Արդեն չորրորդ տարին անընդմեջ մրցույթի միակ մասնակիցը եւ հաղթողը «Երվանդ Մելքոնյան» ԱՁ-ն է, հենց նա էլ` որպես կատարող, պայմանագիր է կնքում համայնքապետարանի հետ։ Մրցույթին ուրիշ մասնակից չլինելու պատճառով նախապես որոշված գինը չի էլ սակարկվում։
Վերջին երկու տարիներին մեկ կենդանու վնասազերծման համար նախահաշվարկված գումարը չի փոփոխվել. այն, ըստ Լյովա Մելիքյանի, կազմում է 1350 դրամ։ Ձեռնարկությունը վճարվում է` ըստ վնասազերծված կենդանիների քանակի։
Ամեն երթից հետո վնասազերծված կենդանիները բերվում են քաղաքապետարան, հաշվվում են, արձանագրվում է դրանց թիվը, ապա տեղափոխվում են Արջուտի աղբավայր, որտեղ էլ հատկացված վայրում հորվում են։ Ամսվա վերջին վերջնահաշվարկ է արվում, կազմվում է ակտ, եւ կատարվում է վճարում։
2010-ին թափառող կենդանիների վնասազերծման համար բյուջով նախատեսվել էր 3 մլն 600 հազար դրամ։ Տարին չավարտված՝ նշված գումարն արդեն ծախսվել է, իսկ քաղաքապետարանի կոմունալ բաժինը նշված գումարի 20%-ի չափով պահանջագիր է ներկայացրել քաղաքապետին։ «Երվանդ Մելքոնյան» ԱՁ-ն 3 մլն 600 հազար դրամն ստացել է 1913 վնասազերծված կենդանու համար։
Ըստ թվաբանության՝ յուրաքանչյուր կենդանու համար ձեռնարկությանը վճարվել է 1880 դրամ՝ միավորի համար նախահաշվարկված 1350-ի փոխարեն։ Այսինքն՝ պատվիրատուն նախատեսվածից շատ է վճարել կատարողին։
2009-ի առաջին 9 ամիսների ընթացքում վնասազերծված 1911 կենդանու համար էլ ձեռնարկությանը վճարվել է 3 մլն 595 հազար, այսինքն՝ մեկ կենդանու համար՝ դարձյալ 1880 դրամ։
«Երվանդ Մելքոնյան» ԱՁ-ի ներկայացուցիչ Արմեն Գոգինյանը չի ժխտում, որ մեկ կենդանու համար քաղաքապետարանը ձեռնարկությանը վճարում է 1880 դրամ։
Բացատրում է, թե ինչպես է բաշխվում այդ գումարը. 1880-ից հանվում են հարկերը, տրանսպորտային ծախսերը` վառելիքի տեսքով, փամփուշտների գումարը (մեկ որսորդական փամփուշտն արժե 300-350 դրամ), մնացածը՝ 1000-1300 դրամ, տրվում է աշխատողներին՝ որպես աշխատավարձ։
Ասում է, որ քաղաքը բաժանված է երկու մասի. յուրաքանչյուրում մեկ խումբ է աշխատում՝ 2-3 աշխատողով։ Այնինչ պարզվում է՝ յուրաքանչյուր տարածք մեկ որսորդի հսկողության տակ է։
Ու նաեւ ՝ որսորդն իր ստացած 1300 դրամ աշխատավարձից է առանձնացնում փամփուշտի եւ վառելիքի գումարը։
Նախանցած ամիս որսորդ Արամ Ջուլհակյանը 5 երթ է կատարել, ընդհանուր վնասազերծվել է 112 շուն։
Նրա բուն աշխատավարձն այդ ամիս կազմել է 72 հազար դրամ, վարորդինը՝ 25 հազար։ 112 շան համար որսորդն ստացել է 145.600 դրամ (մեկ շունը՝ 1300 դրամ հաշվարկով), որից 97.000-ը, փաստորեն, մաքուր աշխատավարձն էր, իսկ 48.600 դրամն օգտագործվել վառելիքի եւ փամփուշտի համար։
112 շան համար քաղաքապետարանը նախատեսվածից ավելի է վճարել 65.000 դրամ։ Պարզվում է՝ քաղաքապետարանը անհատ ձեռնարկատիրոջ հարկերի ու տուրքերի մասին էլ է մտածում:
Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լ.Մելիքյանը նախահաշվարկած 1350 դրամի փոխարեն 1880 դրամ վճարումն այդպես էլ բացատրում է. 1350-ը միավորի արժեքն է, մնացածը՝ հարկերը։
Այսպես՝ ձեռնարկության՝ քաղաքապետարանին ներկայացրած օգոստոս-սեպտեմբեր ամիսների կատարողական ակտում նշված է 323 վնասազերծված կենդանի, որի դիմաց վճարումը կազմել է 608.000 դրամ, ակտի մեջ նշված է 10% շահութահարկ, 20% ավելացված արժեքի հարկ, 5,3% վերադիր ծախսեր։
Հավանաբար սրա մասին է ասում Ա.Գոգինյանը, որ «եթե պակասում է, քիչ է լինում, դիմում ենք քաղաքապետարան, գումարն ավելացվում է»։ (Ի դեպ, Արմեն Գոգինյանը Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի նախկին աշխատակից է, եւ 4 ամիս առաջ է տեղափոխվել այլ հիմնարկություն)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել