
Վիկտոր Դալլաքյանն ազդարարեց ընտրությունների մեկնարկը եւ ... գրանցեց պարտություն
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` բարեգործության մասին հայտնի հայտարարությունն իրականում ազդարարեց Հայաստանում նախընտրական փուլի մեկնարկը: Ոմանք ասում են, որ Վ.Դալլաքյանը դա արել է սեփական նախաձեռնությամբ: Բայց նման պատասխանատու քայլի Դալլաքյանը միայնակ դժվար դիմեր:
Դալլաքյանը փորձում է համոզել, որ Շիրվանզադեին մեջբերելիս ինքն ամենեւին նկատի չի ունեցել Գագիկ Ծառուկյանին: Հարց է ծագում` այդ դեպքում ո՞ւմ նկատի ուներ նա: Վ.Դալլաքյանն, իհարկե, սրա պատասխանը չունի, քանի որ ուրիշ մեկը չկար, ում համար նա կարող էր «զանգ հնչեցնել»: Կարող էր, չէ՞, վերցնել եւ կարդալ Մովսես Խորենացու «Ողբը»:
Քանի-քանիսին հետո պիտի համոզեր, որ նրանց նկատի չուներ: Բարդ է Դալլաքյանի վիճակը, այն երեւի այդքան ողբերգական չլիներ, եթե մեջտեղում չլիներ հիսուն հազար դոլարի պատմությունը: Նա երբեք չի էլ հերքել Ծառուկյանից հիսուն հազարը վերցնելու փաստը: Եւ կարծում եմ` իր այսօրվա ջանքերը, որոնք թափում է` հավատացնելու, թե իր հայտարարությունը Գագիկ Ծառուկյանին չէր վերաբերում, պետք է ուղղված լինեին այդ հիսուն հազարի մասին լուրերը հերքելուն:
Սա շատ էական է Դալլաքյանի իմիջի համար. եթե չես վերցրել ու հայտարարում ես բարեգործության մասին, մի մարդ ես, եթե վերցրել ու ասում ես այդ մասին` լրիվ ուրիշ ես, իսկ վերցնելու եւ հրաժարվելու դեպքում արդեն երրորդ կերպարն ես դառնում: Վ.Դալլաքյանն այդ երեք կերպարներից մեկը պետք է ընտրի: ԲՀԿ-ականներն անմիջապես պատասխանեցին Դալլաքյանին:
Նախ, քավորությունից հրաժարվեց նրա ամենամտերիմ ընկեր Վարդան Բոստանջյանը: Վերջինս կարող էր հրաժարվել ԲՀԿ-ական իր մանդատից եւ այդպես փրկել իրեն ու ընկերոջը: Բայց չարեց: Երեւի այդ մասին չի էլ հասցրել մտածել: Քաղաքականությունը զոհեր է պահանջում, եւ քավոր կորցնելը հնարավոր է` այս նախընտրականի առաջին նյութական եւ հոգեւոր կորուստն է:
Դալլաքյանին սպառիչ պատասխան տվեց անձամբ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. նա ուզում է «50+1»: Ահա սա էր Դալլաքյանի «նախընտրական ակցիայի» արդյունքը:
Մեկնաբանել