Քննարկվել է նաեւ Մեղրի ՀԷԿ-ի կառուցման նախագիծը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իրանի էներգետիկայի նախարարի այցը նոր խթան կհանդիսանա հայ-իրանական կապերի ու հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման համար։
Տ. Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններում էներգետիկայի ոլորտը միշտ եղել է առաջատարներից մեկը, որը նոր հնարավորություններ կընձեռի`այլ ոլորտներում ևս փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու։
Պարոն Մաջիդ Նամջուին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահի և ժողովրդի ողջույնները և հավաստել իր երկրի պատրաստակամությունը` Հայաստանի հետ ամրապնդելու և զարգացնելու հարաբերությունները, մասնավորապես էներգետիկայի ոլորտում։ Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են երկու երկրների էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերը, կարևորել արդեն ընթացքի մեջ գտնվող էներգետիկ խոշորագույն ծրագրերից մեկի` Մեղրի ՀԷԿ-ի կառուցման նախագիծը։
Նշելով, որ երկու երկրների` Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները տարեցտարի ավելի են սերտանում, վարչապետն ընդգծել է մինչև այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների, համագործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ երկուստեք ցուցաբերվող հետևողականությունը։
Քաղաքական համաձայնությունները, որ ամրագրվել և ամրապնդվել են երկու երկրների նախագահների միջև Իրան-Հայաստան երկաթգծի, նավթամթերքների խողովակաշարի կառուցման վերաբերյալ, ըստ Տիգրան Սարգսյանի, իրենց գործնական արտացոլումն են գտնում փոխգործակցության միջոցով։ Վարչապետը հույս է հայտնել, որ նմանատիպ ենթակառուցվածքների ստեղծումը բարենպաստ պայմաններ է ստեղծել երկու երկրների տնտեսությունների զարգացման համար։ Այդ առումով` կարևորվել է էներգետիկ ոլորտում նախատեսված ծրագրերի ժամանակին իրագործումը, որում երկու պետություններն էլ շահագրգիռ են։
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, տնտեսական համագործակցության ոլորտում փոխադարձաբար կարևորվել են պետական ու մասնավոր հատվածի համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը, մասնավորապես` ջրային տնտեսության կառավարման, ճանապարհաշինության, հեռահաղորդակցության բնագավառներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել