
ՀԷԿ է կառուցվում նաեւ Մարց գետի վրա
Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Ձաղիձոր-Աթան ճանապարհահատվածի 1կմ-ի վրա արդեն 4 տարի է, 1200-1400 տրամաչափի մեծ քանակությամբ խողովակներ են թափված, որոնք Մոտկորի 6 գյուղի` Քարինջի, Մարցի, Լորուտի, Շամուտի, Աթանի եւ Ահնիձորի բնակիչների ավտոերթեւեկության համար դժվարանցանելի են դարձրել առանց այդ էլ անբարեկարգ ու վթարային ճանապարհը:
1,5 ամիս առաջ սկսվել է այդ խովակների մոնտաժումը դեպի Մարց գյուղ գնացող ճանապարհի եզրին բացված խրամուղիների մեջ: Մարզի ճանապարհային ոստիկանությունը, սակայն, այդ տարիներին աչք է փակել երթեւեկությանը խանգարող խողովակների վրա, ինչը փաստում է, որ դրանց տերը «սովորական» մահկանացու չէ: Ըստ Մոտկորի ենթաշրջանի գյուղերի բնակիչների` խողովակները պատկանում են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին եւ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանին: Տարիներ առաջ նրանք որոշել էին այդ խողովակներով Մարց գետի վրա ՀԷԿ կառուցել: Բնակիչներն ասում են նաեւ, որ այդ խողովակները Վանաձորի կոյուղու կեղտաջրերի մաքրման կայանի խողովակներ են, որոնք ժամանակին յուրացրել են Վանաձորի քաղաքապետն ու Լոռու նախկին մարզպետը: Ոմանք հենց այս խողովակների եւ Վանաձորի մաքրման կայանի առնչությամբ հարուցված քրեական գործն են համարում Լոռու մարզի նախկին դատախազ Ալբերտ Մկրտչյանի առ այսօր չբացահայտված սպանության հիմնական վարկածը: Հոկտեմբերի 12-ին զրուցեցինք խողովակները մոնտաժող փականագործ Սեւակ Մարուքյանի հետ: «Ջուրը վերցնելու ենք Մարց գյուղի մոտից` Մարց գետից: Խողովակները մոտավորապես 5,5 կմ երկարությամբ ձգվելու են մինչեւ Ձաղիձոր: ՀԷԿ-ի շենքը կառուցվելու է Ձաղիձորի գլխավոր մայրուղու եզրին գտնվող գազի լցակայանի մոտ: Իսկ լիճը լինելու է Մարց գյուղից ներքեւ: Ո՞վ է ՀԷԿ-ի պատվիրատուն: Այ, էդ արդեն կարալ չեմ ես ասեմ: Աշխղեկ ունենք, Հովիկն է, մի քիչ վերեւվում է ինքը, նա կարա Ձեզ ասի: Այս պահին տեղադրում ենք 1400 դույմանոց խողովակներ»,- բացատրեց փականագործ Սեւակը:
Աշխղեկ Ռուբիկ Հովակիմյանը հայտնեց, որ ՀէԿ-ի շինարարական աշխատանքները իրականացնում է Վանաձորում գրանցված «Արգիշտի վեգ» ՍՊԸ-ն: Նա ասաց, որ չգիտի, թե ովքեր են ՀԷԿ-ի սեփականատերերը: «Ես չգիտեմ` ով է մեր շինարարական կազմակերպությանը պատվիրել այս ՀԷԿ-ը կառուցել»,- ասաց Ռ.Հովակիմյանը: Աշխղեկի հետ հետագա զրույցից պարզվեց, որ «Արգիշտի վեգ» ՍՊԸ-ն պատկանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին: «Սամվել Դարբինյանը ինքն է ՀԷԿ կառուցողը, իրա կազմակերպությունն է: Դա ինչ կապ ունի` ով է սարքում: Մեկը: Հետո դա ինչ կարեւոր է: Եթե ես Ձեզ հարցնեմ` ինչ սեփականություն ունեք, Դուք ինձ կպատասխանե՞ք: Ես խի՞ պետք է Ձեզ պատասխանեմ: Էսօր ո՞վ կարա ասի` Հայաստանում ինչը ումն է: Ես աշխղեկ եմ աշխատում էստեղ, ինձ հմա մեկ չի՞` ով է սարքում»,- ավելի ուշ մեր զրույցում ասաց աշխղեկը: Նա պատմեց, որ շինարարական աշխատանքները սկսվել են օգոստոսի 24-ին: Պլանով նախատեսված է շինարարական աշխատանքներն ավարտել 2 տարում, բայց «Արգիշտի վեգ» ՍՊԸ-ն որոշել է ՀԷԿ-ի աշխատանքները ավարտել 1 տարում: «2011թ. այստեղ (Ձաղիձոր-Աթան հատվածում) նոր ճանապարհ է կառուցվելու Ասիական բանկի միջոցներով: Էդ որ ասում եմ` մեկ տարի հետո պետք է ավարտենք, դրա համար ենք արագացնում, որ չխանգարենք ճանապարհի կառուցմանը»,- բացատրեց նա: ՀԷԿ-ը օգտագործելու է Մարց գետի ջրի 60 տոկոսը: Մարց գետում այսօր կան Կարմրախայտ եւ Բեղլու ձկնատեսակները: Ի՞նչ կպատահի այս ձկների հետ, երբ գետակում ջուրը 60 տոկոսով պակասի: Մոտկորի բնակիչները հասկանում են, որ Մարց գետում ձուկը կվերանա: ՀՀ ջրային օրենսգրքի 31 հոդվածի 5.1 կետը սահմանում է, որ ջրային ռեսուրսների կառավարման մարմինը ջրօգտագործման հայտերը բաշխելիս առաջնահերթությունը պետք է տա մարդկանց բարեկեցությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը: Այս առումով ՀԷԿ-ը կառուցելու համար սեփականատերը խախտել է նաեւ ՀՀ Ջրային օրենսգրքի 31 հոդվածի 6-րդ կետը եւ հասարակական լսումներ չի կազմակերպել Մոտկորի ենթաշրջանի գյուղերում: Սրա հետեւանքով մոտկորցիները տեղյակ չեն ՀԷԿ-ի կառուցման հետ կապված իրենց օգուտներին եւ վնասներին, սակայն աշխղեկ Հովակիմյանը տեղյակ էր ՀԷԿ-ի սեփականատիրոջը սպասվող օգուտների մասին: «Մարց գետի վրա մեր կողմից կառուցվող ՀԷԿ-ը տարեկան կտա 20 մլն կիլովատ էլեկտրաէներգիա: Էս ՀԷԿ-ը կառուցելու համար, բացի այն, որ դու ծախսեր ես կատարում եւ էներգիա ես ստանում` որպես մաքուր էներգիայի աղբյուր, Համաշխարհային բանկը հավելյալ փող է տալիս ներդրողներին»,- ասաց նա: Ռ.Հովակիմյանից տեղեկացանք, որ ՀԷԿ-ի կառուցման ներդրումային գումարը կազմում է 6,4 մլն դոլար: «Արգիշտի վեգ» ընկերության` ՀԷԿ-ի կառուցման համար օգտագործած խողովակների 1մ-ի շուկայական գինը 100 դոլար է: Հայտնի է, որ 1200-1400 սմ տրամաչափի խողովակներ Հայաստանում չեն արտադրվում: Աշխղեկն ասաց, որ օգտագործվող խողովակները բերել են Սեւանից, Գյումրիից ու Երեւանից: Մարց գյուղի համայնքապետ Ռոբերտ Գալստյանը համոզված է, որ ՀԷԿ-ի կառուցումից գետը չի տուժի: «ՀԷԿ-ը կառուցելը երեւի օգտակար կլինի. նախ, աշխատատեղ է: ՀԷԿ-ի կառուցումից հետո Մարց գետի ջրերի 40 տոկոսը պետք է մնա, վերցնելու են 60 տոկոս ջուրը: Նկատի ունենալով, որ աշխատատեղ կբացվի` ես դրան նորմալ եմ վերաբերվում»,- ասաց գյուղապետը: Սովորաբար նման չափի ՀԷԿ-երում աշխատում է 8-10 մարդ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Հետքին» հայտնեցին, որ Մարց գետի վրա կառուցվող ՀԷԿ-ի լիցենզիան տրված է «Արգիշտի 1» ՍՊԸ-ի անունով, որը պատկանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին: Աշխղեկ Ռուբիկ Հովակիմյանը տեղեկացրեց նաեւ, որ մեկ տարի հետո Մարց գետի վրա նույն ՍՊԸ-ն կառուցելու է 2-րդ ՀԷԿ-ը: Ավելին, 7 կետից կազմված հանգստի վայրեր են ստեղծվելու: «Այդ կետերից մեկը ՀԷԿ-երի կառուցումն է: Երկու հատ հսկայական լիճ է կառուցվելու էս ձորում»,- ասաց աշխղեկը:
Մեկնաբանել