HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղի պահպանությունն ազգային անվտանգության խնդիր է

Հայաստանի Ազգային գրադարանը շարունակում է շրջիկ գրադարանով այցելել համայնքային և գյուղական գրադարաններ: Այս անգամ գրադարանի մի քանի աշխատակիցներ տնօրինության գլխավորությամբ շրջիկ գրադարանով այցելեցին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ: Նպատակը մարզի գրադարաններին ծանոթանալն էր, գրադարանավարներին գրադարանային ժամանակակից զարգացումների մասին անհրաժեշտ տեղեկատվություն հաղորդելը, մասնագիտական հարցերը տեղում քննարկելը, գրականության նվիրատվությունը: Հայաստանի Ազգային գրադարանը Գեղարքունիքի մարզային, Մարտունու կենտրոնական, Երանոս, Գեղհովիտ, Ձորագյուղ, Լիճք գյուղերի գրադարաններին, Գավառի պետական համալսարանին նվիրեց շուրջ 580 միավոր գրականություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն: Դրանք գեղարվեստական, մասնագիտական, պատմահայրենասիրական, գրականագիտական գրքեր էին: Եվս 270 միավոր գրքեր, խտասալիկներ, ազդագրեր, ամսագրեր, այլ նյութեր նվիրեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Նա ողջունեց Ազգային գրադարանի նախաձեռնությունը` գրականությամբ համալրել գյուղական գրադարանների ֆոնդերը, քանզի ոչ բոլոր գյուղերում կա հնարավորություն` հասնել մայրաքաղաք` նվիրատվությունն ստանալու: Նա խոսեց նաև ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության գործունեության մասին: -Այսօրվա մեր նվիրատվությունը ՄԱԿ-ի գործունեությանը, ստեղծման պատմությանը, մարդու իրավունքներին նվիրված գրականություն է, դրանք կարող են հետաքրքրել աշակերտներին, ուսանողներին և հետազոտողներին,- ասաց Մ.Դոցենկոն:-Ցավալի է տեսնել, որ գրասեր հայ ազգը գյուղական վայրերում չունի գրադարան կամ դրանք շատ վատ վիճակում են: Ես կարծում եմ, որ պատկան մարմինները պետք է զբաղվեն հենց գյուղերի մշակութային կյանքի զարգացմամբ: Նա պատրաստակամություն հայտնեց` համագործակցելու Երանոսի գյուղապետարանի հետ, առաջարկեց էքսկուրսիաներ կազմակերպել աշակերտների համար: Հանդիպմանը ներկա էին գյուղապետը, շրջակա գյուղերի գրադարանավարներ: Երևանյան պատվիրակության անդամներից գրող, հրատարակիչ Արևշատ Ավագյանը, որ մի քանի գրքերի հեղինակ է, ցավով խոսեց գրադարանի վիճակի մասին: «Ինձ համար Երանոսը սիրելի գյուղ է, երանոսցիները` սիրելի մարդիկ, հրաշալի բնություն ունեք, բայց ամոթ է, որ գրադարանը նման վիճակում է, չկա գոնե գրքերի ճիշտ դասավորություն: Համախմբվեք և միասնական ուժերով լուծեք խնդիրները, ահազանգեք, այլապես ոչ ոք ուշադրություն չի դարձնի գյուղին, գրադարանին»,- մտահոգություն հայտնեց Ա.Ավագյանը: Նա նույնպես իր հեղինակած գրքերից երեքը նվիրեց Երանոսի գրադարանին: ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը խոսեց գյուղական գրադարանների մասին ընդհանրապես, որոնք մեր հանրապետությունում պատկան մարմինների կողմից հետին պլանում են: Մինչդեռ, Դ.Սարգսյանի խոսքով, գյուղական միջավայրից են ծնվում մեր մտավորականության մեծ մասը: Պատահական չէ, որ այս տարի Հայկական գրադարանային ասոցիացիան «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառման խորագիր էր ընտրել «Հայացք գյուղի գրադարանին» կարգախոսը: -Գյուղի պահպանությունն ազգային անվտանգության խնդիր է, գյուղի պահպանման համապարփակ ծրագիր է պետք ստեղծել, այստեղ է պահպանվում հայի տեսակը, մեր հեքիաթը, ծեսը, ժողովրդական բարբառը: Եթե կորցնենք գյուղը, կկորցնենք ազգային նկարագիրը, գյուղերի համար պետությունը հատուկ պայմաններ պիտի ստեղծի: Գյուղը պիտի մշակույթ ունենա, համալրվի նոր գրքերով, թերթերով, ապահովվի ինտերնետ կապով, գյուղական միջավայրից է ծնվում մեր ստեղծագործական ներուժը: Իսկ դա իր հերթին ապահովում է գրադարանը: Պատկերացրեք, եթե Ջաջուռի գրադարանը չի գործում, քանի՞ մինասներ ենք կորցնում, Բյուրականում եթե չի գործում, քանի համբարձումյաններ են կորցնում,-ասաց Դավիթ Սարգսյանը: Նա նաև կոչ արեց գրադարանավարներին` լինել ակտիվ, անընդհատ իրենց խնդիրներով «անհանգստացնել» ղեկավարությանը, քննարկումներ, հանդիպումներ, բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպել, աշխուժացնել գյուղի մշակութային կյանքը, անդամագրվել Հայկական գրադարանային ասոցիացիային, որի միջոցով հնարավոր կլինի լուծել խնդիրներ: ՀԱԳ փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը խոսեց մեր երկրում գրադարանների վիճակագրության մասին, ըստ որոնց, այս մարզում ևս մեծ թվով գրադարաններ փակվել են, մասնագիտական խորհուրդներ տվեց գրադարանավարներին: «Այսօր շատ հաճախ գյուղապետերը փակում են գրադարանները կամ դրանք միացնում դպրոցական գրադարաններին: Մինչդեռ այդ գրադարանները տարբեր խնդիրներ, գործառույթներ ունեն և չեն կարող փոխարինել մեկը մյուսին»,-ասաց Ռ.Ղազարյանը: Նա նշեց, որ Հայաստանի Ազգային գրադարանը պատրաստակամ է օգնել գրադարանին` ցանկացած հարցում, սակայն կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն տեղի ղեկավարության աջակցությամբ: Նա գրադարանի պատասխանատուին հորդորեց գալ Հայաստանի Ազգային գրադարան, սովորել մասնագիտական շատ աշխատանքներ: Ռաֆիկ Ղազարյանը խոսեց այն մասին, որ կառավարությունը վերջին շրջանում մարզային գրադարանների վերանորոգման աշխատանքներ է իրականացնում, սակայն գուղական գրադարանների հետ կապված ծրագրեր չկան: Գյուղի գրադարանը հիմնադրվել է 1948թ.: Երկար դեգերումներից հետո 1997թ. այն հանգրվանել է գյուղի մշակույթի տան շենքում: Մինչ այդ գործել է նույնիսկ տան մեջ: Շուրջ 24 տարի է, որ Աշխեն Հարությունյանը գրադարանում է աշխատում, արդեն հինգ տարի է, որ տնօրենն է և չի հիշում մի դեպք, երբ գրադարանը համալրվի նոր գրքերով: Միայն 2009թ. մարզային գրադարանը շուրջ 40 միավոր գիրք է նվիրել գյուղի գրադարանին: Թերթեր ընդհանրապես չի ստանում, ընդհանուր ֆոնդը 17 հազար է, որտեղ մեծ թիվ է կազմում կոմունիստական շրջանի գաղափարական բովանդակությամբ գրականությունը: Իսկ ընթերցողների մեծ մասը ուսանողներ են և աշակերտներ, որոնց ընթերցողական պահանջները պետք է բավարարի հենց գյուղի գրադարանը, նրանց ուղղորդի գրադարանավարը: «Գյուղապետարանը հնարավորություն չունի բաժանորդագրվելու թերթեր, սակայն ունենք «Սովետական Հայաստան», «ԿՐՈՉՊՈ» թերթերի հավաքածուները: Չունենք ինտերնետ կապ»,- ասում է գրադարանի տնօրենը: Այստեղ, ինչպես գրեթե բոլոր գյուղերում, գրադարանի վիճակն անմխիթար էր: Այն տեղակայված է գյուղի մշակույթի տան մի սենյակում: Մշակույթի տունը հիմնադրման օրից ի վեր /1988թ./ չի վերանորոգվել և գտնվում էր վատթար վիճակում: Անձրևաջրերն ամբողջովին քայքայել էին շենքի պատերը, առաստաղները: Միջոցառումների հսկա դահլիճը խոնավությունից և անգործությունից նույնպես վատթար վիճակում էր գտնվում: Առաջին հայացքից շենքը նմանվում է վաղուց ի վեր անգործության մատնված գործարանի: «Մշակույթի տան շենքի վերանորոգման համար դիմել ենք տարբեր տեղեր` Մշակույթի նախարարությանը, «Հայաստան» հիմնադրամին, տարբեր բարեգործական ընկերությունների, սակայն ոչ ոք չի արձագանքել մեր խնդրանքին»,- ասում է տնօրեն Դավիթ Ղազարյանը: Իսկ գյուղ տանող ճանապարհն իսկական պատուհաս է մեքենա ունեցողների համար: Մինչդեռ Երանոսը հայտնի է ջիփերի և պարսպապատ դղյակների «առյուծապաշտ» տերերով, որոնք իրենց անմատչելի տների պատերը զարդարել են առյուծի մեծ ու փոքր գլուխներով: Դրանք, ինչպես նշեց գյուղապետը, կառուցվել են արտագնա աշխատանքի վաստակի շնորհիվ: Մշակութային հիմնախնդիրների նկատմամբ անտարբերությունը դրսևորվել է հատկապես գրադարանի նկատմամբ. նախկինում գործող երկու գրադարանները գյուղապետը միավորել է, իսկ այդ մեկն էլ գտնվում է անմխիթար վիճակում: Միայն 2009թ. մշակույթի տան նորանշանակ տնօրեն Դավիթ Ղազարյանը փորձում է աշխուժացնել գյուղի մշակութային առօրյան: Գեղարքունիքի մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ Արմինե Ավետիսյանը հավաստիացնում է, որ իրենց գրադարանն ապրում է գրամշակութային ակտիվ կյանքով: Կա ինտերնետ կապ, պարբերաբար համալրվում է, անհրաժեշտության դեպքում մարզային գրադարանը պատրաստ է մեթոդական, մասնագիտական օգնություն ցույց տալ մարզի գյուղական գրադարաններին: Միակ խնդիրն, ըստ Ա.Ավետիսյանի, շենքային անբավարար պայմաններն են: Երանոս գյուղը Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակով 5-րդն է, ունի 6.100 բնակիչ: Հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, որն ըստ գյուղապետ Գագիկ Խանսանամյանի, այսօր իրեն չի արդարացնում. բնակչության 35 տոկոսը դրսում է: «Աշխատուժի մեծ մասը` 90 տոկոսից ավելին, դրսում է, արտագնա աշխատանքի և եկամուտի հիմնական մասը ապահովում են դրա շնորհիվ»,- հանդիպման ժամանակ նշեց գյուղապետը: Ըստ նրա, շատ լավ է, որ եկամուտով է ապահովվում ընտանիքը, բացասականն այն է, որ երիտասարդության մեծ մասը, ձգտելով արտագնա աշխատանքի, աչքաթող է անում ուսումը, արհեստը: -Գյուղում ապրող երանոսցիները փորձում են իրենց տնտեսությունները մշակել, սակայն տարածքում առկա է ոռոգման ջրի խնդիր, բացի դրանից, մեխանիզացիայի վիճակը հեռու է բավարար և մատչելի լինելուց, ինչն էլ պատճառ է դառնում գյուղատնտեսական հողերի մի մասի չմշակման համար,- ասաց Գ.Խանսանամյանը: Այս տարի գյուղապետարանի բյուջեից 10 միլիոն դրամ գյուղապետը տրամադրել է մշակույթի տան տանիքի վերանորոգմանը, որպեսզի գոնե անձրևաջրերը չլցվեն ներս: Այս տարի կվերանորոգվի նաև մարզադահլիճը: Սակայն հիմնանորոգումն անհրաժեշտ է, որի համար գյուղապետարանը չունի անհրաժեշտ միջոցներ: Մշակույթի տանը այսօր գործում են երգի, պարի, սպորտի խմբակներ: Հատկապես սպորտի բնագավառում Երանոսը մեծ հաջողությունների է հասել, այդ են վկայում Մշակույթի տան սենյակներից մեկում հավաքված պատվոգրերը, գովասանագրերն ու շնորհակալագրերը, մեդալները, գավաթները: Դրանք երանոսցի չեմպիոնները ստացել են հայաստանյան և արտասահմանյան տարբեր մրցույթների ժամանակ: Գ.Խանսանամյանը հանդիպման ժամանակ խոստացավ Դ.Ղազարյանի հետ համատեղ ավելի աշխուժացնել գյուղի մշակութային կյանքը, շտկել առկա բացթողումները, համագործակցել Հայաստանի Ազգային գրադարանի հետ: Գոհար Ջուլհակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter