Հատված «Թանգարանի զինվորը» գրքից
Շահեն Խաչատրյան
Անսպասելի հարված
1995 թվականին պատկերասրահի դահլիճների ծանր վիճակն այլեւս հանդուրժել անհնար էր: Պահանջում էր շտապ վերացնել այն թերությունները, որոնք ժամանակին թույլ էին տրվել շինարարության ընքացքում: Անհրաժեշտ էր վերանորոգել տանիքը, մաքրել առաստաղի անկյունները, որտեղից նկարների վրա հաճախ թափվում էին քարերի փշրանք ու ավազ:
Միակ ելքը սեփական ուժերով գործի լծվելն էր... Նորոգման աշխատանքները սկսեցինք վերին` ութերորդ հարկից: Նախ մի կողմի դահլիճների ցուցադրանքը տեղափոխում էինք հանդիպակաց կողմ: Գործն ավարտելուց հետո ցուցադրանքը վերականգնվում էր, եւ սկսում էինք աշխատել մյուս դատարկված դահլիճներում: Այսպես հետզհետե իջնում էինք ներքեւ: Երբ վերականգնում էինք հայկական արվեստի բաժնի ցուցադրանքը հինգերորդ հարկում, բացահայտվեց անսպասելի ու չափազանց ծանր հարված` անհետացել էր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ՙՀրաձգարան՚ փոքրիկ կտավը: Հետո հայտնաբերվեց, որ բացակայում է եւս երեք աշխատանք` Վահան Գայֆեջյանի «Կարելիս», Հակոբ Կոջոյանի «Գեղարդ. Քարայրներ» եւ Հակոբ Հակոբյանի «Սխտորներ» նատյուրմորտը: Որոնումները ոչ մի արդյունք չտվին: Մինչ օրս էլ վստահ եմ, որ այդ փոքրաչափ գործերի կողոպուտը ներսի մարդու ձեռքով էր արված: Հաշտվել այդ կորստյան հետ չէի կարող եւ ինքս ինձ խոսք տվեցի գտնել համարժեք փոխհատուցում: Բարեկամներիս ինքնակամ օգնության շնորհիվ կարողացա իրականացնել մտադրությունս: Այստեղ դուք կտեսնեք ինչպես գողացված, այնպես էլ դրանց փոխարինված համարժեք աշխատանքները (Շահեն Խաչատրյանն իր գրքում ներկայացրել է բոլոր գողացված եւ որպես փոխհատուցում հանձնված նկարների պատկերները - խմբ.)... Թեեւ վերքը, թվում էր, սպիանում էր, բայց մոռանալ անկարելի էր: Այդ հարցում ակամա մշտարթուն էի, եւ ահա մի քանի ամիս անց ձեռքս ընկավ ԱՄՆ-ում հրատարակվող ՙՄուսա՚ հանդեսը: Թերթում էի եւ հանկարծ զարմանքով տեսա մեր «Հրաձգարանի» վերատպությունը` «Գալստյանի հավաքածու» ծանոթագրությամբ: Հայտնվելով Նահանգներում` անհապաղ դիմեցի հանդեսի խմբագիր, նախկին երեւանցի Ն. Պետրոսյանին: Սկզբում թվաց, որ ուզում է անկեղծորեն օգնել ինձ: Խոստացավ գտնել գողացված նկարը (կարծես տեղը չգիտեր...), իմանալ, թե սեփականատերը ինչքանով է գնել, ապա` նկարը անձամբ բերել Երեւան: Ի՜նչ խոստում, երբ Լոս-Անջելեսում մնալուս մեկ շաբաթվա ընթացքում նրա հեռախոսը մնաց լուռ: Համենայնդեպս, ապարդյուն սպասեցի: Ի վերջո, կրկին դիմեցի իրավապահ մարմիններին` հայտնելով բոլոր նոր տվյալները: Ավա՜ղ, դա եւս ոչնչի չհանգեցրեց...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել